Ռեալ քաղաքական բանավեճերից փախնողը

Մոտ 10 օր առաջ Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել էր այլ փոխշահավետ գործարքով:

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Սրանից հետո «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԵԱՀԿ ՄԽ լուծարման անհրաժեշտությունից, քանի որ Ադրբեջանը վերականգնել է տարածքային ամբողջականությունը, այսինքն, ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի այլևս:

Կարդացեք նաև

Եվ գրեթե նույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը Vesti.az-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են միայն կոնսենսուսով:

«Եվ Մինսկի խմբի լուծարման համար անհրաժեշտ է Մշտական խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը: Սակայն կասկածներ կան, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կպաշտպանեն նման որոշումը, քանի որ նրանց համար ՄԽ-ն մնում է գործընթացում ճնշման և ներգրավվածության կարևոր գործիք: Ուստի, եթե Ադրբեջանը և Հայաստանը համատեղ հայտարարություն անեն բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ և ստորագրեն խաղաղության պայմանագիրը, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կհրաժարվեն ՄԽ-ի լուծարմանն իրենց համաձայնությունը տալ»,- շեշտել է նա՝ չտալով Ռուսաստանի անունը:

Իսկ Ռուսաստանն այսօր դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը՝ պնդելով, որ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը:

Եվ այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է ՀՀ նախկին նախագահներին բանակցային ամբողջ գործընթացի շուրջ բանավեճի հրավիրել և պնդում, որ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Բոլոր նախագահները, բնականաբար, մերժել են բանավեճի հրավերը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան Փաշինյանի՝ առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորել էր բանավիճել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Ավելին, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ձեռնոց է նետել Փաշինյանին և բանավիճելու պատրաստակամություն հայտնել, ինչն արձագանք չի գտել, և այսօր բանակցային գործընթացից քաջատեղյակ արտաքին գործերի նախկին նախարարն ինքն է փաստաթղթային ապացույցներ ներկայացրել, որ Փաշինյանը ստում է իր պնդումներում:

Ի դեպ, ՀՀ նախկին նախագահներին, մասնավորապես, Առաջին և Երկրորդ նախագահներին Փաշինյանը բանավեճի հրավիրել էր նաև 2021 թվականին նախընտրական շրջանում և դարձյալ մերժվել:

Ընդ որում, Փաշինյանն այդ ժամանակ ևս պնդել էր, որ միայն նախագահների հետ է ուզում բանավիճել: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում բանավիճել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, եթե նպատակը հանրությանը բանակցային գործընթացի վերաբերյալ ճշմարտությունն ասելն է:

Ի վերջո, իշխանափոխությունից հետո Փաշինյանը հենց արտաքին գործերի նախարարի միջոցով է փորձել ծանոթանալ բանակցային ամբողջ գործընթացին՝ «վարչապետ ընտրվելուց հետո Արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել, Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք իրեն, որ գա և մեզ որոշակի տեղեկություններ հաղորդի»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց այդ ժամանակ էլ կարող էր ժողովրդին ներկայացնել բանակցային գործընթացի վերաբերյալ իր «հայտնաբերած ամբողջ ճշմարտությունը»:

Այնուհետև Փաշինյանը կարող էր դա անել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և առնվազն դրանից հետո բանավեճի հրավիրեր այսօր Բաքվում պահվող Արցախի նախկին և այդ ժամանակ գործող նախագահներին, որոնք շատ լավ տեղյակ են եղել բանակցային գործընթացից, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ պարբերաբար հանդիպել են: Ինչու չի արել: Եվ արդյոք ամբողջ ճշմարտության ջրի երես դուրս չգալը չի պատճառը, որ Փաշինյանը չի ցանկանում՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական էլիտան վերադառնա Հայաստան: Սա՝ երկրորդ հնարավորությունը, եթե չհաշվենք, որ Փաշինյանը կարող էր գնալ Ապրիլյան պատերազմի հանձնաժողով և այնտեղ բանակցային իր պատկերացրած լուծումներից խոսեր, ապացուցեր, որ պատերազմը հրահրել է Ռուսաստանը, որ դա ՀՀ դիվանագիտական ձախողման հետևանքով էր և այլն:

Երրորդ, Փաշինյանը կարող էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում ցանկություն հայտնել բանակցային գործընթացի վերաբերյալ բանավիճելու, հատկապես, երբ ինչպես հանձնաժողովի ստեղծման ժամանակ տեղեկացվել էր, որ քննության է առնվելու նաև բանակցային գործընթացը:

Ի դեպ, այս հանձնաժողովի շրջանակում Անդրանիկ Քոչարյանը շատ էր ցանկանում հարցաքննության կանչել Վարդան Օսկանյանին, ով մերժել էր այդ առաջարկը, հիմա Վարդան Օսկանյանն առաջարկում է բաց բանավեճով անդրադառնալ այդ բոլոր հարցերին, ինչո՞ւ է Փաշինյանը մերժում:

Նշենք, որ Քննիչ հանձնաժողով հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, նրա հետ կարո՞ղ էր Փաշինյանը, եթե չբանավիճեր, առնվազն այդ առիթն օգտագործեր և նրա հետ հրապարակային հարցաքննության գնար բանակցային գործընթացի շուրջ: Սա էլ չի արվել: Ավելին, Փաշինյանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ համատեղ բաց և հրապարակային հարցաքննության մասնակցել Քննիչ հանձնաժողովի շրջանակում:

Փաշինյանը, ըստ էության, չի պատասխանել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ակնարկներին, թե ինչու պատերազմի 4-րդ օրը չի կանգնեցվել պատերազմը, երբ զգուշացվել է՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Այսինքն, չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները, որի մասին գեներալը նաև Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո է խոսել։

Ի դեպ, այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Օնիկ Գասպարյանին, խոստացել, որ գաղտնազերծումներ կանի, բայց մինչև հիմա ոչ մի խոսք այդ մասին:

«Մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով: Դա 7-րդ օրը (Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի 4-րդ օրն էր ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը։- Մ.Պ.) պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով»,- նշել էր Փաշինյանը՝ առանց փակագծեր բացելու:

Հարկ է նկատել, որ այս օրերին, երբ Փաշինյանը բանակցային գործընթացի շուրջ բանավեճի էր հրավիրում նախկին նախագահներին (ինչի մասին քովիդային պատմության համատեքստում մոռացել է), չի հիշատակել 44-օրյա պատերազմը: Ձեռնտու չէ՞ բաց խաղալը: Իսկ նախագահներին հասցեագրված առաջարկն ի սկզբանե արված էր այն հաշվարկով, որ նրանք մերժելու էին: Եվ անկախ նրանից, թե ինչ նպատակով և ում հրահանգով էր Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին հրավիրում բանավեճի, և որքան էլ նա ներկայացնի, որ այն չի կայացել նրանց մեղքով, բանակցային գործընթացից և ռեալ բանավեճերից, կոպիտ ասած, թռել է հենց ինքը՝ Փաշինյանը, ինչն ապացուցող փաստարկներ բերեցինք արդեն վերևում:

Ի դեպ, մի առիթով Փաշինյանը հայտարարել էր. «Իմ քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել եմ, որ փախչող չեմ»:

Այդ ժամանակ 168.amհոդված էր գրել՝ Փաշինյանի վախերի և փախուստների մասին հստակ փաստեր ներկայացնելով: Այս առումով ոչինչ չի փոխվել:

Վերջին օրերին Փաշինյանը փորձեց փախնել Արցախը հանձնելու պատասխանատվությունից, Վարդան Օսկանյանի և Արմեն Աշոտյանի հետ բանավիճելուց, ԱՊՀ և ԵԱՏՄ միջոցառումներին ուղիղ մասնակցությունից:

Չմոռանանք, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս «թռած» է ստորագրել՝ կադրից դուրս:

Իսկ առջևում նրան շատ ավելի լուրջ փախուստներ են սպասվում… Իսկ մինչ այդ Փաշինյանը փախնելու է իր իսկ հայտարարություններից, օրինակ, որ՝ «Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։

Հ.Գ. Ի դեպ, Փաշինյանը գուցե Ալիևին հարցնի, թե ինչո՞ւ են նրանք Ալմա Աթայի փաստաթղթին վերապահումով մոտենում:

Տեսանյութեր

Լրահոս