2023 թվականի տարեվերջին, երբ ամփոփում էինք հաշվետու տարում ՀՀ պաշտպանության նախարարության, նախարարի աշխատանքը կամ համագործակցությունը լրատվամիջոցների հետ, գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ըստ էության, միայն Դավիթ Տոնոյանն է ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակում ասուլիսային կամ ճեպազրուցային տարբերակով պահպանել շփումը լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին, և նրա պաշտոնանկությունից հետո այս «կանոնը» չի պահպանվել ո՛չ Վաղարշակ Հարությունյանի, ո՛չ Արշակ Կարապետյանի, և դրանից հետո մոտ 2 տարի՝ ո՛չ էլ Սուրեն Պապիկյանի օրոք:
Հոկտեմբերին մամուլում ակտիվացան բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի շուրջ քննարկումներն այն բանից հետո, երբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ 2024թ. հաշվետու ժամանակաշրջանում և այդ պահի դրությամբ 2023թ. նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են:
Եվ երեկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել: