Անշարժ գույքի գները չեն նվազում․ գնում են կարգավորման․ շուկայի մասնագետ
Մայրաքաղաքում անշարժ գույքի առաջնային շուկայում առքուվաճառքի ակտիվությունը թեև տարեվերջին շարունակում էր պահպանվել՝ հիմնականում եկամտահարկի վերադարձի օրենքի վերջին ազդեցությամբ, սակայն շուկան մեծ ակնկալիքներ չունի 2025 թվականից։
Մասնագետներն այս տարում կանխատեսում են անկումային ցուցանիշներ՝ նկատելով, որ շինարարության տեմպերը գուցե պահպանվեն, բայց վաճառքը կնվազի՝ դարձյալ պայմանավորված մայրաքաղաքում հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգի չեղարկմամբ։ Վերջինս գործում էր շուրջ 8 տարի, իսկ 2025 թվականից կգործի միայն մարզերում, ինչն էլ կնպաստի Երևանից դուրս շինարարության աճին։
Ի դեպ, անշարժ գույքի շուկայի մասնագետների շրջանում տեսակետ կա, որ մայրաքաղաքում պահանջարկի նվազման դեպքում անգամ՝ գների էական նվազում չի լինի․ գները չեն կարող շատ նվազել, քանի որ մյուս կողմից էլ ավելանում են հարկերն ու տուրքերը։
Քանի որ վերջին շրջանում հանրային տարբեր շրջանակներ նշում են անշարժ գույքի՝ վարձակալության, առքուվաճառքի շուկաներում գների նվազման միտումների մասին, 168․am-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի հետ։
«Վարձակալության շուկայում գները կարգավորվում են, ոչ թե նվազում են․ ռուս-ուկրաինական պատերազմով ու Արցախում բռնի տեղահանությամբ մեծ միգրացիա ունեցանք դեպի Հայաստան, ինչի հետևանքով գնային բարձրացում արձանագրվեց, իսկ այժմ կարգավորման փուլում են»,- արձանագրեց Անդրանիկ Հարությունովը՝ նկատառմամբ, որ այժմ ռելոկանտների թվի նվազմամբ, Արցախի մեր հայրենակիցների՝ Հայաստանում համաչափ բաշխվածությամբ պայմանավորված է գնային կարգավորումը տեղի ունենում,- Նախկինում կենտրոնացած էին Երևանի վրա, այժմ շատերը գնացել են Գյումրի, Ծաղկաձոր, Դիլիջան և այլն»։
Անշարժ գույքի շուկայի մասնագետի դիտարկմամբ՝ այսօր մոտենում են այն գներին, որը կար մինչև այդ իրադարձությունները։
«Իսկ այդ ժամանակ նույնիսկ կրկնակի ու կրկնակիից ավելի թանկացում կար, իսկ այժմ գնային կարգավորում է տեղի ունենում շուկայում,- հավելեց նա՝ համամիտ չլինելով կանխատեսումների հետ, թե անշարժ գույքի շուկան պայթում է,- Մեր շուկան ամեն տարի իր կայուն գնաճն ուներ, թեև քիչ, բայց աննախադեպ իրավիճակում շեշտակի բարձրացման ականատես եղանք ռելոկանտների մուտքով»։
Անդրանիկ Հարությունովն ամփոփելով՝ նկատեց, որ այս պահին կա անշարժ գույքի վարձակալության շուկա, որի գներն արդեն գալիս են սկզբնակետին, որից գնացել են գերարժևորման, կա երկրորդային շուկա, որտեղ դեռ պահպանվում են բարձր գները, և առաջնային շուկա, որտեղ տարիներ շարունակ գործում էր եկամտահարկի օրենքը, որն այս տարվանից դադարեց գործել։
Առհասարակ, Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման բանաձևը մասնագետը տեսնում է Հայաստանի շուկան միջազգայնացնելու տրամաբանության մեջ՝ շեշտելով, որ պետք է պետությունն ու ոլորտում գործունեություն ծավալողներն աշխատեն այդ ուղղությամբ։