Փրայմերիզորդը

Պոպուլիստների գործունեության կարևոր սկզբունքներից մեկը մանիպուլյացիան է նրանք մանիպուլացնում են ոչ միայն առկա իրողությունները, այլև իրենք են ստեղծում խնդիրներ ու հետո դրանց դեմ պայքարը ներկայացնում են որպես հերոսություն՝ հընթացս օգուտներ քաղելով նաև դրանից։ Այդ խնդիրները չեն հորինվում հենց այնպես, այլ հետապնդում են խիստ որոշակի նպատակներ։ Հենց դա է տեղի ունեցել Գյումրիում և շարունակվում է այսօր։

Երկրի երկրորդ քաղաքն ուներ ընտրված քաղաքապետ և ավագանի, որը քիչ թե շատ բնականոն գործում էր (խոսքը տվյալ դեպքում արդյունավետության մասին չէ)։ Չնայած կենտրոնական իշխանության հետ կոնյունկտուրային հարաբերություններին, իշխանությանը ծառայելու պատրաստակամությանը, այդուհանդերձ Գյումրիի քաղաքապետն ու ավագանին ՔՊ-ից չէին, և Փաշինյանը սպասվող ընտրություններից առաջ ՏԻՄ-երի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու ծրագրի շրջանակներում՝ օգտագործելով իրավապահ մարմիններին, պարզ շանտաժի միջոցով ստիպեց հրաժարական տալ քաղաքապետին ու ավագանուն։

Նպատակը միանգամայն քաղաքական էր, որևէ կապ չուներ կառավարման, արդյունավետության հետ։ Հետո պարզ դարձավ, որ քաղաքը հայտնվել է կառավարման ճգնաժամում, պաշտոնյաները սկսեցին հայտարարել, թե արդեն նախկին քաղաքապետն ու ավագանին ստորաբար սաբոտաժ են արել՝ քաղաքում ստեղծելով անկառավարելիություն։

Առաջին փուլում իշխանությունը՝ առանց օրենսդրական արգելքների մասին մտածելու, որոշեց, որ արագ կարող է արտահերթ ընտրություններ կազմակերպել, հետո, երբ հայտնի դարձավ ոչ միայն օրենսդրական արգելքների, այլ նաև իշխանության հավանական թեկնածուի արյան մեջ թմրանյութի առկայության մասին, Նիկոլ Փաշինյանը լծվեց իր իսկ ստեղծած խնդիրը հերոսաբար լուծելու գործին՝ նախօրեին հայտարարելով, թե Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար կազմակերպում են կուսակցական նախնական ընտրություններ՝ փրայմերիզ։

Կարդացեք նաև

Այսինքն՝ նա նախ հարուցեց խնդիրը, հետո սկսեց այդ նույն խնդիրը հաղթահարել այնպես, որ արդյունքում և՛ քաղաքային իշխանությունը կլինի ՔՊ-ինը, և՛ հընթացս դիֆերամբներ կհնչեն իր «ժողովրդավար լինելու  մասին»՝ իշխանության թեկնածուին ընտրում է արևմտյան դեմոկրատիաներին հարիր փրայմերիզի միջոցով։ Այս գործողությամբ նա կլուծի հերթական, բայց հանրապետության երկրորդ քաղաքում տեղական իշխանության բռնազավթման խնդիրը՝ միևնույն ժամանակ դա ներկայացնելով՝ որպես «ժողովրդավարությանը հավատարմության» դրսևորում։

Ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային վերաբերող այս խնդրի լուծմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանն առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ առաջին հերթին իր քաղաքական թիմին կարևորագույն ուղերձ է հղում այն մասին, որ Հայաստանում այլևս իշխանությունը ձևավորվելու է ոչ թե համապետական կամ տեղական ընտրություններով, այլ իր որոշմամբ։

Խոսքը ձևական ընտրությունների մասին չէ, որոնք այսպես թե այնպես կկազմակերպվեն։ Փաշինյանի ուղերձն այն մասին է, որ ընտրությունները, բուն քվեարկությունն այլևս կապ չունեն իշխանության ձևավորման հետ, քանի որ ինքը, տիրապետելով վարչական և մնացած լծակներին, ի վիճակի է ապահովելու ընտրական ցուցանիշները։

Հետևաբար՝ կարևորն ընտրությունն է ոչ թե տեղամասերում, այլ սեփական թիմում, և, որ որևէ մակարդակում իշխանության ձևավորումն այլևս կախված է ոչ թե ընտրողների կամքից, ինչպես ասվում է իր լալահառաչ տեքստերում, այլ իր որոշումներից, որոնք փաթեթավորում է «փրայմերիզի» նման գեղեցիկ ձևակերպումներով` hավատարիմ մնալով պոպուլիստի իր կոչմանը, որը նրա համար այլ հմայք է ստացել արդեն իսկ ակնհայտ ավտորիտար իշխանության պայմաններում։  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս