Ո՞վ ես դու, որ որոշես՝ Հայաստանի Հանրապետությունում ով ինչով պետք է զբաղվի. Հայաստանում գոյություն չունի մարդ, ով կարող է ունենալ քաղաքական հավակնություն, ու նախկին կամ ներկա չէ. Արամ Օրբելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանում մենք տեսնում ենք՝ «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» գլոբալ պրոցես։ Դա կեղծ օրակարգ է։
  • Որպեսզի մենք հասկանանք՝ որևէ գերտերությունում ընտրությունների արդյունքները մեզ ձեռնտո՞ւ են, թե՞ ոչ, նախ մենք պիտի կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում։ Եթե Հայաստանի ղեկավարությունը ուղիղ, առանց խնդիրների բանակցում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ԱՄՆ-ում կամ այլ երկրում որևէ ընտրության արդյունք էական չէ։ Հայաստանի Հանրապետության օկուպացիոն ռեժիմի դիրքորոշման պայմաններում, երբ մենք չունենք դիրքորոշում, որևէ բան կարևոր չէ։ Երբ կունենանք պետության դիրքորոշում ու ընտրված ներկայացուցիչներ, ովքեր կառաջնորդվեն և՛ մանդատով, և՛ Հայաստանի սահմանադիր փաստաթղթերով, նոր կարող ենք քննարկել, օրինակ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները։ Թե չէ՝ հիմա Թրամփը կհաղթի՞, թե՞ Հարիսը, Բայդենն ի՞նչ կասի, բոլորովին նշանակություն չունի մեզ համար։
  • Առաջին հերթին պետք է հասկանալ՝ մեզ համար կենսական հարցերում ինչ դիրքորոշում ունի Հայաստանի իշխանությունը: Եթե մենք, որպես հավաքական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն, կունենանք մեր Սահմանադրությունից, հիմնադիր փաստաթղթերից բխող դիրքորոշում Արցախի հայկական լինելու, պահանջատիրության, Հայոց ցեղասպանության, հայկական հարցի արդարացի և ճշմարիտ լուծման, փոխհատուցման և մնացած հարցերի վերաբերյալ, այդ ժամանակ ԱՄՆ-ում կամ որևէ այլ երկրում որևէ անձի ընտրությունը կարող է ակտուալ լինել:

Կարդացեք նաև

  • ՀՀ օկուպացիոն այս ռեժիմի իշխանության պայմաններում, երբ մենք որպես պետություն՝ որևէ պահանջ չենք ձևակերպում, երբ արտաքին քաղաքական մեր օրակարգում այդ խնդիրները դրված չեն, Թրամփի կամ որևէ մեկի ընտրվելը չի ունենալու որևէ ազդեցություն: Հետևաբար՝ որևէ սպասում չպետք է ունենալ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ.

«Հայաստանի ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության ու կայունության ապահովումն է, թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»,- ասել էր նա։

  • Ցեղասպանության և ընդհանրապես մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները պետք է դատապարտվեն, որ ապագայում չկրկնվեն։ Սա՛ է խնդիրը։ Կա Հայաստանի Հանրապետություն, և կա թուրքերի պանթյուրքիստական քաղաքականությունը, որի տրամաբանության մեջ հայեր չկան։
  • Մենք պետք է հասկանանք, որ Արցախի կամ Հայոց ցեղասպանության հարցը դա Սփյուռքի հարցը չէ, դա Հայաստանի Հանրապետության գոյատևման հարցն է: Այդ հարցերն ուղղված են ոչ թե անցյալին, այլ Հայաստանի Հանրապետության ապագային: Ցեղասպանության և ընդհանրապես մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների, միջազգային հանցագործությունների համար պատասխանատվությունը ոչ միայն սոցիալական արդարության և պատմաբանական խնդիրներ են, այլև խնդիր է դրված ապահովելու, որպեսզի հետագայում չկրկնվեն նման հանցագործությունները, կանխելու:
  • 2021թ․ մեր քաղաքացիներն ընտրել են մի կուսակցության, որի էմբլեմի մեջ եղել է Արարատ սարը, իսկ հիմա այն չկա, վերացրել են։ Արդյունքում՝ 2021թ․ տրամաբանությունը չի համապատասխանում մեր օրերին։ Մարդիկ ընտրություններին քվեարկելով՝ ընտրել են Արարատ սարը գնահատողին, Արցախի ինքնորոշման իրավունքն իբր պաշտպանողին, ինչը, պարզվեց, այդպես չէ։ Դա նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունն այլևս լեգիտիմ չէ։
  • Դուր չի՞ գալիս լինել մի երկրի վարչապետ, որի Սահմանադրության մեջ սիմվոլ է Արարատ սարը, ամրագրված են Արցախի ինքնորոշման իրավունքն ու Ցեղասպանության պահանջատիրությունը, խնդրեմ, մի՛ եղեք։
  • Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդներ, որոնց մի մասը պետք է վերադարձած լիներ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ես մի անգամ չլսեցի, որ այս իշխանությունները դրա մասին բարձրաձայնեն։ Ամեն ինչից խոսում են, բացի դրանից։ Խոսքը միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ, այլ հասարակ ռազմագերիների։ Փաշինյանն ասում է՝ ես էլ հարցեր ունեմ էդ մարդուն (Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին,- հեղ)։ Ունես, վերադարձրո՛ւ նրան Բաքվից, հարցրո՛ւ։ Այսինքն՝ իրենց տրամաբանության մեջ միլիարդատեր մարդը չի կարող հայրենասեր լինել։ Դրա համար էլ Փաշինյանի համար տարօրինակ է, որ, ասենք, միլիարդ դոլար ունեցող մարդը գնում է Արցախ, ապրում է այնտեղ, փորձում է օգնել։
  • Պետք է համարժեք գործել, օգնել ինքդ քեզ։ Իսկ դա նշանակում է միջազգային կոնֆերանսի ժամանակ քիրվայություն անել, ոչ թե անեկդոտ պատմել ու ուրախանալ, այլ կոնկրետ հարցեր բանակցել։ Երբ ձև են անում, իբր իմ՝ ՀՀ քաղաքացու անունից են հանդես գալիս, պետք է իմ արժանապատվությունը հաշվի առնեն։ ՀՀ քաղաքացու արժանապատվությունը որևէ իշխանություն չպետք է վիրավորի: Երբ մենք մեզ օտարում ենք պատասխանատվությունից, մենք մեզ օտարում ենք պրոցեսներից։
  • Երբ իրեն վիրավորում են, որպես անձ՝ ինքը չի վիրավորվում, բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, վիրավորվում եմ, երբ իմ երկրի ղեկավարին վիրավորում են։ Այս պարագայում ինքը պետք է արձագանքի։

Հիշեցնենք, Ալիևը Փաշինյանին, ի թիվս այլ վիրավորանքների, անվանել էր «հարբած ծաղրածու»:

  • Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ուզում ենք ունենալ Հայաստանի Հանրապետություն, թե՞ ոչ։ Քանի դեռ մենք ունենք պետություն, աշխարհի որևէ անկյունում մենք շարունակում ենք հայ լինել ու մեզ հայ զգալ։ Քանի դեռ մենք ունենք պետություն՝ մեզ չեն կարող հետապնդել հայ լինելու համար։ Այլ երկրներում լավ չի՞ լինի, կհետապնդե՞ն, կգնամ Հայաստան… Այն պահին, երբ Հայաստանը չլինի, գնալու տեղ չի՛ լինելու։

  • Այս իշխանությունների հետ համագործակցող շրջանակները, որպես արդարացում, ասում են՝ «տուն ենք պահում»։ Եթե դուք այդքան անճար եք, ձեր գլխին միշտ խփելու են։ Հանե՛ք ձեր միջի վախերը, պետք է ունենաք արժանապատվություն: Եթե նույնիսկ մտածում էիք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշի նպատակը բարի էր, ու պետք էր մի միլիոն դրամով օգնել ինչ-որ սկսնակ գործարարի՞, գոնե պարզապես փողը փոխանցեիք ու չգնայիք։ Եղեք սոցիալապես ու քաղաքականապես ակտիվ։ Մի՛ վախեցեք քաղաքականացված լինելուց, դիրքորոշում հայտնելուց: 
  • Հայաստանում գոյություն չունի մարդ, ով կարող է ունենալ քաղաքական հավակնություն, ու նախկին կամ ներկա չէ։
  • Ասում է՝ նախկին նախագահները, 2-րդ նախագահն ու նրա որդին, 3-րդ նախագահը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ո՞վ ես դու, որ որոշես՝ Հայաստանի Հանրապետությունում ով ինչով պետք է զբաղվի։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ընտրել է Սահմանադրություն, որում ասվում է, որ յուրաքանչյուր ոք կարող է հավակնել պետական պաշտոնի: Ուրեմն, գնա ապացուցի, որ դու ավելի լավն ես: Նման հայտարարություններ անողների տրամաբանությունը հետևյալն է՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի չեմպիոն չի դառնում, որովհետև ևս մի 50 թիմեր խաղում են, այ, որ այդ թիմերը չխաղան ֆուտբոլ, մենք կդառնանք աշխարհի չեմպիոն: Աբսուրդ է:
  • Սահմանադրությունը ոչ թե ցանկությունների գիրք է, այլ երկրի Մայր օրենքն է, որով պետք է առաջնորդվենք:
  • Ես «երրորդ ուժ» ստեղծելու հետ կապված առարկություն չունեմ։ Պատրաստ եմ օգնել, բայց գտեք, ձևավորեք այդ ուժը՝ առանց որևէ մեկի առջև պահանջներ դնելու, որևէ մեկին մեղադրելու: Ոչ մեկի պետք չէ մեղադրել դրա չձևավորվելու մեջ։ Երբ ասում են՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ենթադրվում է, որ պետք է լինի երրորդը։ Երբ այդ երրորդը չկա, առաջին երկուսն էլ մերժում ենք, մարդիկ չեն գնում ընտրության, ու խախտվում է բալանսը։ Երբ չեք գնում ընտրության, չեք քվեարկում, այդպիսով աջակցում եք ներկա իշխանությանը։ Ոչ թե նախկինների վերադարձ չի կարող լինել, այլ չպետք է լինի նախկին և ներկա բարքերի շարունակություն։
  • Մեզ համար ֆունդամենտալ կարևորություն պետք է ունենա պետական ինստիտուտների կառուցումը։
  • Դատավորը պարտավոր չէ ու չպետք է հիմնավորի կալանքը չկիրառելը։ Ինքը պետք է հիմնավորի կալանք կիրառելը։ ԲԴԽ-ում երեկվա այս ձևակերպման համար Կարեն Անդրեասյանի ձեռքից պետք է իր իրավաբանի դիպլոմը վերցնել։ 
  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինել-չլինելու հանգամանքը մինչև օրս չի պարզաբանվել։ Չի հաջորդել որևէ հերքում, որ ինքը չի եղել թուրքական հատուկ ծառայությունների գործակալ։ Ընդհակառակը, եղել է հայտարարություն, որ ինքը հավաքագրված է եղել ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։
  • Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, օրինակ, համաձայն կոնսպիրոլոգիական տեսության, չնայած իրական հիմքերը կան, նշանակում են, որ Փաշինյանը կարող է պայմանավորվել Ալիևի հետ, որպեսզի նա հարձակվի, դա տևի մեկ օր, բայց այդ ընթացքում կհայտարարվի արտակարգ դրություն, և ինքը նոր քվեարկություն կնշանակի, որովհետև, ասենք, այդ ընտրության ժամանակ իրենք չեն հաղթել։

  • Մեր հասարակարգում՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, քնած մարդ սպանելը հերոսություն չէ։ Դրա համար այստեղ մեդալ չեն տալիս։ Ադրբեջանում քնած հային կացնահարածին մեդալ են տալիս։ Դպրոցից սկսած՝ սովորեցնում են՝ եթե հայ ես սպանել, ուրեմն հերոս ես։ Մեզ մոտ հերոս են հայրենիք պաշտպանողները։ Այսինքն՝ ադրբեջանական հայատյացությունը ֆունդամենտալ տարբեր է նրանից, ինչ այստեղ զգում են ադրբեջանցիների վերաբերյալ։
  • Միջազգային դատարաններից մեր հայցերից հրաժարվելը կարող է մի դեպքում արդարացված լինել, եթե կնքվելիք «Խաղաղության պայմանագրում» Ադրբեջանն ընդունի, որ արել է այն հանցագործությունները, որոնք նկարագրված են այդ հայցերում։ Մնացած բոլոր դեպքերում Ադրբեջանի դեմ մեր հայցերից հրաժարվելն ունենալու է բազային պրոբլեմ։
  • Խաղաղություն կարող է լինել կա՛մ Հայաստանի վերանալով, կա՛մ ուժեղ Հայաստան ունենալով։ Ես կողմ եմ ուժեղ Հայաստանին, բայց այն, ինչ խոսում են այս մարդիկ, դրա հետ կապ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս