«Ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է. 1 սմ է մնացել, որ բախում լինի. մեզ ասվել է՝ հաջորդը դուք եք». Արթուր Խաչիկյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները հայտնվել են փակուղում, տապալել են արտաքին քաղաքականությունը:

«Նրանք այլևս որևէ ելք չունեն: Արևմուտքն իրենց խաբեց, ինչպես մենք զգուշացնում էինք, Ռուսաստանի հետ մեզ կռվացրեցին, և ոչ մի բան նա Արևմուտքից չստացավ: Տեսնելով՝ ինչ է կատարվում Սիրիայում, հասկանալով՝ հաջորդը մենք ենք, նայելով, թե ինչպես են արդեն սկսել ջարդել քրդերին և մեզ զգուշացնում են, որ նույն ձևով կվարվեն մեզ հետ, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է, տեսնելով, որ նրանք փակուղում են, ասելու բան չունեն, մեզ տապալեցին, որպես պետություն կոտրեցին, և եթե տղամարդկություն և արժանապատվություն ունենային՝ կընդունեին իրենց մեղքը, բայց դրա փոխարեն՝ շատ ավելի հեշտ է, առաջին՝ զբաղվել ռեալիթի շոուներով, և երկրորդ՝ մեղավորներ փնտրել, ուրիշի վրա այդ մեղքը գցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արթուր Խաչիկյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել. «Նա խոսում էր թալանից, կոռուպցիայից, բա ինչո՞ւ չէր ասում, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: 2016թ. հետո 400 հեկտարի համար քննադատում էին, իսկ ինչո՞ւ չէին ասում, որ ոչ միայն 400 հեկտար, այլև ամբողջ Արցախը նրանք արդեն զիջել են: Եթե Արցախն արդեն զիջված էր 35 տարի, ինչի՞ մասին էին խոսում»:

Հիշեցրինք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն Արցախը ճանաչել է՝ որպես ադրբեջանական տարածք:

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը հիմա տեսնում է, որ տապալեց ամեն ինչ: Ինչո՞ւ էր նա ասում՝ իմ կետից կսկսեմ: Եթե արդեն զիջված էր Արցախը, իր կետը ո՞րն էր: Ինչո՞ւ էր ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, 2020թ. պատերազմն ինչո՞ւ տեղի ունեցավ: 5000 տղա ինչի՞ համար մահացավ, ինչո՞ւ էր ասում՝ սա մեր նոր Սարդարապատն է: Շատ օրինակներ կան: Ամենակարևորը՝ ինչի՞ մասին էր Պրահայի հանդիպումը, նա ինչո՞ւ գնաց Պրահա: Ի՞նչ էին քննարկում, լայն ինքնավարությո՞ւն: Ո՞ւր է այդ ինքնավարությունը, ստացա՞նք: Այս մարդու ոճն է՝ անընդհատ նոր արդարացումներ է մտածում իր համար: Ինքը կա՛մ գործակալ է, կատարում էր Թուրքիայի և Արևմուտքի կամքը՝ ազատվել Ղարաբաղից և Ռուսաստանից, որպեսզի լավ ապրենք, կա՛մ իրեն խաբեցին»,- նշեց նա:

Նկատեցինք, որ եթե Փաշինյանին խաբած լինեին, ապա հիմա չէր հայտարարի, որ 30 տարի բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ:

Անդրադառնալով սիրիական զարգացումներին և Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, նա նշեց, որ Թուրքիան սկսել է վերականգնել Օսմանյան կայսրությունը. «Միջազգային հանրությունը ոչ մի նկատողություն չի անում Թուրքիային, որ տեռորիստների միջոցով գրավեցին մի երկիր: Ռուսաստանը որ մտավ Ուկրաինա՝ հիշում եք՝ ինչ եղավ, Թուրքիան մտավ Սիրիա՝ ոչ մի ձայն չկա: Տեռորիստների մազերը ֆենեցին, դարձրին դեմոկրատ: Արդեն նորություններ են ստանում, որ հարձակումներ են քրիստոնյաների վրա, այնտեղ քրիստոնյաները բողոքում են, նրանց վրա կրակում են, սպանում են, միջազգային հանրությունը լռում է: Կանանց վրա հարձակում կա, որ հիջաբ հագնեն, միջազգային հանրությունը լռում է:

Իսրայելը մտել է Սիրիայի տարածք: Այսինքն՝ մեր աչքի առաջ տեղի ունեցավ անկախ պետության մասնատում, նրանք կիսելու են Սիրիան: Սա շատ վտանգավոր է, քանի որ գործնական ձևով տեսնում եք, թե ինչպես է Թուրքիան սկսել վերականգնել Օսմանյան կայսրությունը: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Ռուսաստանը չներքաշվեց երկրորդ պատերազմի՝ Թուրքիայի հետ, որովհետև հասկանալի է՝ նրանց համար առաջնային է Ուկրաինան, բայց սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ Ռուսաստանը կարող է նույն ընտրությունն անել նաև Կովկասում, քանի որ կարող է Կովկասից նահանջել:

Թուրքիայից մեզ ասում են՝ հաջորդը դուք եք, այստեղ կվերջացնենք և կգանք Զանգեզուր: Ինչո՞վ ենք զբաղված մենք՝ մեղքը ուրիշների վրա գցելով և ռեալիթի շոուներով»:

Նա նշեց, որ Թրամփը շարունակելու է աջակցել Ուկրաինային, ինչը նշանակում է, որ պատերազմն Ուկրաինայում շարունակվելու է: Նրա խոսքով՝ Իրանի վրա կարող է հարձակում լինել. «ԱՄՆ աղբյուրներից գալիս է նման տեղեկատվություն: Իրանն էլ սպառնում է, որ կլինի ջախջախիչ պատասխան: Եթե լինի հարձակում Իրանի վրա, այդ վերջին պետությունը, որը մեր կողքին կանգնած էր, առնվազն կարող է շատ զբաղված լինել, աշխարհի ուշադրությունը կշեղվի, մենք էլ կվերադառնանք 1915 թիվ, երբ հայերին մորթում էին, հայերը նամակներ էին ուղարկում, աշխարհն էլ դեկլարացիաներով էր զբաղված»:

Նա շեշտեց, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում. «Սա արդեն երրորդ համաշխարհային պատերազմի պրոքսի էտապն է, և տեսնում ենք, որ ԱՄՆ-ը և Արևմուտքն ուղղակիորեն հարձակվում են, 1 սմ է մնացել, որ ուղղակի բախվեն Ռուսաստանի հետ: Սա ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, և մենք կարող ենք լինել հաջորդը: Այսպիսի իրավիճակում նման կառավարություն ունենալը խելագարություն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս