Անշարժ գույքի առաջնային շուկայում մինչև տարվերջ կլինի գերխտացված պահանջարկ, երկրորդային շուկան գնում է գնային կարգավորման. Անդրանիկ Հարությունով
«Առաջնային շուկայում՝ այս տարի վերջանում է եկամտահարկի վերադարձի օրենքը, որը մեծ պահանջարկ է վայելում, քանի որ, փաստացի, ստացվում է անտոկոս հիփոթեքային վարկավորում։ Ու Երևան քաղաքում ծրագրի ավարտով պայմանավորված՝ այն մարդիկ, որոնք որոշել էին հաջորդող տարիներին բնակարաններ ձեռք բերել, իրենք շտապում են՝ և փորձում են այս տարի կատարել գնումը, ինչի հետևանքով՝ մինչև տարեվերջ շուկայում գերխտացված, մեծ պահանջարկ է լինելու,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով անշարժ գույքի շուկայի վերջին միտումներին՝ նշեց ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը՝ արձանագրելով,- Առաջնային շուկայում այժմ շատ մեծ ակտիվություն է»։
Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015թ-ից։ 2021թ․ սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից․ 2025թ․-ից՝ ամբողջ Երևանում ծրագիրը կդադարի գործել։ 2023 թվականն ամփոփվել է մոտ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022թ. թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է մոտ 80 մլրդ դրամ:
Երկրորդային շուկայում (հին բնակֆոնդը) առկա իրավիճակի մասին իր դիտարկումներում Անդրանիկ Հարությունովն առանձնացրեց մի քանի գործոններ։
«Երկրորդային շուկայում պատկերը հետևյալն է՝ վերջին երկու տարիների ընթացքում, պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, շուկան ակտիվ էր, որովհետև ռելոկանտների մեծ ներհոսք էր, ու շատ մարդիկ գնում էին ու վարձակալում էին բնակարաններ։ Սրա ֆոնին շուկայում մեծ պահանջարկ էր ձևավորվել, իսկ մեծ պահանջարկը հանգեցնում է գնաճի։
Բայց այժմ՝ հատկապես վերջին 6 ամիսների ընթացքում, քանի որ այդ ակտիվությունն արդեն չկա, շուկան գնում է կարգավորման, այսինքն՝ գները վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին (ինչը ձևավորվել էր մինչ այդ հակամարտությունը եղած ՀՀ անշարժ գույքի շուկայում եղած պահանջարկով)»,- մանրամասնեց մասնագետը։
Քանի որ Կադաստրի կոմիտեն հրապարակել էր անշարժ գույքի շուկայի հուլիս ամսի վերլուծությունը, ըստ որի՝ Երևանի անշարժ գույքի շուկայի երկու թանկ հատվածներում բնակարաններն էժանացել են (խոսքն Արաբկիր և Կենտրոն համայնքների մասին է), անշարժ գույքի շուկայի մասնագետին խնդրեցինք անդրադառնալ այս երևույթի պատճառներին։
«Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունը խեղաթյուրված է, ինչն ունի տեխնիկական պատճառներ,- ի պատասխան՝ նկատեց Անդրանիկ Հարությունովը՝ պարզաբանելով,- Իրենք վիճակագրության մեջ ներառում են նաև նախկինում եղած տրված գնման իրավունքները, որոնք այս տարի դարձել են սեփականության վկայական, ավտոմատ դարձել են առքուվաճառք, ու իրենց գներով հանդերձ՝ ազդում են վիճակագրության վրա։ Օրինակ, 3 տարի առաջ եղած գինն այս տարվա վիճակագրության մեջ է մտել»։
Նա հավելեց՝ այս առնչությամբ ասոցիացիան քննարկումներ է ունեցել նաև Կադաստրի Կոմիտեի նախագահի հետ, ներկայացրել առաջարկներ։