Ինչո՞ւ և դեռ որքա՞ն կարժեզրկվի դրամը․ պարզաբանում է տնտեսագետը

Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին օրերին դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի ոչ զգալի արժևորումը, ըստ տնտեսագետների, դեռ կշարունակվի։ Մասնագետները սա պայմանավորում են՝ ինչպես դեպի Հայաստան դոլարային հոսքերի կրճատմամբ և ԿԲ-ի վարած փողի էժանացման` վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությամբ, այնպես էլ՝ դոլարի ու եվրոյի համաշխարհային շրջանառության մեծացմամբ։

«Որքան էլ նոր միությունները տրամադրված են առևտուր իրականացնել սեփական արժույթներով, խոշոր ստրատեգիական ռեսուրսները դեռևս շարունակվում են ամբողջ ֆոնդային շուկայում պտտվել այդ արժույթներով, իսկ շրջանառության մեծացումը բերում է այդ արժույթի նկատմամբ պահանջարկի մեծացման»,- 168am-ի հետ զրույցում թեմային անդրադառնալով, ի թիվս վերոգրյալի, նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Այս համատեքստում տնտեսագետը նկատեց, որ Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականության պատճառով է մինչ այս դոլարի ու եվրոյի փոխարժեքի շարունակական նվազում գրանցվել։

Կարդացեք նաև

«Դա պայմանավորված էր դրամի նկատմամբ կիրառած արհեստական մոտեցումներով ու, ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական տրանսֆերտներով»,- հավելեց նա։

Տրանսֆերտների մասին իր դիտարկումների համատեքստում Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաև ռուբլու արժեզրկմանն ու հայաստանյան տնտեսության վրա դրա շարունակական ազդեցությանը։

Ռուբլու արժեզրկումը նա համարում է կանխատեսելի գործընթաց՝ հաշվի առնելով ռուսական տնտեսությունում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված գործընթացները, իսկ դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ձևակերպում է հակիրճ՝ «այդ արժեզրկված ռուբլին տրանսֆերտների ձևով հասնում է Հայաստան»։

Ռուբլու հավասարակշռությունը պահելու միտումը, ըստ նրա, արհեստական է և ճնշում է ռուսական տնտեսությունը։

«Իրենց մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գերազանցել է 20 տոկոսը, ինչը սարսափելի թիվ է, և դա պայմանավորված է նրանով, որ հիմնական աշխատանքներն ուղղված են ռազմական համալիրի վրա, ինչի պարագայում ռուբլի կատեգորիան տեղաշարժվում է այնտեղ, իսկ սպառողական շուկայում առաջանում է դրա դեֆիցիտ և բարձրանում է գինը,- նշեց Վարդան Բոստանջյանը՝ արձանագրելով,- Տնտեսագետների լայն շրջանակներ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը համարում են տնտեսությունը խեղդող երևույթ, որի պարագայում տնտեսությունը չի ունենում զարգացման հնարավորություն»։

Նշենք՝ Կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ նոյեմբերի 29-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալ տեսքն ունեն․ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1,67 դրամով՝ կազմելով 394.64 դրամ, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 2.24 դրամով, և կազմել 416.82 դրամ:

Կենտրոնական դրամատունը նոյեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեք էր սահմանել 392.97 դրամը (աճը՝ 1.34 դրամ), եվրոյի փոխարժեք՝ 414.58 դրամը (աճը՝ 2.27 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը 0.01 դրամով նվազել էր՝ կազմելով 3.57 դրամ։

Հիշեցնենք՝ եթե 2023թ. վերջից դոլարի փոխարժեքը կայունացել էր 400-405 դրամի տիրույթում, ապա 2024-ի մարտից սկսեց աստիճանաբար նվազել։

Տեսանյութեր

Լրահոս