Պաշտպանության նախարարության արածն ու չարածը ԶԼՄ-ների հետ աշխատանքում. Ինչ արվեց և ինչ պիտի արվի
Իշխանափոխությունից հետո, ըստ էության, միայն Դավիթ Տոնոյանն է ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակում ասուլիսային կամ ճեպազրուցային տարբերակով պահպանել շփումը լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Նրա պաշտոնանկությունից հետո այս «կանոնը» չի պահպանվել ո՛չ Վաղարշակ Հարությունյանի, ո՛չ Արշակ Կարապետյանի, և դրանից հետո մոտ 2 տարի՝ ո՚՛չ էլ Սուրեն Պապիկյանի օրոք:
Այս ընթացքում, որպես ռազմական վերլուծաբան-լրագրող՝ այս առնչությամբ գրավոր դիմումներ եմ ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, քանի որ վերլուծական նյութեր պատրաստելիս մեկնաբանությունները և անգամ հարցումները բավարար չեն: Եվ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց գոնե փակ հանդիպում ունենալ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Բնականաբար, սա բավարար չէ, հատկապես, երբ ժամանակ առ ժամանակ առանձին վարչությունների ղեկավարների հետ հարցազրույցների անհրաժեշտություն է լինում, ինչի մասին բարձրաձայնում ենք նաև փակ հանդիպմանը։
Ավելին, հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո բանակի և զինվորականության նկատմամբ հանրության ոչ դրական վերաբերմունքը, անհրաժեշտ է ցույց տալ նաև կենսագրություն ունեցող բարեխիղճ սպաներին: Նման նախագիծ-առաջարկ ևս 2023-ին իմ կողմից արվել է, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ շարքից մեկ հարցազրույց ունեցանք՝ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ։
Անհրաժեշտ է վերականգնել նաև երբեմնի ավանդույթը, երբ ամեն տարի հունվարի 28-ին ՀՀ ՊՆ-ում ներկայացվում էին ավարտված տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, դեպքերը, անվտանգային իրավիճակը, օրինակ, 2023 թվականի ամփոփագիրը կարող է ներկայացվել 2024 թվականի հունվարի 28-ին: Սա՝ հետագայի համար:
Իսկ 2023-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի շնորհիվ, կարողացել է վերականգնել ՊՆ-լրատվամիջոց ինչ-որ առումով խզված կամ ոչ բավարար եղած կապը:
Մասնավորապես, ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 5 անգամ անցկացվել է փակ հանդիպում և 3 անգամ՝ այցելություն առաջնագծի զորամասեր, կազմակերպվել է 2 մարտական հրաձգության պարապմունք և դասընթաց Պաշտպանության Ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), նաև՝ լրատվամիջոցների համար տեղեկատվական պատերազմի համատեքստում մշակվել և իրականացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով:
Նշենք, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության խնդիրներից են, մասնավորապես՝
– Նախարարության համակարգում միասնական և արդյունավետ տեղեկատվական քաղաքականության ապահովումը,
– բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքների մշակումն ու կազմակերպումը, փոխվստահության մթնոլորտի ապահովումը,
– տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական և ոչ պետական համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ձևավորումը և զարգացումը, փորձի փոխանակումը, համակարգված միջոցառումների իրականացումը և այլն:
Անհրաժեշտ է նաև ավելացնել մարտական դիրքեր այցելությունները: Բացի այս, ինչպես նշեցինք, կան արձագանք չգտած առաջարկներ կամ կիսատ մնացած, որոնց ճիշտ կլիներ ընթացք տալ:
Ի վերջո, Պաշտպանության նախարարությունը պետք է ինքը շահագրգիռ լինի բանակի և սպայի հանդեպ վստահության վերականգնմանը, ՀՀ զինված ուժերի վերջին տարիներին վնասված և վտանգված հեղինակության բարձրացման խնդրով:
Հուսանք, «սառույցը կոտրվել է», և ՀՀ պաշտպանության նախարարը չի խուսափի լրագրողների հետ հանդիպումներից։
Տեղեկատվական այսօրվա մարտահրավերների պարագայում բաց հարցեր չպետք է մնան, ռազմական թեմայով վերլուծությունները չպետք է ինֆորմացիայի պակասի պատճառով տուժեն: Խոսքը ոչ թե քաղաքական քարոզչության, այլ տեղեկատվական պատերազմի մասին է:
Հավելենք, որ 2023 թվականին վերջապես ՊՆ-ն հայտնեց, որ 2021-2022 թվականների տարածքային կորուստները 139 քկմ-ի սահմանում է, հուսանք, չենք ունենա տարածքային նոր կորուստներ, թեպետ անվտանգային առկա մարտահրավերների և Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի պայմաններում դրան հավատալը դժվար է և բարդ: