
Գիրք նվիրելու օրվա միջոցառումներն արժեցել են 54 միլիոն 538.800 դրամ. քաղաքապետարանն առանց մրցույթի գնումն արել է «Ֆակտորի Փրոդաքշն»-ից

Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի իր հերթական պետգնումն է արել՝ մեկ անձ ընթացակարգով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ից ձեռք բերելով Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայություն:
Այս ծառայության համար քաղաքապետարանը հատկացրել է 54 միլիոն 538.800 դրամ, որը, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, նախատեսված է դեկորացիաների պատրաստման, վրանների ու սեղանների վարձակալման, բեմահարթակների երեսպատման, գովազդային հոլովակների պատրաստման, ասմունքի արտիստների, ժամանակից գրողների և այլնի ապահովման համար:
2017 թվականից իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պետգնումներում գերակտիվության շնորհիվ պարբերաբար հայտնվում է 168.am-ի ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ այս ՍՊԸ հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ. նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, Վազգեն Պողոսյանն այժմ հանդիսանում է պետգնումներում ոչ պակաս պասիվ Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը:
Ռուդիկ Տեր-Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում:
Նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային հեռուստաընկերությունում, ի դեպ, Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։