Փաշինյանն անտեսում է ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքական և օրինական իրավունքը

Ադրբեջանի՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության վերջին պատասխան հայտարարություններում ավելացել է հետևյալ պարբերությունը.

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:

Մի կողմ թողնենք Ադրբեջանի հետ հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին համաձայնագրի ռիսկերը, և թե ինչո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել անընդհատ հիշեցնել այդ մասին, խնդիրը տվյալ դեպքում ձևակերպումն է, հղումը վարչապետի աշխատակազմին:

Իսկ այստեղ քաղաքական մտածողության խնդիր է,ոչ թե լեզվամտածողության խնդիր է, ինչի մասին հաճախ է սիրում խոսել Նիկոլ Փաշինյանը, և ոչինչ, որ այդ դատողությունները, մեղմ ասած, հաճախ տրամաբանությունից դուրս են:

Կարդացեք նաև

Հիմա ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը պատասխանատու է պաշտպանական քաղաքականության համար, իրեն իրավունք չի պահում խոսել Հայաստանի Հանրապետության կամ առնվազն հայկական կողմի անունից:

Հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման առաջարկը չի՞ արել Ադրբեջանին:

Ավելի սոլիդ չէ՞ր լինի, եթե հիշեցվեր, որ «Հայաստանը կամ հայկական կողմն առաջարկել է…», սրանով նաև Պաշտպանության նախարարության կշռի հարց չէր առաջանա:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունն այնքան էլ համաձայն չէ հետաքննության մեխանիզմների հետ կապված այս առաջարկի հետ, և դրա համար պատասխանատվությունը դնում է վարչապետի աշխատակազմի վրա: Գուցե:

Այդ դեպքում ինչո՞ւ ուղիղ կերպով չնշել Նիկոլ Փաշինյանի անունը, ի վերջո, առաջարկի հեղինակը նա է, որն Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ընդունել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 15-ին Կապանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության մեղադրական հայտարարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Ալիևին էր դիմել՝ առաջարկելով.

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածում ՀՀ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, և մեր Պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել: Մի դեպքում, իրոք, հրադադարի ռեժիմի խախտում կա, իսկ մյուսը՝ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում և՛ առաջինը, և՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ, ՀՀ ՊՆ-ն կառավարության անունից հերքում է: Կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, և պարզել ճշմարտությունը ոչ միայն միակողմանիորեն, այլև միջազգային հանրության համար: Կարծում եմ՝ վատ գաղափար չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք Ադրբեջանի հետ, և ես առաջարկությամբ հանդես գամ: Մյուս կողմից, սա արդեն կարելի է ընդունել որպես առաջարկ»:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.

«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:

Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»:

Այսինքն, ՀՀ վարչապետի աշխատակազմն ընդամենը փաստաթղթավորել է Ալիևին ուղղված Փաշինյանի բանավոր և ուղիղ առաջարկը ու գրավոր ձևով տեղ հասցրել այն՝ ելնելով ընթացակարգից:

Բայց սա, կրկնում ենք, Նիկոլ Փաշինյանի առաջարկն է, ով այս պահին, ցավոք սրտի, ներկայացնում է Հայաստանը, և ով ավելի վաղ Ադրբեջանին առաջարկել էր սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել, նաև՝ չհարձակման մասին պայմանագիրստորագրել: Գուցե ոմանք շարադրվածը կհամարեն մանրուք, բայց սատանան մանրուքի մեջ է: Նման մանրուքները շատ բան են հուշում, նաև արտահայտում երկրի և պետական ինստիտուտների նկատմամբ գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը:

Պաշտպանության նախարարը, ով համարվում է Զինված ուժերի ղեկավարը և ում խաղաղ ժամանակ ենթարկվում է ԳՇ պետը, պետք է կամ ՀՀ անունից խոսի, կամ ուղիղ հղում տա երկրի ղեկավարին, գերագույն հրամանատարին:

Տեսանյութեր

Լրահոս