Պարսից ծոց-Միջերկրական ծով. երկարամյա խողովակաշարերը կրկին պահանջված են. Իրաքում լարվածությունը սրընթաց աճում է
Մարտի 18-ին Իրաքի իշխանությունները հայտարարել են Քիրքուքի հանքավայրերից օրական 250 հազար բարել հում նավթի արտահանման վերսկսման մասին՝ երկրի քրդական հյուսիսով անցնող խողովակաշարով դեպի Միջերկրական ծովի հարավային ափի բեռնման տերմինալներ:
Իրաքից նավթը հասնում է Թուրքիա, հաստատել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը՝ հավելելով, որ մատակարարումների ծավալը կկազմի օրական 170-250 հազար բարել, ընդ որում, Անկարան առաջարկել է խողովակաշարը երկարացնել մինչև Բասրա: «Արդեն երկար տարիներ խոսում ենք այդ մասին՝ հարցնելով, թե ո՞ւր է Իրաքն արտահանելու իր նավթը, եթե փակվի Հորմուզի նեղուցը»:
Նախօրեին Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնել է իր խողովակաշարով բաց թողնել իրաքյան նավթն ԱՄՆ-ի միջամտությունից հետո, ինչը վերջ է դրել մեկ շաբաթ տևած հակամարտությանն Էրբիլի և Բաղդադի միջև այդ հարցի շուրջ: Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելուց հետո, որը հանգեցրել է էներգառեսուրսների մատակարարման փլուզմանը (և ոչ միայն), Թրամփի վարչակազմը տենդագին փնտրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակներ: Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը և Իրաքից սև ոսկու գրեթե ամբողջ արտահանումը:
Ամբողջությամբ միացել է Սիրիայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, որը Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Մասուր Բարզանիի հետ հրավիրվել է Էրբիլի և Բաղդադի ներկայացուցիչների միջև հերթական վիրտուալ խորհրդակցությունից անմիջապես առաջ: Բարաքը «համաձայնել է» Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության պահանջին՝ ԱՄՆ դիվանագետների և ֆինանսիստների մասնակցությունը Բաղդադի և Էրբիլի միջև արտաքին առևտրից եկամուտների բաշխման վերաբերյալ ապագա բանակցություններին:
Վաղեմի հակամարտության հիմքում ընկած է Բաղդադի հրաժարումը՝ թույլ տալ երկրի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի իշխանություններին պահպանել վերահսկողությունը ցամաքային սահմանների և օդանավակայանների, ինչպես նաև մաքսային մուտքերի նկատմամբ: Համարվում է, որ Մ. Բարզանիի՝ հետ քաշվելու և «քրդական» խողովակաշարի օգտագործումը թույլատրելու որոշումը մասամբ պայմանավորված է Իրաքում արաբական մեծամասնության բացասական արձագանքի հետ կապված աճող մտավախություններով:
Շատ արաբ քաղաքական գործիչներ քրդերին մեղադրում են երկրում տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ՝ զրկելով նրան նավթ վաճառելու և բյուջետային կարիքների գոնե մի մասը ծածկելու միակ եղանակից: Բարզանին նաև բախվել է կոալիցիայի կրտսեր գործընկերոջ՝ Քուրդիստանի հայրենասիրական միության հակազդեցությանը, որի առաջնորդ Բաֆել Թալաբանին Էրբիլի իշխանություններին մեղադրում է միակողմանի գործողությունների մեջ:
Դուբայում գրանցված Dana Gas ընկերությունը, որպես նախազգուշական միջոց, տարհանել է ողջ անձնակազմին Իրաքյան Քուրդիստանի իր Խոր-Մոր գազային հանքավայրից:
Հայտնի է՝ Իրանն ապահովում էր Իրաքի էներգետիկ կարիքների մոտավորապես մեկ երրորդը՝ օրական մոտ 50 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը թույլ էր տալիս արտադրել 6000 մեգավատտ էլեկտրաէներգիա: Մարտի 25-ի ուշ երեկոյան Բաղդադում սկսվել են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, որոնք խորացնում են հասարակ քաղաքացիների տառապանքները, որոնք հայտնվել են խաչաձև կրակի տակ: Շիա աշխարհազորայինները շարունակում են հարձակվել Իրաքի տարբեր օբյեկտների վրա, այդ թվում՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան և Էրբիլում ամերիկյան ռազմաբազայի վրա: Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցնում ժողովրդական աշխարհազորայինների և իրաքյան բանակի տեղակայման վայրերին:
Մասնավորապես, սպանվել է Անբար նահանգում ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի (Հաշդ աշ-Շաաբի) հրամանատար Սաադ Ալ-Բայջին, ինչը հանգեցրել է Բաղդադի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կտրուկ սրմանը:

Թուրքական երթուղուց բացի, Իրաքի իշխանությունները ծրագրում են Միջերկրական ծովի ափին գտնվող սիրիական Բանիյաս նավահանգիստն օգտագործել որպես նավթի արտահանման այլընտրանքային երթուղի՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին օրերս հայտարարել է Իրաքի նավթի մարքետինգի պետական ընկերության (SOMO) գլխավոր տնօրեն Ալի Նիզարը:
Խոսքը մոտ 1300 կմ հեռավորության վրա գտնվող նավթամուղի մասին է (ճյուղավորված դեպի հարևան սիրիական Տարտուս նավահանգիստ), որը բրիտանական և ֆրանսիական նավթային ընկերությունների կողմից գործի է դրվել դեռևս 1950-ականների կեսերին Կենտրոնական Իրաքից, սակայն դադարեցրել է կանոնավոր աշխատանքը 1970-ականների կեսերից:
«Ստեղծված իրավիճակը պահանջում է նավթի բաշխման նոր խողովակների բացում, մասնավորապես՝ հարավային Իրաքի տարածաշրջանից (Բասրա նավահանգստի մոտ գտնվող Քուրնա և Ռումայիլա խոշոր հանքավայրերը.- խմբ.) նավթի համար՝ սիրիական Բանիյաս նավահանգստով»,- նշել է Նիզարը, որի կարծիքը մեջբերել է Իրաքի պետական լրատվական գործակալությունը՝ INA-ն:

Նա ընդգծել է՝ «արտահանման հոսքերի դիվերսիֆիկացիան՝ Քիրքուքից նավթը թուրքական Ջեյհան նավահանգստով (1980-ականներից գործող նավթատարով) և Բասրա շրջանից Բանիյասով կհեշտացնի և կարագացնի իրաքյան նավթի մուտքը համաշխարհային շուկաներ, ինչպես նաև կնվազեցնի երկրի հարավային նավահանգիստների (Բասրա, Ումմ Քասր, Ֆաու) բեռը, նույնիսկ, եթե Պարսից ծոցի ավազանում և տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակը կարգավորվի»:
SOMO-ի ղեկավարը նաև հստակեցրել է՝ ներկայումս Իրաքը եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ օրական 850-900 հազար բարել մատակարարելու պայմանագրեր ունի: Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց հետո Բաղդադի իշխանությունները չեն դադարեցրել այդ պայմանագրերը՝ աստիճանաբար դրանք կենտրոնացնելով Ջեյհանի և Բանիյասի վրա:

Խորհրդակցություններ են ընթանում Արևմուտքի մի շարք նավթային ընկերությունների հետ՝ որոշ հատվածների արդիականացման և Դամամ–Ջուայմա (Պարսից ծոցի Սաուդյան հատված) գծով 1260 կմ երկարությամբ Տրանսարաբական նավթամուղի աշխատանքի վերականգնման վերաբերյալ, որը գործում է 1948–ից:
Քաղաքական պատճառներով այս զարկերակը չի գործում 1960-ականների կեսերից, բայց տարածաշրջանում ներկայիս իրավիճակը ստիպում է գործարկել այս երթուղին, մանավանդ որ, Տրանսսաուդյան խողովակաշարի Արևելք-Արևմուտք Ջուայմա/Դամմամ-Կարմիր ծովի Յանբո նավահանգիստ-օրական 5 միլիոն բարել հզորությամբ առայժմ բավարար չեն Պարսից ծոցով նախկին հոսանքներն առավելագույնս յուրացնելու համար:
Հակամարտության սկսվելուց առաջ Saudi Aramco-ն արտահանել է օրական 7,2 միլիոն բարել՝ հիմնականում Պարսից ծոցում գտնվող իր տերմինալների միջոցով Ռաս Թանուրա և Ջուայմա. Իսկ հարձակման ենթարկված Յանբու նավահանգստի արտահանման իրական հնարավորությունները դեռ ցածր են այն տերմինալների հզորությունից, ինչը ստիպում է նորմավորել մատակարարումներն ու դրանց ժամկետները տրանսսաուդյան երթուղով:

Միևնույն ժամանակ, լուրեր են շրջանառվում, որ Իրաքը և Հորդանանը սկսում են նավթատարի կառուցումն Իրաքի հարավից դեպի Հորդանանի Կարմիր ծովի Աքաբա նավահանգիստ: Դեռևս 2019-ի փետրվարին Բաղդադը և Ամմանը համաձայնության եկան համատեղ կառուցել այս խողովակաշարը, որը նախատեսված է Իրաքին նավթի արտահանման ուղիների լրացուցիչ դիվերսիֆիկացիա ապահովելու համար, շինարարական համաձայնագիր, որը երկրները համաձայնել էին կնքել 2012-ի սեպտեմբերին: Սա 1680 կմ երկարությամբ Բասրա-Աքաբա երթուղին է (680 կմ Իրաքում և 1000 կմ Հորդանանում)՝ օրական 1-1,2 միլիոն բարել հզորությամբ, օրական 1,8-2,1 միլիոն բարել աճելու հնարավորությամբ:
Իրաքը Հորդանանին խոստացել է մատակարարվող նավթի գնի զեղչ, իսկ Հորդանանը, փոխարենը, կսկսի Իրաքին էլեկտրաէներգիա մատակարարել: Հորդանանի իշխանություններն արդեն 75%-ով կրճատել են Աքաբա նավահանգստով ներմուծվող իրաքյան ապրանքների ներմուծման տուրքերը, այդ թվում՝ Բասրա-Աքաբա խողովակաշարի համար շինարարական սարքավորումների և խողովակների, հիմնականում՝ Արևմտյան Եվրոպայից:
Բացի այդ, Իրաքի էներգետիկ գերատեսչությունն ուսումնասիրում է 2010-ականների սկզբին ընդհատված նավթարտահանումը 1950-ականների սկզբից Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլիի նույն նավահանգիստ գործող խողովակաշարով վերականգնելու հնարավորությունը: Թեև, հավանաբար, միայն Իրաքում չէ, որ վախենում են, որ Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողություններն ուղղված են դեպի Լիբանանի Սայդա և Տրիպոլի նավահանգիստներ նշված նավթամուղերի և հենց այդ նավահանգիստների գրավմանը:
Դմիտրի Նեֆյոդով
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



