Մեզ ասացին՝ Ադրբեջանի դեսպանատունն է ճնշել Հորդանանի կառավարությանը, որպեսզի ֆիլմը հանեն մրցույթից. տեղի ունեցածը մեզ միայն ուժ է տալիս. Սարին Հայրապետյան

Վերջերս հայտնի դարձավ, որ Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:

Deadline-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։ Կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար:

Այս ֆիլմը պատմում է արցախցի 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանն ասաց, որ իր վավերագրական ֆիլմի ընթացքը չի կասեցվել, այն տարբեր միջազգային փառատոների է ներկայացվելու, և ֆիլմի այդ հաղթական ընթացքը շարունակվելու է։

«Երբ մեզ Հորդանանից տեղեկացրեցին, որ ֆիլմը պետք է մասնակցի «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում, անշուշտ, ուրախացանք, մեզ համար մեծ հպարտություն էր, չէինք սպասում, որ այսպես կլինի և ֆիլմը դուրս կմնա «Օսկարից»։ Երբ Ակադեմիայից տեղեկացրեցին, որ ֆիլմը հանել են մրցանակաբաշխությունից, կապ հաստատեցինք հորդանանյան կողմի կազմակերպիչների հետ, որպեսզի իրենց հարցնենք ու պատասխաններ ստանանք, թե ինչո՞ւ են այդպես որոշել։

Կապ հաստատեցինք կինոկազմակերպության հետ, որը Հորդանանի կառավարության հետ կապ ունեցող կառույց է։ Այնտեղից մեզ պատասխանեցին, որ Ադրբեջանի դեսպանատունն է ճնշել Հորդանանի կառավարությանը, որպեսզի այս ֆիլմը հանեն մրցույթից։ Սա է այն պատասխանը, որը մեզ հասավ»,- նշեց Սարին Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ կինոկազմակերպությունից նաև հիշեցրել են, որ ֆիլմի հարցում իրենց նախկինում աջակցություն են ցուցաբերել, ուստի այսուհետ ևս  ֆիլմի հետևում են կանգնելու, աջակցելու են, սակայն կոնկրետ այս որոշումն իրենց ձեռքում չի եղել։

«Անշուշտ, այն փառատոնը, որին Հորդանանում մենք մասնակցել ենք, իրենց փառատոներից մեկն է, և իրենք են հովանավորում։ Այդ ձևով նրանք ուզեցին մեզ ասել, որ իրենք դեռ աջակցելու են ֆիլմին»,- շեշտեց կինոնվավերագրողը։

Սարին Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ օրերս «Տունս քաղցր ա» ֆիլմը Միջազգային վավերագրական ասոցիացիայի կողմից նորմինացվել է երեք անվանակարգերում՝ ամենալավ նկարչության, լավագույն մոնտաժի, լավագույն երաժշտություն կոմպոզիցիայի համար. ֆիլմի  երաժշտության հեղինակը Տիգրան Համասյանն է։

«Ինչպես տեսնում եք, ֆիլմը շարունակում է մրցույթների մասնակցել ու դեռ պետք է մասնակցի, այս եղածը միայն մեզ առաջ է տանում և ուժ  տալիս, որպեսզի կարողանանք ֆիլմն աշխարհում ներկայացնել»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմի վրա սկսել է աշխատել 2018 թվականից։

«Կյանքիս մի մասը կազմել է Արցախը՝ Վրեժը, Անին ու իր ընտանիքը, որի մասին է ֆիլմը։ Չեմ կարծում, որ այս Ֆիլմից հետո գործս ավարտվում է, գործս շարունակում եմ, քանի որ Արցախում 500 ժամ նկարել եմ։ Ֆիլմը միայն 86 րոպե է, շատ ավելի մեծ նյութ ունեմ, այն տարբեր ձևերով պետք է ներկայացնեմ, որպեսզի Արցախի պատմությունը կարողանամ պատմել վավերագրական ֆիլմի միջոցով»,- եզրափակեց Սարին Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս