Իշխանության էքստազի անատոմիան
Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր գաղափարական ելույթների առանցքը հակագաղափարն է։ Ոչ այն իմաստով, որ նրա արտաբերած նույնիսկ ամենաաբսուրդ մտքերը դասելի չեն գաղափարի կատեգորիային։ Անտիիդեան՝ որպես հայեցակարգ, նրա մոտ արտահայտվում է հանրային գիտակցության մեջ արմատացած գաղափարներին հակադրվելով, ավելի ճիշտ՝ դրանց ոչնչացմամբ։
Փաշինյանը կամ այդ ելույթների իրական հեղինակները դրանք կառուցում են դեստրուկտիվիզմի սկզբունքով, որը վերաբերում է ոչ միայն հնչող մտքերի ապակառուցողականությանը, այլ նպատակ ունի կազմաքանդել լսարանի բանական, արժեքային ու բարոյական կառույցը։ Անհատապես ու հավաքականորեն։
Փաշինյանն իր ելույթներում անում է հայտարարություններ, որոնց քննարկումն անգամ մեծագույն հարված է հայ մարդու բանականությանը, հիշողությանը, հավատալիքներին, կյանքի իմաստին։ Նախօրեին ԱԺ-ում ունեցած 30 րոպեանոց ելույթում նա մի քանի նախադասությամբ զրոյացրեց նորանկախ Հայաստանի վերջին 30 տարիների գոյությունը, դրա համար իրենց կյանքը զոհաբերած մարդկանց, նախկին բոլոր քաղաքական, պետական գործիչներին։
Նույն այդ 30 րոպեանոց ելույթում նա ևս մի քանի նախադասությամբ հաջողացրեց հողին հավասարեցնել ոչ միայն պատմության 30, այլ ընդհուպ 600 տարիների հայ ժողովրդի ապրածն ու ապրվածը, տասնյակ-հազարավոր քաղաքացիների ծագումն ու նախապապերին, ինքնությունն ու սրբացված հիշողությունը։
Այդ ելույթի առանձին նախադասությունների ու պարբերությունների քննարկումն ինքնին նշանակում է նպաստել փաշինյանական նպատակադրումների իրագործմանը, քանի որ նրա ամենամեծ հաղթանակն այն է, որ պետականության մասին իր հակապետական թեզերն ու ազգի մասին իր հակաազգային դատողությունները դառնան քննարկման առարկա, դրանց ընդդիմախոսեն, ներկայացնեն հակափաստարկներ ու նաև դրանով դառնան հանրային-քաղաքական օրակարգի մաս։ Այն դեպքում, երբ այդ գործընթացն իրականում շատ նման է «ապացուցիր, որ դու ուղտ չես» հայտնի ալեգորիային, որի մեջ մտնողն արդեն իսկ կասկածի տակ է դնում իր մարդկային կերպը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով լսարանին, հասարակությանը փորձում է դուրս բերել բանականության հարթությունից՝ տեղափոխելով իռացիոնալ դաշտ, որտեղ ինքը միշտ հաղթելու է։ Նա ամեն մի նման ելույթով հասարակությանը հասցնում է փսիխոզի՝ իր հերթական քաղաքական էքստազն ապրելու համար։ Եվ որքան ավելի աղմկոտ են նման ելույթների քննարկումները, որքան ավելի սուր է իրեն ուղղված հայհոյանքը, այնքան ավելի բուռն է իշխանական էքստազը։
Հասկանալի է՝ թշնամու օրակարգը սպասարկող նման ելույթներով Նիկոլ Փաշինյանը լուծում է նաև այլ խնդիրներ, գուցե կատարում է այս կամ այն արտաքին խաղացողի պատվերը, հող նախապատրաստում մեկ այլ պատվիրատուի ցանկացածն իրագործելու համար։
Բայց բացի այդ հատվածական հարցերից, նման ելույթներով Նիկոլ Փաշինյանը լուծում է նաև շատ ավելի գլոբալ խնդիր՝ ցույց է տալիս հասարակության ամոթի ու արժանապատվության չգոյությունը, որովհետև ամոթ ու արժանապատվություն ունեցող հասարակության դեպքում անկարելի պիտի լիներ ազգի սրբությունների վերբալ պղծումն ու նախնիների վիրտուալ արտաշիրմումը։
Նիկոլ Փաշինյանն ահա, ելույթից ելույթ զբաղվում է դրանով ու ելույթից ելույթ ցույց է տալիս, որ հասարակությունը՝ ընդհանրության մեջ, չունի այն որակները, որոնց բացակայության շնորհիվ ինքն արդեն 6 տարի պահպանում է իշխանությունը՝ ամոթ և արժանապատվություն։
Փաշինյանն ամեն մի նման ելույթով համահարթեցնում է իրեն և հասարակությանը՝ հավասարեցնելով սեփական և հանրային անամոթությունն ու անպատվությունը։ Իսկ ամոթի ու արժանապատվության բացակայությունը, բացի էսթետիկ գարշանքից, ունի նաև առարկայական նշանակություն։ Անամոթ հասարակությունն ամոթ չի ապրում՝ կորցնելուց/հանձնելուց այն, ինչի համար բարոյական իմպերատիվը ստիպում է ամաչել։ Եվ կորցնողների/հանձնողների հետ չի անում այն, ինչը պահանջում է արժանապատվության իմպերատիվը։
Հարություն Ավետիսյան