304 միլիոն 487.577 դրամ․ «Ֆակտորի Փրոդաքշն»-ը ևս անմասն չի մնացել «Էրեբունի-Երևան-2806» միջոցառումներից․ ՄԱՍ 3
168.am-ն օրերս «Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. քաղաքապետարանի ճոխ-ճոխ գնումները» և «Քեֆ անողին քեֆ չի պակսի․ Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. ՄԱՍ 2» հրապարակումներով անդրադարձել էր «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի՝ առավել խոշոր գնումներին։
Պարզվում է՝ այս գնումներին անմասն չի մնացել պետգնումների ֆավորիտ ընկերություններից մեկը՝ «Ֆակտորի Փրոդաքշն»-ը, որի հետ պետական գերատեսչությունները հաճախ պայմանագրեր են կնքում ոչ մրցակցային՝ մեկ անձ և հրատապ մեկ անձ գնման ընթացակարգերով։
Առավել մանրամասն՝ այս պայմանագրի մասին․ ըստ պետգնումների armeps համակարգում տեղ գտած հոկտեմբերի 24-ի թվագրությամբ պայմանագրի՝ Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն»-ի միջև մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար կնքված պայմանագրի գինը կազմել է 304 միլիոն 487.577 դրամ։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման եղանակով։
Պայմանագրի տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք, որ այս գումարի շրջանակում ՍՊԸ-ն հոկտեմբերի 12-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում, Դիանա Աբգարի զբոսայգում, Ազատության և Հանրապետության հրապարակներում մասնավորապես կազմակերպել է համերգային ծրագրեր, սպորտային միջոցառում և գինու ու գարեջրի փառատոներ, ապահովել Տիգրան Համասյանի, Սէմ Մինայի, Արման Մնացականյանի, Արման Աղաջանյանի, Ժակլին Բաղդասարյանի, Արմինկայի, Ռոզալինի, Աիդա Սարգսյանի ելույթները, և այլն։
Ի դեպ, 168․am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ «Ֆակտորի Փրոդաքշն»-ի հետ Երևանի քաղաքապետարանն այս տարի դարձյալ մեկ անձից գնման ոչ մրցակցային ընթացակարգով դեռ փետրվարին ձեռք էր բերել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների իրականացման ծառայություններ՝ 54 միլիոն 538.800 դրամ արժեքով։