Սալյուտը կարող է հանգեցնել ձեռքի պոկվելուն․ արժե՞ 5 րոպեի համար ռիսկի տակ դնել երեխայի առողջությունը

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ և այս ընթացքում շատ են արձանագրվում պայթուցիկների պայթեցման հետևանքով վնասման, անգամ անդամահատման դեպքեր։ Ինչպե՞ս խուսափել դժբախտությունից։ Այս մասին զրուցել ենք Պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Առողջապահության Ազգային Ինստիտուտի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս
Զաքար Խոջաբաղյան

Գրեթե ամեն տարի, հատկապես դեկտեմբեր-հունվար ամիսներին, լսում ենք մեծ մասամբ երեխաների շրջանում վնասվածքներ ստանալու մասին։ Ինչո՞ւ դաս չենք քաղում։

Ճայթռուկներ, պայթուցիկ սարքեր օգտագործում են նաև այլ միջոցառումների ժամանակ, սակայն առավել շատ ամանորյա տոներին, և անվտանգության կանոններին չհետևելը կարող է հանգեցնել համապատասխան հետևանքների՝ ընդհուպ անդամահատման դեպքերի։ Երևի պետական վերահսկողության և կրթական ծրագրերի կարիք կա։ Ինչպես կոլեգաներից մեկն էր ժամանակին նշել՝ Ամանորին, երբ պետական այրերն իրենց ուղերձն են հղում, դրանից կես ժամ առաջ պետք է միկրովիրաբույժները խոսեն, պատմեն անվտանգության կանոնների մասին։

Վերջերս դժբախտ դեպք էր պատահել մեծահասակներից մեկի մոտ։ Ասում է՝ վերցնում եմ բենգալյան կրակը, օգտագործման կանոնները հայերեն գրված չեն, չինարեն է, ու ինքը չի իմացել, որ այն պետք է դնել հեռու տեղ, ոչ թե պահել ձեռքում։ Սա հանգեցրել էր ձեռքի վնասման ու մասնակի անդամահատման։

Կարդացեք նաև

Դրա համար պետք է նախ նայել՝ արդյո՞ք լիցենզիա ունի այն խանութը, որ դա վաճառում է, ապրանքը ժամկետի մե՞ջ է, թե՞ ոչ։

– Պայթուցիկների պայթեցման հետևանքով ստացած վնասվածքները վերջնական վերականգնել հնարավո՞ր է։

– Ընդհանրապես դյուրավառ նյութերը դասակարգման հինգ աստիճան ունեն․ առաջին երեքը շատ կիրառվող սալյուտներն (բենգալյան կրակ) ու ճայթռուկներն են։ 4-5-րդ աստիճանը պահանջում է լիցենզավորված և մասնագիտացված կիրառում։ Պետք է հասկանանք, որ խնդիրը միայն պայթելը չէ, կրակն էլ կարող է վնասվածք առաջացնել։ Նույնիսկ անվտանգ թվացող բենգալյան կրակի ժամկետը եթե անցած լինի, խոնավ տեղում պահած լինեն, կամ լավ պատրաստված չլինի, հնարավոր է՝ հալչող մետաղական զանգվածը պոկվի, որի արդյունքում կարող է բռնկվել հագուստը, առաջանան այրվածքներ և այլն։ Չպետք է մոռանալ, որ այրվող նյութի հետևանքով գոյանում են գազեր։ Անգամ կրակի գունավորման համար օգտագործվում են տարբեր մետաղական միացություններ, որոնք նաև մթնոլորտն են աղտոտում և, եթե բրոնխիալ ասթմա ունեցող մարդ լինի այդտեղ, կարող է մոտը սրացում առաջանալ, անգամ կարող է էպիլեպսիկ նոպայի պատճառ դառնալ։ Հնարավոր է՝ առաջանան լսողական օրգանների, աչքերի վնասումներ։

Ինչ վերաբերում է վնասվածքները վերջնական վերականգնելուն, պետք է մի քանի բան հասկանանք․ նյութերը պատրաստվում են թղթից կամ շատ բարակ պլաստմասսից, որն արագ քայքայվում է։ Հետևաբար, պահպանելով հեռավորությունը՝ կես մետրից մինչև երկու մետր, երբեմն՝ 20-30 մետր, հնարավոր կլինի խուսափել վտանգներից, սակայն ձեռքում պայթելու դեպքում կարող են լուրջ վնասվածք ստանալ, քանի որ այստեղ նաև հարվածային ալիքն է աշխատում, որովհտև պայթյունը տեղի է ունենում ձեռքում, ինչը հաճախ կարող է հանգեցնել ձեռքի պոկվելուն, անոթների, նյարդերի վնասմանը։ Եվ, եթե կտրված մատը հնարավոր է կպցնել, վերականգնել, ապա վնասված անոթներն ու նյարդերը դժվար է վերականգնել։ Ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է փրկել վերջույթը։

Պրակտիկայում ի՞նչ դեպքի եք ականատես եղել, որ մինչ օրս հիշում եք։

-Հիշում եմ, իմ ղեկավար Արտավազդ Սահակյանի հետ ստիպված էինք վիրահատել մի տղայի, ում ձեռքի ափը վնասվել էր ու պետք է երկու կողմից ծածկեինք։ Եղել են դեպքեր, որ ձեռքը վնասվել է աշխատելիս, օրինակ, բալգարկայով՝ անկյունային հղկող մեքենայով աշխատելիս։ Հորդորում եմ, որ ոչ միայն տոնական, այլև բոլոր օրերին զգույշ լինեն։ Չպետք է մոռանալ, որ տոնական օրերին հեռախոսային կապերն են ծանրաբեռնված և երբեմն անհրաժեշտության դեպքում դժվար է լինում Շտապօգնություն զանգահարելը։

-Ինչպե՞ս պետք է ցուցաբերել առաջին օգնություն։

-Եթե կա անդամահատված վերջույթ, բնականաբար, առաջին հերթին պետք է կանգնեցնել արյունահոսությունը, ծածկել ստերիլ կամ մաքուր անձեռոցիկով, որպեսզի երկրորդային ինֆեկցիա չանցնի, և վերջույթը, որը հնարավոր է լինում գտնել՝ պետք է կրկնակի պոլիէթիլենային տոպրակի մեջ դնել։

Երբեմն մարդիկ այրվածքի ժամանակ ձյուն, սառույց են վերցնում, քսում, սա սխալ է, որովհետև ձյունը հաճախ կեղտոտ է լինում, ու լրացուցիչ ինֆեկցիա է առաջանում։ Եթե վնասումը աչքի շրջանում է՝ պետք չէ տրորել։ Զուտ պետք է ծածկել մաքուր անձեռոցիկով և դիմել բժշկի։

Ցավոք, հաճախ տեսնում ենք, որ ծնողն է սալյուտը գնում, տալիս երեխայի ձեռքը, ու նման խնդիրներ են առաջանում։ Եվ եթե քո հարազատի, երեխայի մասին մտածում ես, 5 րոպեանոց հաճույքը, որ պետք է ստանաս սալյուտից, կշեռքի մյուս նժարին պետք է դնես հնարավոր վնասումն ու հաշմանդամությունը։ Արժե՞ 5 րոպեանոց հաճույքի համար ռիսկի տակ դնել երեխայի առողջությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս