Ի՞նչ հարց լուծեց ԵԱՏՄ-ում Փաշինյան-Լուկաշենկո հրապարակային բանավեճը
ՀՀ իշխանությունները նպատակադրված կերպով շարունակում են խորացնել Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձևավորվող բացասական մթնոլորտը։
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դրական թեստի առկայության պատճառաբանությամբ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ամենամյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը ՀՀ նախագահության պատճառով պետք է նախագահեր հայկական կողմը, Փաշինյանը մասնակցեց տեսակապի միջոցով։
Սակայն ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանն ու գալիք տարում ԵԱՏՄ նախագահությունը ստանձնող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակայնորեն չափազանց սուր ու տհաճ բանավեճ ունեցան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԵՏՏՀ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանը փորձեց հրապարակային հայտարարել, որ հայկական պատվիրակությունը Մինսկ չի մեկնելու ԵԱՏՄ նիստերի, այլ մասնակցելու է տեսակապով։ Կրքերն այնքան թեժացան, որ Լուկաշենկոն նույնիսկ ակնարկեց, որ գուցե հեռուստացույց չլինի, որպեսզի տեսակապով հնարավոր լինի մասնակցել նիստին։
Պետք է ընդունել, որ Լուկաշենկոն վերջին տարիներին Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հասցեին արել է մի շարք, մեղմ ասած, ոչ գործընկերային բնույթի հայտարարություններ ու քայլեր։
Լուկաշենկոյին գիտեն բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանում, և շատ վաղուց։ Սակայն նման հարթակներում այն բանավեճը, որը ծավալվեց նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, խիստ ամոթալի է ու պատիվ չի բերում որևէ երկրի։ Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին ոչ թե արձագանքելը, այլ նրա հետ բանավեճի մեջ մտնելը, հայտարարելը, թե իր որոշումները չեն քննարկվում, ոչ թե ուժի, վստահության, համարձակության դրսևորում է, այլ ընդհակառակը։ Հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները լավ գիտեն ու վերջին տարիներին տեսել են, թե ինչ արժեք ու կշիռ ունի Փաշինյանի խոսքն ու որոշումները։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի դերին ՀՀ կյանքում և տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ պետք է, իհարկե, խուսափել նման լեզվակռիվներից նման միջոցառումների ժամանակ, որը հեղինակազրկում է դրանում ներգրավված կողմերին ու նաև այն հարթակը, որի շրջանակում դա տեղի է ունենում։
Ըստ նրա, քաղաքականությունը նման հարցերում «չի սիրում» հրապարակայնություն, այլ լուռ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք։ Փորձագետը գտնում է, որ այս միջադեպը որևէ հարց չլուծեց, բացի ակտիվությունը և հետաքրքրությունը մեդիադաշտում տեղի ունեցածի նկատմամբ։ «Աղմուկ, բնականաբար, որը հետաքրքիր է թե մարդկանց, թե լրատվամիջոցներին»,- նկատեց նա։
Սակայն, Սիմոնովի խոսքով, տեղի ունեցածը պարզապես բողոք չէր՝ ուղղված Բելառուսի նախագահին ու նրա դիրքավորմանը մի շարք հարցերում, որոնք անընդունելի են Երևանի համար։
«Կարծում եմ՝ սա բողոք էր ընդհանուր ԵԱՏՄ հարթակի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ։ Սա այն նույն քաղաքականության շարունակությունն է, որը տեղի է ունենում ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ սա այն դժգոհությունն է, որն ունի Հայաստանի իշխանությունն այս ուղղության վարած քաղաքականության նկատմամբ, որը դժգոհություն է և Ռուսաստանից, և, առավել ևս, Բելառուսից, որն ունի գործընկերային ու սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Սա նաև արտացոլում է այն ավանդական խնդիրները, որոնք եղել են այս կառույցների անդամ երկրների հարաբերություններում, արտացոլում է տարաձայնությունները, որոնք, բնականաբար, պատերազմից հետո ու գլոբալ դիմակայության պայմաններում էլ ավելի խորացան։ Պետք է հիշեցնեմ, որ նախկինում ԵԱՏՄ հարթակում բելառուսական կողմը բազմաթիվ դժգոհություններ էր ուղղում ռուսական կողմին, օրինակ, գազի գների և այլ հարցերի շուրջ, սակայն ռուսական կողմը երբեք տարաձայնությունները հրապարակային դաշտ դուրս չէր բերում՝ հաշվի առնելով նաև Բելառուսի ղեկավարի ոճը»,- նշեց Սիմոնովը։
Սակայն, նրա որակմամբ, կա մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի դեպքում։
«Հայաստանն այն երկրներից է, որը մեծ տնտեսական առավելություններ է ստանում այս համագործակցության արդյունքում և ապագայում ստանալու է նաև ԵԱՏՄ-Իրան կապերի խորացումից։ Հասկանալիորեն ունենալով փոքր տնտեսական հնարավորություններ՝ Հայաստանը կարողանում է էական օգուտներ ունենալ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, դրանով Հայաստանի համար լինելով անայլընտրանք տնտեսական միավորում։ Իսկ քաղաքականությունը տնտեսությունից տարանջատել հնարավոր չէ։
Եթե Հայաստանը որոշել է անվտանգություն, քաղաքական աջակցություն ստանալ Արևմուտքից, դա հասկանալի ու ընդունելի է, սակայն հարց է, թե արդյո՞ք ստանալու է Հայաստանն Արևմուտքից այն, ինչ ցանկանում է, և մյուս հարցը՝ արդյո՞ք Արևմուտքը պատրաստ է կամ կարող է Հայաստանի տնտեսության համար ապահովել այն առավելությունները, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն։ Եթե Հայաստանը չի լքում ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։
Ուստի քաղաքական գնահատականները պետք է ներառեն նաև այս հաշվարկները, ինչպես նաև ապագայի վերաբերյալ հաշվարկները։ Ի վերջո, մենք տեսնում ենք, որ նոր աշխարհակարգի միտումներն աշխարհի բազմաբևեռության ուղղությամբ են զարգանում։ Դա նշանակում է, որ նման աշխարհակարգում ԵԱՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը և նմանատիպ այլ կառույցներն ամրապնդելու են իրենց դիրքերը և ավելի գայթակղիչ են դառնալու շատ երկրների համար, հետևաբար՝ նաև ավելի մեծ հնարավորություններ են ընձեռելու»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Սիմոնովը, որպես օրինակ, նշեց ԲՐԻԿՍ-ի շուրջ հետաքրքրությունն ու ակտիվությունը։
«ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթնաժողովն իր մասշտաբայնությամբ ու կարևորությամբ աննախադեպ դարձավ, մեծացել է նաև հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ, սրանք տրանսֆորմացիոն պրոցեսների ցուցիչ են, և դրանք խորանալու են։ Ուստի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է հաշվարկի, հասկանա, թե աշխարհի որ բևեռն ինչ հետաքրքրություն ունի իր նկատմամբ ու ինչ է պատրաստ ներդնել այդ շահերը բավարարելու համար։ Այսպիսով՝ կուզեի ասել, որ քաղաքականության մեջ հրապարակային նմանատիպ միջադեպերը բացարձակ էական չեն, էական են շահերը, որոնք միավորել են այս երկրներին ԵԱՏՄ-ի հովանու ներքո»,- նկատեց Սիմոնովը։