
Հոգևոր ընթերցանություն աղոթքից առաջ

– Հա՛յր, սիրտս չի ուրախանում աղոթելու մտքից: Երբ տեսնում եմ, որ ժամանակն անցնում է, իսկ ես ոչինչ չեմ անում, սկսում եմ թախծել ու վհատվել:
– Ընթերցո՞ւմ ես աղոթքից առաջ:
– Սովորաբար ոչ:
– Ինչո՞ւ: Մի՞թե չենք խոսել այն մասին, որ նախքան աղոթքը պետք է կարդալ, որպեսզի սիրտը քաղցրանա: Հոգևոր սնունդ չես ստանում, դրա համար էլ բերկրանք չես զգում: Աղոթքից առաջ Սուրբ Գրքից կամ «Հայսմավուրքից» մի փոքր ընթերցելը՝ անգամ երկու-երեք տող, ջերմացնում ու քաղցրացնում է սիրտը, և ախորժակ գրգռում հոգևորի նկատմամբ: Կենցաղային հոգսերը նահանջում են, և միտքը ուղղվում է աստվածայինին: «Հայսմավուրքը» քեզ տեղափոխում է անապատներ, և զգում ես, որ սուրբ հայրերի կողքին ես գտնվում[…]
– Հա՛յր, ես հայրաբանական գրքերի ընթերցանությանն ավելի շատ ժամանակ եմ հատկացնում, քան աղոթքին:
– Ավելի քիչ կարդա, բայց ավելի շատ քննիր քեզ ամեն օր և ավելի շատ աղոթիր: Այլապես, միայն ընթերցանությամբ, մարդը պտուղ չի տալիս, եթե չսկսի ջանք թափել ու չստանա Աստծու օգնությունն ու շնորհը: Հայրաբանական գրքերի ընթերցանությունն օգնում է այն ժամանակ, երբ նախորդում է աղոթքին: Ուստի կարդա այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի հակվես աղոթքի:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը