Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը»
Սեպտեմբերի 11-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Դուք ասեցիք, որ մենք Սյունիքից զորք ենք հետ քաշել, մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել»:
Հիշեցնենք՝ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոստովանել, որ 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշման հրամանն ինքն է տվել:
«Ես եմ տվել հետ քաշվելու հրամանը, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը: Ձեզ թվում է, որ պետք է ասեմ՝ այո, Վաղարշակ Հարությունյանն է այդ հրամանը տվել: Ես եմ, պատասխանատուն ես եմ՝ անձամբ: Այո՛, միանձնյա ես եմ, բայց այդ որոշումը չեմ կայացրել այսպես՝ մեկ էլ վեր եմ կացել, ասել եմ՝ որոշում կայացնեմ: Դրան նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել: Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:
Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքը այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հե՞տ է կանգնում իր բանավոր հրամանից:
Ի դեպ, 168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին, նաև ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցումներ ուղարկելու տարբերակով:
Առաջին անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը մեր հարցին՝ ՊՆ-ում, ԳՇ-ում Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման կա՞, թե՞ դա կատարվել է Փաշինյանի բանավոր հրամանի հիման վրա, պատասխանել էր, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրվել են:
Այսինքն, Պաշտպանության նախարարությունը հաստատո՞ւմ է, որ Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման չկա: Իսկ պաշտոնական պարզաբանումներ ասելով, ըստ էության, նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին:
Մեկ ամիս առաջ ևս մեկ անգամ Պաշտպանության նախարարությունից փորձել էինք պարզել՝ պատերազմից գրեթե անմիջապես հետո Սյունիքից հայկական զորքի հետքաշման գրավոր հրաման կա՞ ԳՇ-ում և ՊՆ-ում, ինչի՞ հիման վրա է զորքը հետ քաշվել Սյունիքից, պաշտպանական գերատեսչությունն այս անգամ մեր հարցմանն ի պատասխան տեղեկատվության տրամադրումը համարել էր հրապարակման ոչ ենթակա:
Այսինքն, երկրորդ անգամ ՊՆ-ն հղում չի արել Սյունիքից զորքի հետքաշման Փաշինյանի պարզաբանմանը, բայցև նախորդ անգամվա նման Սուրեն Պապիկյանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել պարզաբանում տալու և այս հարցին միջամտելու, որ հետո Նիկոլ Փաշինյանն իր հերթին նրան չկարողանա հղում տալ, կամ՝ տվյալ դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված լիներ բացատրություն տալ:
Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև պնդել է, որ Տավուշից ևս զորք հետ չի քաշվել:
«Մենք Տավուշում զորք հետ չենք քաշել»,- ընդգծել է նա:
Այն դեպքում, երբ Տավուշից զորքի հետքաշման առաջարկ հենց ինքն է Ադրբեջանին արել, այսինքն՝ այս թեման ինքն է շրջանառել: Մասնավորապես, 2023 թվականի մայիսին «Ազատության» հետ զրույցում 8 գյուղերը վերադարձնելու ադրբեջանական պահանջի համատեքստում Փաշինյանը Տավուշից զորքի հետքաշման շատ կոնկրետ հայտարարություն էր արել.
«Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա՝ որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի»:
Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «Մենք պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:
Արդեն Տավուշում սահմանազատման և սահմանագծման պիլոտային գործընթացի համատեքստում Փաշինյանը հայտարարել էր, որ բանակը դուրս է եկել սահմանազատված հատվածներից, իսկ ավելի ուշ իշխանամերձ արևմտամետ փորձագետներից հայտնել էին, որ Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը:
Այսինքն, այստեղ ևս գործ ունենք զորքի հետքաշման հետ: Ի դեպ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել էինք պարզել՝ Տավուշում ականազերծում կատարելու, դիրքերը թողնելու և դուրս գալու հրաման Նիկոլ Փաշինյանը տվել է բանավո՞ր, թե՞ գրավոր, կա՞ ՊՆ-ում կամ ԳՇ-ում նման գրավոր հրաման, և որպես ի՞նչ է նման հրաման տրվել՝ վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար, կամ՝ ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը Նիկոլ Փաշինյանի գրավոր կամ բանավոր հրամանի կամ հրահանգի հիման վրա համապատասխան հրաման է տվել կամ ստորագրել նման հրաման, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունից մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ նշել էին՝ «տրվել են պաշտոնական պարզաբանումներ և մեկնաբանություններ, որից զատ, ներկայումս հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»:
ՊՆ այս պատասխանից կարելի էր ենթադրել, որ, ըստ էության, ՊՆ-ն և ԳՇ-ն ոչ անուղղակի պատասխանատվությունը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա և չեն փորձում իրենց կողմից մասնագիտական որևէ պաշտոնական պարզաբանում տալ, որպեսզի հետո ասեն՝ «դու ասացիր»:
Մենք նաև նկատել էինք, որ, իհարկե, բանակին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից, բայց այսկերպ ՊՆ-ն փորձել է զգուշավորություն ցուցաբերել, եթե հատկապես նկատենք, որ դիրքերի հետ կապված մեր պահանջած տեղեկությունը ևս ոչ թե համարել էին ռազմական կամ պետական գաղտնիք, այլ նշել էին, որ ներկա պահին հավելյալ տեղեկություն չեն կարող տրամադրել: Այլապես հիմա Պաշտպանության նախարարությունը պիտի արդարանար՝ ինչու է ավելի վաղ խոսել զորքի հետքաշման մասին:
Ով, եթե ոչ՝ Սուրեն Պապիկյանը, լավ գիտի Նիկոլ Փաշինյանի խոսքից հետ կանգնելու կամ այն վերաձևակերպելու սովորությունը՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ «ոչ մի տեղ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունը չի դրել, երբ հանձնել է տարածքները, և վաղը նա մեղադրելու է այն գեներալին, ով ստորագրել է այդ հրամանը Տավուշի հետ կապված»:
Այն, որ մի օր բանակը դարձյալ պիտի պատասխան տա Նիկոլ Փաշինյանի որոշումների և ռազմական ու քաղաքական որոշումների համար, չի բացառվում, բայց այս պահին առնվազն ՀՀ պաշտպանության նախարարությանն ինչ-որ չափով հաջողվում է հրապարակային և բանավոր կերպով պատասխանատվությունը թողնել Նիկոլ Փաշինյանի վրա: