Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:
Պոպուլիստների գործունեության կարևոր սկզբունքներից մեկը մանիպուլյացիան է․ նրանք մանիպուլացնում են ոչ միայն առկա իրողությունները, այլև իրենք են ստեղծում խնդիրներ ու հետո դրանց դեմ պայքարը ներկայացնում են որպես հերոսություն՝ հընթացս օգուտներ քաղելով նաև դրանից։ Այդ խնդիրները չեն հորինվում հենց այնպես, այլ հետապնդում են խիստ որոշակի նպատակներ։ Հենց դա է տեղի ունեցել Գյումրիում և շարունակվում է այսօր։