Հիջազի երկաթուղի. Թուրքիան վերակենդանացնում է Օսմանյան վաղեմի նախագծերը
Թուրքիան ակտիվորեն առաջ է տանում պատմական ցամաքային երթուղու վերականգնումը, որը Սիրիայի տարածքով կրկին կկապի իր տարածքը Հորդանանի և Պարսից ծոցի պետությունների հետ: Առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով՝ միջանցքի գործարկումը նախատեսված է 2026 թվականին: Ենթադրվում է՝ նախագիծը կմիավորի տարածաշրջանի տնտեսական տարածքները և կբացի Անկարայի, Դամասկոսի և Ամմանի փոխգործակցության նոր փուլ: Թեստային փոխադրումներն արդեն իրականություն են. թուրքական բեռնատարները ժամանակ առ ժամանակ անցնում են Հորդանան, այնուհետև՝ Ծոցի երկրներ։

Սիրիայի տարածքով տարանցման վերսկսումը դարձել է ոչ միայն լոգիստիկ բարելավում, այլև կարևոր քաղաքական ազդանշան։ 2025 թվականի հունիսին Ստամբուլում Թուրքիայի և Սիրիայի տրանսպորտի նախարարների միջև ստորագրված համաձայնագիրը երկու երկրների միջև ավելի քան մեկ տասնամյակ տևած համագործակցության կարևոր օրինակ էր։ «Միջանցքը թույլ կտա թուրքական բեռնատարներին մուտք գործել Հորդանան և Պարսից ծոցի երկրներ վիզաների հետ կապված խնդիրների վերացումից և Սիրիայի տարածքում ցամաքային ճանապարհների վերականգնումից հետո»,- ասել է թուրք նախարարը: Փաստաթուղթը փաստացի ուղղված է երթուղու «վերակենդանացմանը», որից մինչև 2011 թվականը տարեկան օգտվում էին հազարավոր թուրքական բեռնատարներ։ Սիրիայում զինված բախումների սկսվելուց հետո ցամաքային հաղորդակցության դադարեցումը լրջորեն հարվածել է թուրքական տնտեսությանը. արտահանողները ստիպված են եղել անցնել թանկ և դանդաղ ծովային փոխադրումների:
Ակնկալվում է՝ նոր մայրուղին հնարավոր կդարձնի բեռների առաքումը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ ծովային երթուղիների համեմատ կրճատելով տրանսպորտային ծախսերը մոտ 40%-ով: Դա Թուրքիային զգալի գնային առավելություն կապահովի Պարսից ծոցի շուկաներում։
Ռազմավարական նշանակություն Թուրքիայի համար
Հայտնի է՝ Էրդողանը երազում է Օսմանյան ժառանգության և տարածաշրջանային կապերի վերածննդի մասին։ Իրաքի և Անատոլիայի միջև ցամաքային միջանցքը տեղավորվում է Անկարայի՝ երկիրը տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի վերածելու ավելի լայն ծրագրի մեջ։ Կարմիր ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում անկայունության խորապատկերին Թուրքիան ձգտում է նվազեցնել կախվածությունը ծովային ուղիներից՝ խթանելով Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը և Կենտրոնական Ասիան կապող ավտոճանապարհային և երկաթուղային գծերի զարգացումը:

Տնտեսագետների կարծիքով՝ նախագիծը կարող է կտրուկ մեծացնել Թուրքիայի արտահանումը՝ շնորհիվ Ծոցի աճող շուկաների անմիջական հասանելիության։ Դրա հետ մեկտեղ, մասնագետների կարծիքով, ցամաքային ճանապարհի զարգացումը կարող է ուժեղացնել ճնշումն արաբական առաջատար նավահանգիստների՝ Ջիդդուի և Աքաբայի վրա, որոնց, հավանաբար, անհրաժեշտ կլինի ենթակառուցվածքի արդիականացում՝ տարածաշրջանի փոփոխվող լոգիստիկ քարտեզին հարմարվելու համար:

Հորդանանի հետաքրքրությունը
Հորդանանի համար նախագիծը հնարավորություններ է բացում տնտեսական աշխուժացման և համեմատաբար այս աղքատ և ներքին անկայուն ներուժով երկրի՝ որպես տարանցիկ կենտրոնի դերի ամրապնդման համար: Պաշտոնական Ամմանը դրական է ընդունել թուրք-սիրիական պայմանավորվածությունները՝ դրանք դիտարկելով որպես տարածաշրջանային առևտրի վերականգնման կարևոր քայլ: Հորդանանի և Սիրիայի ցամաքային տրանսպորտի միասնական տեխնիկական կոմիտեն հունիսին համաձայնեցրել է տարանցման ընթացակարգերի ներդաշնակեցումն ու ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացումը: Համաձայնագիրը սահմանել է փոխադարձության սկզբունքները մաքսային և լոգիստիկ ոլորտներում՝ ճանապարհ հարթելով դեպի տարածաշրջանային ինտեգրում:

2025 թվականի առաջին ինն ամիսներին Թուրքիայի և Հորդանանի միջև ապրանքաշրջանառությունը 1,1 միլիարդ դոլարից հասել է 1,4 միլիարդ դոլարի, և սպասվում է, որ մինչև տարեվերջ կգերազանցի 1,6 միլիարդը: Հորդանանը նաև մտադիր է վերսկսել Հիջազի երկաթուղու աշխատանքը և ինտեգրվել այն նոր տրանսպորտային ցանցում, ինչը թույլ կտա երկիրը վերածել լոգիստիկ հանգույցի, որը կապում է Աքաբա նավահանգիստը Թուրքիայի և հետագայում՝ Եվրոպայի հետ:
Պատմական համատեքստ. Հիջազի երկաթուղի
«Մերձավորարևելյան ուղի» նախաձեռնությունը հատվում է Օսմանյան կայսրության օրոք Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք կառուցված Հիջազի երկաթուղու պատմական գծին (Այն պետք է միացներ Դամասկոսը և մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքան՝ մեծապես հեշտացնելով ամբողջ աշխարհի մուսուլմանների համար Հաջի կատարումը: Ճանապարհի կառուցումը կհեշտացներ թուրքական զորքերի տեղափոխումը և կամրապնդեր Օսմանյան խալիֆայության վերահսկողությունն արաբական հեռավոր նահանգների վրա, ինչպես նաև խթան կհաղորդեր նրանց տնտեսական զարգացմանը:
Շինարարությունը սկսվել է 1900 թվականին և իրականացվել՝ ինչպես թուրքական բանակի, այնպես էլ՝ տեղի բանվորների ուժերով։ 1908 թվականին ճանապարհը հասել է Մեդինա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այն օգտագործվել է զորքեր և ռազմական բեռներ տեղափոխելու համար՝ հարձակման ենթարկվելով արաբական ջոկատների կողմից՝ բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբացու հրամանատարությամբ։ Պատերազմում կենտրոնական տերությունների պարտությունից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո ճանապարհը հայտնվեց մի քանի նոր անկախ պետությունների տարածքում, որոնք ի վիճակի չէին ապահովել դրա աշխատանքն ամբողջ ընթացքում:

Ներկայումս գործում են ճանապարհի առանձին հատվածներ՝ Դամասկոսից մինչև Ամման, Մաանի մերձակա ֆոսֆատային հանքավայրերից մինչև Աքաբայի ծոց և Հայֆայից մինչև Բեյթ Շեանա): Ավելի քան հարյուր տարի առաջ Դամասկոսն ու Մեդինան կապող երկաթուղին կրկին քննարկման առարկա է դառնում՝ գործնական իրականացման հեռանկարով:

Թուրքիան արդեն մասնակցում է սիրիական առանձին հատվածների վերականգնմանը՝ տրամադրելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն։ Սեպտեմբերին տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաստատել էր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու սիրիական տարածքում 30 կիլոմետրանոց հատվածի ավարտին:
Իր հերթին, Հորդանանը մտադիր է պատասխանատու լինել լոկոմոտիվային պարկի և մինչև Դամասկոս գծի սպասարկման համար:
Խնդիրներ և սահմանափակումներ
Ենթադրվում է՝ պրոֆիլային նախարարների առաջիկա խորհրդակցության ընթացքում վերջնականապես կհաստատվեն անդրսահմանային տրանսպորտային նախագծերի ծրագրերը՝ ներառյալ Նասիբ-Ջաբեր (Հորդանան-սիրիական սահմանին), Բաբ-էլ-Հավա (Իդլիբ, Սիրիայի հյուսիս-արևմուտք) և Գազիանթեփ-Հալեպ գծի առանցքային անցակետերի արդիականացումը:
Հորդանանը և Սիրիան նաև պայմանավորվել են իրագործելիության ուսումնասիրություն իրականացնել իրենց մայրաքաղաքներն Անկարայի հետ կապող նոր երկաթուղային գծերի կառուցման համար:

Սակայն, չնայած հավակնոտությանը, նախագիծը բախվում է լուրջ դժվարությունների։ Հիմնական խոչընդոտները պատերազմից ավերված սիրիական ճանապարհներն են, վերահսկողության մասնատված գոտիները, ներդրումների պակասը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների երկաթուղային ստանդարտների անհամատեղելիությունը:

Լրացուցիչ բարդությունը պայմանավորված է նրանով, որ Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող պատմական Հիջազի գծի մի մասը վերածվել է տուրիստական գոտու: Նրա տրանսպորտային գործառույթը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ծախսեր և համաձայնեցված քաղաքական որոշումներ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Հորդանանի միջև, որոնց դեռ պետք է հասնել:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են՝ չորս երկրների աճող դիվանագիտական մերձեցումը պայմաններ է ստեղծում այդ խոչընդոտների աստիճանական հաղթահարման համար։
Տարածաշրջանային համատեքստ
Անկարայի նախաձեռնություններն արտացոլում են լայնածավալ փոփոխությունների սկիզբը ոչ միայն լոգիստիկայի ոլորտում, այլև ողջ Մերձավոր Արևելքի քաղաքական-տնտեսական ճարտարապետության մեջ։ Թուրքիան ձգտում է ամրապնդել Եվրոպայի և արաբական աշխարհի միջև կապող օղակի դերը։

Մերձավորարևելյան ցամաքային ճանապարհի և Հիջազի երկաթուղու վերածնունդը խորհրդանշում է պատմական ժառանգության և ժամանակակից տնտեսական կարիքների միավորումը: Պատերազմներից պատառոտված առևտրային երթուղիները կրկին «միս ու արյուն» են ստանում։
Մրցակցող գլոբալ նախագծերի խորապատկերին՝ հնդկա-եվրոպական միջանցքներից մինչև տրանսարաբական երթուղիներ, Թուրքիան ձգտում է շարժվել դեպի հարավ՝ դեպի Պարսից ծոց և Աֆրիկա: Իսկ Սիրիան կրկին վերադարձնում է առանցքային ցամաքային կամրջի դերը «Հյուսիս-Հարավ» առանցքի վրա։

Եթե աշխատանքներն ավարտվեն ժամանակին, 2026 թվականը կարող է շրջադարձային կետ լինել տարածաշրջանի լոգիստիկայի և առևտրի համար: Նոր երթուղին խոստանում է ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև երկար ժամանակ խզված մնացած կապերի վերականգնում։ Մերձավոր Արևելքը թևակոխում է նոր դարաշրջան, երբ տանկերի և հրետանու փոխարեն՝ բեռնատարներ և գնացքներ են շարժվում:
Այնուամենայնիվ, մինչ այդ երջանիկ պահը դեռ պետք է ապրել, և դա, իհարկե, ոչ բոլորին կհաջողվի։
Նյութը պատրաստելիս օգտագործվել են Հիջազի երկաթուղու պատմական լուսանկարները:
ՍՏԱՆԻՍԼԱՎ ԿՈՏՅՈԼԿԻՆ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



