
Թուրքի հետ ապրելը անհնարին ա, փայտը ձեռիդ պիտի ման գաս. Ալիևը ոտը դրել ա գազին, ի՞նչ խաղաղություն
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները դժգոհ են ոչ միայն գյուղացու կյանքից, այլև երկրում տեղի ունեցողից․ նկարահանող խումբը զրուցել է 2 արագածավանցու հետ, լսել մտահոգությունները, վեր հանել գյուղացիների պատկերացումները՝ անվտանգ ապրելու, երկրի ապագայի մասին։
Գյուղացիները զրույցում նշում են՝ քաղաքականությամբ չեն զբաղվում․ «Մեր ձեռքից ի՞նչ է գալիս որ․ մենք որ ասենք՝ Ղարաբաղը մերն է, կասեն՝ յա՜, ձենդ կտրի՛»։
Զրուցակիցներից մեկը, ով արմատներով Արցախից է, ցավով է պատմում, որ որոշել էր վերադառնալ Մարտակերտ, սակայն տեղի ունեցավ Արցախի բռնի տեղահանումը․ «Մինչև մեր գնալը, իրենք եկան՝ հարազատներս, բարեկամներս, որը՝ վիրավոր, որը՝ ոչ, մահացածներին թողին էնտեղ, եկան։ Սաղ կորցրած»։
Երկրի անվտանգության, խոստացված խաղաղության մասին հայտարարություններին չեն վստահում արագածավանցիները։
«Օր օրի վրա վախեցած քնում ենք, ելնում․ երկրի դրությունը լավ չի, մենք ի՞նչ անենք, մեր ձեռքից ի՞նչ է գալիս։ Բոլորն ասում են՝ խաղաղություն, Ալիևն էլ ոտը դրել է գազին, տոռմուզ էլ չունի, սեղմում է։ Դե գնա՛ դիմացի։ Մենք էլ՝ անտեր շան պես, մեզ էլ ձեռք բռնող չկա։
Ոնց որ Ղարաբաղի մասին ենք ցավում, այնպես էլ Սյունիքի համար ենք ցավում։ Թուրքիան 30 տարի է կլինի՝ ճանապարհները փակել է, չեն ասում՝ հլը դու բաց, նոր ինձ կարգադրի բացել։
Ես չեմ ուզում ձեռք տան մեր Սյունիքին»,- ասաց բնակիչներից մեկը։
Մյուսն էլ ցավով հիշեց, թե Արցախում ինչպես են գոյատևել ադրբեջանցիների կողքին։
«Ես կուշտ եմ, թուրքի մեջ ապրել եմ, թուրքի հետ անհնար է․ պետք է փայտը ձեռքիդ միշտ ման գաս։
Մարտակերտից Ստեփանակերտ ուսանում էինք, մեր ավտոբուսները Աղդամով էին գնում, նրանք քարկոծում էին։ Որը հասնում էր Ստեփանակերտ, ուրախանում էինք․ դրանց հետ անհնարին է,- ասաց նա, իսկ համագյուղացի ընկերն էլ հավելեց, որ թուրքերի ասելով ապրելը բարդ է լինելու,- Ես իմ ապրածից գոհ եմ, բայց մեր թոռները հիմա չեն կարող ապրել»։
Զրուցակիցները ցավով են արձանագրում նաև հասարակության մեջ առկա խնդիրները, անտարբերությունը։
«Ժողովուրդը բթացել է, դպրոցը դպրոցի նման չէ։ Ի՞նչ ծնող, ի՞նչ բան՝ ո՞վ է բանի տեղ դնում հիմա։ Հայ ազգը լրիվ վարի է գնում։ Մեկը մեկի ապրելը չի ուզում»,- նշում են նրանք։
Արագածավանցիները նաև դժգոհում են տնտեսական վիճակից ու թանկացումներից։
«Ջուրը թանկացնում են, անասուն պահող չկա, հողով երեխա չի պահվում։ Ծիրանը մերոնք քաղում են, ի՞նչ օգուտ են ստանում․ գին էլ չունի, տանջվում-տանջվում, դատարկ նստում է ժողովուրդը։ Ջուրը սկզբում 15 հազար էր, հիմա մանր-մանր դարձնում են հեկտարը 20 հազար։ Ամեն ինչ թանկացել է։
Տակ ենք տալիս, թոշակը ստանում տալիս ենք․ թոշակով ապրե՞մ, թե՞ պարարտանյութ առնեմ, սալյարկա առնե՞մ, պրեսի փողը տամ․ ո՞րն անեմ։ 40 հազարն ի՞նչ փող է։ Բա որ հանկարծ գլխացավի դեղ առար, ճնշման դեղ առար-խմեցիր, սոված պետք է մեռնես։ Ես երկու օր հաց չեմ ուտում, որ ճնշման դեղ առնեմ։ Գյուղացու օրը դժվար է»,- մանրամասնեցին գյուղացիները։
Մանրամասները՝ տեսանյութում