Մարդիկ մտածում են՝ մրսած են, բայց բարձր ջերմությունը, հոդացավը բրուցելոզի նշան է․ Արման Օհանյան

Անասնաբուժությունը համարվում է հետաքրքիր ու բարի ոլորտներից մեկը։ Իսկ թե ինչո՞ւ են Հայաստանում քչերը նախընտրում այն, ինչո՞ւ պահանջված չէ անասնաբույժի մասնագիտությունը, այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ոլորտի փորձագետ Արման Օհանյանի հետ։

Պարոն Օհանյան, անասնաբուժությունն աշխարհի ամենահին մասնագիտություններից է։ Ընտրել եք նրա համար, որ հին է ու միշտ արդիակա՞ն, թե՞ սիրել եք։

– Ինքս ինձ էլ եմ այդ հարցը տվել ու վերլուծելով անցյալը՝ հասկացա, որ տվյալ ժամանակահատվածում կային դրա պայմանները։ Բժիշկ դառնալու ցանկություն ունեի, սակայն չկարողացա հաղթահարել անցողիկ շեմը ու կար հնարավորություն՝ ընդգրկվել կենսաբանական, քիմիական, անասնաբուժական ոլորտներում, և ես միանգամից նախընտրեցի անասնաբուժությունը։ Մինչ այդ սովորել էի բժշկական ուսումնարանում։

Նաև կար նախախնամություն, քանի որ բախտ է վիճակվել շփվել հորս պապի հետ, ով այդ ժամանակ շատ քիչ մարդկանցից էր, որ կով էր պահում, ու սերը դեպի կենդանիները և նրանց տված օգուտը հասկանալով՝ ընտրեցի անասնաբուժությունը, որը պետք է ուղղված լիներ այդ կենդանիների բարեկեցությանն ու առողջությանը։ Բացի այդ՝ տանն ունեինք ակվարիում, նաև հավի ճուտ էի պահում տանը։

Կարդացեք նաև

Օրինակ, Ֆրանսիայում անասնաբուժությունն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, անգամ 400-հոգանոց կուրսեր ունեն։ Բայց ՀՀ-ում խնդիրը բարդ է, չեն կարողանում գտնել երիտասարդների, ովքեր կնախընտրեն ոլորտըինչո՞վ է պայմանավորված։

– Բուհն ավարտելուց հետո ընտանիքի կարիքները հոգալու խնդիր ունեի․ չկար վայր, որտեղ կարող էի իմ մտավոր ունակություններն օգտագործել։ Հասկացա, որ չունեմ պրակտիկ փորձ, և 2004թ․ երբ մասնագիտական փորձի փոխանակման համար այցելեցինք Լատվիա, տեսանք, որ անասնաբույժը համայնքի 2-րդ, 3-րդ անձնավորությունն էր համարվում, մեծ հարգանք էր վայելում, մարդիկ հասկանում էին նրանց դերն ու նշանակությունն առօրյա կյանքում։ Իսկ թե ինչո՞ւ է դիմորդների քանակը քիչ, ինչո՞ւ են հատկապես գյուղաբնակները խուսափում, համար մեկ խնդիրը ֆինանսական հարցն է՝ բնակարան վարձելու, սովորելու, և երկրորդը՝ դիպլոմ ունենալուց հետո որտե՞ղ են աշխատելու։ Չնայած այսօր շուկան բաց է ու պահանջում է փորձառու անասնաբույժների՝ բարձր վարձատրությամբ։

Ֆերմերային տնտեսություններում անասնաբույժի աշխատավարձը սկսվում է 450-500․000-ից՝ հասնելով 1 միլիոն դրամի։ Իսկ ինչո՞ւ չի գայթակղում, որովհետև փորձ չունե՞ն։

Բայց նախքան դիպլոմը սեր պետք է լինի, որ ընտրեն մասնագիտությունը, անգամ Կառավարության սահմանած 70-75000 դրամի կրթաթոշակը հարցը չի լուծում։

– Որքանով տեղյակ եմ, նաև քոլեջում 50-70․000 դրամի կրթաթոշակ են տալիս՝ զուտ մասնագիտությունը գրավիչ դարձնելու համար։ Չեմ ուզում դասախոսներին վիրավորել, կրթական համակարգը փնովել, բայց կրթական չափորոշիչներ են պետք, մասնագետին գոնե 70 տոկոսով պետք է պատրաստել։ Եթե չեմ սխալվում՝ Ֆրանսիայում անասնաբույժ դառնալու համար 7 տարի պետք է սովորեն։

Մի ժամանակ մաթեմատիկա են քննություն հանձնել, հիմա ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն է։ Անասնաբույժին ո՞ր մասնագիտություններն են պետք։

– Չգիտեմ՝ անասնաբույժին ֆիզիկան ինչի՞ համար է պետք։ Նրան առաջին հերթին կենսաբանություն, հետո քիմիա է պետք, իսկ երրորդը չգրված մասնագիտությունն է՝ կենդանասիրությունը։

– Ոլորտն ավելի շատ աղջիկների՞ն, թե՞ տղաներին է հետաքրքրում։

– Վերջին 10 տարիներին, իմ ուսանողական տարիներին էլ աղջիկների թվաքանակը գերազանցում էր։ Ընդունվում էին նրանք, ովքեր իրենց պատկերացնում էին ընտանի կենդանիների բժիշկ՝ շների, կատուների կամ դեկորատիվ կենդանիների, բայց որևէ մեկն իրեն չի պատկերացնում գյուղոլորտում, որտեղ խոզանոց է, կովանոց, ոչխարանոց։ Թռչնի անանսաբույժի մեծ բաց ունենք, ձկնաբուժության ոլորտում էլ խնդիր կա։ Նախ դժվարին, ֆիզիկական ուժ պահանջող աշխատանք է, և երկրորդը, այսօրվա երիտասարդությունը դա համարում է կեղտոտ գործ։

Մի ժամանակ ասում էին՝ ձիու բժիշկ են փնտրում ու չեն գտնում։

– Հիմա էլ չունենք։ Բավականին արդիական է տոհմային, ազնվացեղ թանկարժեք ձիեր ունենալ, ու պատկերացրեք, թե ինչպիսի խնամք, անասնաբուժական մոտեցում են պահանջում։ Թանկարժեք կենդանիների համար թանկ վարձատրվող մասնագետներ են հարկավոր, որ, ցավոք, չունենք։ Ինչո՞ւ չկա, որովհետև չունենք համապատասխան կրթություն։ Եթե ֆերմեր լինեմ՝ ուսումնասիրություն պետք է կատարեմ՝ նախ՝ մասնագետին իմ ֆերմային, հետո՝ կենդանուն մոտ թողնելու համար, որպեսզի հասկանամ, որ գոնե վնաս չի տալու։

Ոլորտի նեղ մասնագետներ չկա՞ն։

– Ընդհանուր կրթություն ենք ստանում, բայց, երբ գալիս է որևէ ուղղվածություն ընտրելու ժամանակը՝ խոշոր եղջերավոր կամ գյուղատնտեսական, թե ընտանի կենդանիների, այդ տարանջատումը չկա։

Գյուղերում անասնաբույժների թիվը քիչ էր մի ժամանակ, որոշ տեղեր չկայինխնդիրը լուծվե՞լ է:

– Որքանով տեղյակ եմ՝ 2024թ․ իրականացվեց հարցում մասնավոր և պետական սեկտորում աշխատող անասնաբույժների շրջանակում, և մոտ 470 անասնաբույժ ունենք, որոնց մի մասն ունի՝ բարձրագույն, մյուս մասը՝ թերի բարձրագույն կրթություն։ Ցավն այն է, որ անասնաբույժի միջին տարիքը 57 է։ Չունենք սերնդափոխություն։

Անասնաբույժները դժգոհում էին, որ կա բուժսարքավորումների խնդիր, բարձրաձայնում էին նաև ստաժի և լիցենզավորման հարցերը․ այս բոլոր հարցերը լուծվե՞լ են։

– Կավելացնեի նաև անասնաբույժի բժշկական ապահովագրության հարցը, որովհետև բավականին ռիսկային պայմաններում են անասնաբույժներն իրականացնում ծառայություններ։ Ստաժը չեմ կարող ասել, թե ինչքանով է կարգավորվել, որովհետև ՊՈԱԿ-ի հետ անասնաբույժն աշխատում է պայմանագրային հիմունքներով, դա կարծեմ աշխատանքային ստաժ չի համարվում։

Իսկ լիցենզավորման մասով ունենք օրենքի կարգավորման բաց։ Քննարկումները վերջին 1,5 տարում ընթանում են Էկոնոմիկայի նախարարության հետ։ Այսօր խնդիր ունենք անասնաբուժական դեղորայքի վաճառքի լիցենզավորված լինելու հետ։ Լիցենզավորումը կասեցվեց 2005թ․ և չգիտենք՝ ինչու՝ անասնաբուժական ծառայության լիցենզավորումը տալիս էր Ֆինանսների նախարարությունը, իսկ հիմա բանակցություններ կան Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների միջև։ Խնդիրն այն է, որ լիցենզավորման ու դեղորայք վաճառելու համար դեղագետ է պետք, իսկ մեր մասնագիտական կրթությունը մեզ չի տալիս նեղ մասնագիտություն՝ անասնաբույժ-դեղագետ։

Մենք անասնաբույժ ենք։ Անասնաբուժական դեղորայքի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց լիցենզավորման խնդիր ունենք։ Սրան զուգահեռ՝ ունենք դեղերի ներկրման և օգտագործման խնդիր։ Ազատ հակաբիոտիկների վաճառք է ու նույնիսկ անասնաբույժին չեն հարցնում, կենդանի պահողը կարող է ազատ գնել ու ներարկել՝ հասկանալով կամ չհասկանալով կարևորությունը։

Հակաբիոտիկ օգտագործելով՝ վնասում են մարդկանց, ովքեր մսամթերք, կաթնամթերք են գնում։

– Ամբողջ աշխարհն է այսօր մի գաղափարի շուրջ խոսում, մոտավորապես 10 տարի է, «մեկ առողջություն» գաղափարն է, որտեղ ընդգրկված է մարդաբուժությունը, անասնաբուժությունը, բուսաբուծությունը, շրջակա միջավայրը, և համար մեկ խնդիրը դեղորայքի օգտագործման կասեցումն է և կենդանի օրգանիզմների դիմադրողականության բարձրացումը։ Իհարկե, առանց հակաբիոտիկի չենք կարող պատկերացնել մեր առողջությունը, բայց հատկապես, արդյունաբերական ոլորտներում՝ խոզաբուծություն, թռչնաբուծություն, տեղին կամ անտեղի շատ է կիրառվել հակաբիոտիկ, որի մնացորդը մթերքի հետ մտնում է մարդու օրգանիզմ։ Եթե հաշվենք մեր օրական սննդակարգը, 80 տոկոսը կենդանական ծագում ունի։

Բժիշկները մարդկանց ասում են՝ հակաբիոտիկ մի օգտագործեք, բայց արի ու տես, որ մարդը կենդանական ծագման մթերք է օգտագործում ու ստացվում է՝ մեխանիկորեն հակաբիոտիկ է օգտագործում։

– Չեմ ասում՝ հսկողություն չկա, բայց ֆիզիկապես էլ չեն կարող մեծ վերահսկողություն ապահովել, որովհետև գյուղաբնակը կարող է հակաբիոտիկ օգտագործել, չիրականացնել վաճառք ու իր մթերքը սպառել. լինի կաթ, միս, թե ձու։

Հակաբիոտիկն ի՞նչ վնաս կարող է հասցնել մարդուն։

– Օրգանիզմի ռեզիդենտականությունն է բարձրացնում տվյալ հակաբիոտիկի դեմ և արդեն, երբ մարդաբուժության մեջ կարիք ունենք կիրառելու հակաբիոտիկ՝ չի ազդում։

– Եկանք եզրակացության, որ պետք է կրթել գյուղացիներին, ովքեր պահում են կենդանիներ։

– Պետք է օրենքի կարգավորում․թե ո՞վ իրավունք ունի ներկրել, վաճառել, օգտագործել։ Օրինակ՝ Լատվիայում միայն անասնաբույժն իրավունք ունի օգտագործել հակաբիոտիկ, այն էլ՝ հատուկ փաստաթղթավորված և հետագծելիությամբ։

Ինչի՞ հետևանք է բրուցելոզը։

– Համակարգային աշխատանք պահանջող հիվանդություն է։ Ցավոք, մարդը փակուղում է․ կենդանուց վարակվելուց հետո չի կարող վարակել, դառնում է հիվանդության վերջնական տերը։ Բրուցելոզն ունի հանրային պայքարի պահանջ՝ սկսած վարակված կենդանուց, ստացված մթերքից, շրջակա միջավայր տարածումից, գումարած կանխարգելիչ միջոցառումները։ Այս պահին պետությունը մոնիտորինգ է անում՝ տարեկան երկու անգամ արյան նմուշառում, ստուգում և հայտնաբերված կենդանու ոչնչացում։ Սա համակարգային լուծման մի մասնիկն է, ինչպես վակցինացիան, սպանդանոցում բրուցելոզով վարակված կենդանիների սպանդը։ Բացի գիտակցությունը, սա ծախս, համբերություն և ժամանակ է պահանջում։

Մենք այսօր չունենք վակցինացման պլան։

Ինչպե՞ս հասկանան՝ առո՞ղջ միս են գնում, թե՞ ոչ, կամ՝ կաթնամթերքը նորմա՞լ է, թե՞ ոչ։

– Միայն ստուգված մթերք պետք է գնել, որն ունի սպանդանոցային ծագում, իսկ կաթնամթերքը պետք է հստակ վերամշակված, լիցենզավորված լինի։ Եվ փողոցից օգտվելը բավականին մեծ ռիսկ է, որ վարակվենք։ Կասեն՝ բա եթե մինչև սա չկար սպանդանոցային վերահսկողություն, ինչո՞ւ չէինք վարակվում․ վարակվում էինք, ուղղակի այդքան չէր ուսումնասիրվում, և մարդիկ հոդացավեր ունեին, որը քրոնիկ բրուցելոզի նշաններից է։ Մտածել են՝ մրսածության կամ այլ հիվանդության հետևանք է։ Քրոնիկ բրուցելոզով հիվանդ մարդիկ ունեն կյանքի կարճ տևողություն։

Ինչպե՞ս մարդն իմանա, որ կա այդ խնդիրը, ախտանշանները որո՞նք են։

– Հիմնականում հոդացավ, երկարատև բարձր ջերմություն։ Կպարզեն նաև լաբորատոր փորձաքննությամբ։ Կենդանիների դեպքում, եթե չեմ սխալվում, ամեն տարի՝ խոշոր եղջերավորների, մեկ անգամ՝ մանր եղջերավորի արյան նմուշ են վերցնում, ստուգում, ու հնարավորինս կարողանում ենք պայքարել այդ չարիքի դեմ։

Եթե կաթը լավ եռացնեն կամ միսը լավ եփեն, չեն խուսափի՞։

– Հատուկ ջերմային մշակում, ժամանակ է պետք։ Խիստ կասկածում եմ, որ տնային պայմաններում հետևողական կլինեն։ Եթե հիշողությունս չի դավաճանում՝ 73 աստիճանում են վերանում։ Սակայն դա շատ լավ ջերմաստիճան չէ, որ պանիր պատրաստեն, 54-ում են տնային պայմաններում պատրաստում, բայց դա չի նշանակում, որ բրուզելոզի հարուցիչը վերացավ։ Դրա համար խորհուրդ են տալիս աղաջրային պայմաններում 40-60 օր պահել, որն էլի երաշխավորված չէ։ Պետք է պաստերիզացվի, որն իրականացնում է վերամշակող օբյեկտը։

Նրանք, ովքեր ցանկանում են ընտանի կենդանիներ պահել՝ ինչպիսի՞ փորձություններ պետք է հաղթահարեն։

– Պետք է դիմել անասնաբույժի օգնությանը, ով նաև երաշխավոր է լինելու։ Որովհետև, եթե կենդանի գնեք, կարող է բրուցելոզ ունենա, ու առանց իմանալու, որ վարակված է՝ տանեք, վարակեք նաև մյուս կենդանիներին, իսկ հետո, մթերքից օգտվելիս՝ վարակվեն մարդիկ։

Ամենակարևորը՝ պետք է լինել կենդանասեր։ Եթե գյուղատնտեսությամբ են զբաղվում՝ մինիմում գիտելիքներ ունենան կենդանու խնամքի, պահվածքի և առողջության վերաբերյալ։

Գյուղատնտեսական կենդանիներ պահելիս՝ ինքս ինձ հարց կտամ՝ ինչի՞ համար եմ անում, բիզնե՞ս է, թե՞ զբաղմունք։

Կենդանին ազատ է հիմնականում արոտի ժամանակ, բայց մսուրային ժամանակահատվածում հիմնականում ոչ բարեկեցիկ, ոչ կահավորված անասնաշենքերը կենդանիներին զրկում են ամենաէժան կերից, իսկ դա մաքուր օդն ու ջուրն են։ Մարդը երբ ծարավեց՝ ջուր է խմում, իսկ կենդանուն ստիպում են, որ՝ չէ, երկու անգամ պետք է խմես կամ առավելագույնը մեկ անգամ։ Կենդանին ստիպված խմում է, որովհետև գիտի, որ այդ մեկ հնարավորությունն է։ Երկրորդը՝ փակում են օդանցքները, իբր կենդանին չմրսի, իսկ կթու կովը մինչև -20, -29 աստիճանում իրեն ավելի լավ է զգում, քան +29-ի դեպքում։ Փակում ու ստիպում ենք, որ կենդանին մաքուր օդ չշնչի։ Իսկ արտաշնչած օդն էլ 2-3 ժամ հետո աղտոտում է, կենդանին սկսում է ալարել։ Ոչ ոք չի հասկանում, որ կենդանին նույնիսկ գոհ չէ իր ապրելուց, չի ուզում ապրի։ Կով պահելը զբաղմունք չէ, արվեստ է։

Այսօր մեծ ցուցահանդեսներ են կազմակերպվում՝ մարդկանց կողմից պահված կենդանիներին ցուցադրելու համար, ներկայացվում է նաև նրանց պոտենցիալը, թե ինչքան կարող են օգուտ տալ, երբ մարդն ուշադրություն դարձնի նրանց։

Մարդիկ և կենդանիները նույն հույզե՞րն են ապրում։

– Ինձ թվում է՝ կենդանիներն ավելի, որովհետև իրենց համար այդ կաճ ժամանակահատվածում ուզում են ուրախանալ, մաքուր ջուր խմել, օդ շնչել, քայլել, վազել, ու մարդն իր բանականությամբ պետք է այդ ամենը հասկանա։ Կովը հուզվում է, լացում, նույնիսկ զգում է սպանդի մոտենալու պահը։

Հիմա կա՞ն ընտանի կենդանիների շրջանում տարածված հիվանդություններ։

Մերթընդմերթ բռնկումներ լինում են։ Ամենամեծ խնդիրը, իմ կարծիքով, բրուցելոզն է, որ պետք է պայքարենք։ Այն ամբողջ աշխարհում մարդկության համար չարիք է համարվում։

Ագրոլորտը չկարգավորելու դեպքում ի՞նչ է սպասվում Հայաստանին։

– Պարենային բավարարման խնդիր ունենք, ու անասնաբույժը, ագրոնոմը, անասնաբույծը, պետք է հասկանա, որ բավականին պատասխանատու դերում է, աշխատանք է ստանձնում՝ կերակրել մնացածին։ 4-5 ամիս առաջ ԱՄՆ-ից մեր գործընկերն էր ՀՀ-ում՝ վերարտադրության գծով, ու ասաց, որ բազմաքանակ մարդկային ռեսուրսով երկրում ընդամենը մեկ տոկոսն է գյուղատնտեսությամբ զբաղվում։ Դա իրենց համար կարմիր լույս է։ Ամբողջ աշխարհի խնդիրն է. գյուղոլորտը դժվար աշխատանք է, բայց պետք է հասկանանք, որ մեզ պետք է հող մշակել, տրակտոր քշել, կենդանի պահել, գյուղմթերք արտադրել՝ խելացի ձևով, շուկան ուսումնասիրելով։ Գյուղմթերք արտադրելն ու իրացնելը բարդ գործ է, չեմ ասում օրեցօր խստացվող պահանջների մասին։ Պետք է արտադրես ստանդարտներին համապատասխան․ առաջին հերթին՝ անվտանգ, և երկրորդը՝ որակով։

Դե, որ անվտանգ ու որակով լինի՝ նաև կարող ենք արտահանել, չէ՞։

– Արտահանե՞նք։ Թող ինքնաբավ լինենք, ապա արտահանենք։ Ինձ համար երազանք է՝ ՀՀ դրոշով մի տոհմային կենդանու հետ մասնակցել որևէ ցուցահանդեսի ու ասել՝ տեսեք, մենք էլ բարձրակիթ կովեր ունենք, մենք էլ ենք անասնաբուծությամբ զբաղվում, մենք էլ ենք մտածում կենդանիների բարեկեցության մասին։

Բարձրորակ մսամթերք արտադրելու համար դեռ շա՞տ անելիքներ ունենք։

– Ինձ թվում է՝ այո։ Առաջին հերթին կերարտադրության խնդիր ունենք։ Սակավահող ենք, ու 80 տոկոսը ներկրվում է՝ հիմնականում հատիկային կերերը, որը ժամանակակից գյուղարդյունաբերության հիմքն է՝ խոզաբուծության, թռչնաբուծության։ Մենք կարող ենք հիանալի ոչխարի միս ունենալ, հետո՝ տավարի միս, բայց ոչ այն որակի, որ այսօր շուկան է պահանջում։

– Տեղական տավարի միսը համեղ է և որակով։

– Մեզ համար է համեղ, բայց ռեստորանային բիզնեսում մարմարե միս ստանալու համար միայն արոտը բավարար չէ, հատիկային կեր ևս պետք է ուտի, որ կարողանա որակ ապահովել. գարի, եգիպտացորեն, սոյա։ Մեզ մոտ անում ենք, բայց թանկ է՝ ներկրման պատճառով։ Կենդանին առողջ լինելու համար առաջին հերթին պետք է սնվի վիտամիններով, հանքային նյութերով։

Մոտավոր հաշվարկ կա՞, թե մեզ քանի անասնաբույժ է անհրաժեշտ։

– Կախված աշխարհագրական տարածվածությունից և անասնաբուժական սպասարկումից՝ հստակ չեմ կարող ասել, թե պատվաստման համար մեկ անասնաբույժը քանի՞ կենդանի կարող է օրը սպասարկել, որովհետև դա կախված է անասնաշենքերի պայմաններից, արոտային ժամանակահատվածից։ Իմ կարծիքով՝ 400-500 հոգուն որ կարողանանք պահել՝ լավ է։ Նրանց պետք է հստակ վարձատրություն։ Անասնաբույժը նաև սահմանապահ է, որովհետև հիվանդությունը սահման չի հարցնում՝ օդով, ջրով, ամեն ճանապարհով կարող է մտնել մեր երկիր։

Տեսանյութեր

Լրահոս