Քեֆ անողին քեֆ չի պակսի․ Ով՝ ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. ՄԱՍ 2
Օրերս 168․am-ն անդրադարձել էր «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ճոխ գնումներից մի քանիսին՝ խոստանալով անդրադառնալ նաև հընթացս հրապարակվող այլ խոշոր գնումների ևս։
Այսպիսով, պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում շարունակում են հանրայնացվել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման, ծառայությունների մատուցման պայմանագրերը, որոնցից տեղեկանում ենք՝ Երևանի քաղաքապետարանը միջոցառման տեխնիկական ապահովման համար «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ի հետ կնքել է 45 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր՝ ոչ մրցակցային գնման մեկ անձ ընթացակարգով։
ՍՊԸ-ն այս գումարով ստանձնել է Ազատության հրապարակում և Կասկադ համալիրի տարածքում համերգային միջոցառումների տեխնիկական վարձակալության ու սպասարկման ծառայությունները։
Ըստ իրավաբանական անձանց տվյալների՝ 2014 թվականից գրանցված «Սթեյջ Դիզայն» ընկերությունը պատկանում է Հովհանենս Մելոյանին և Գրիգորի Վարդանյանին, իսկ ըստ պետգնումների կայքի տվյալների՝ այս ընկերության հետ տարբեր գերատեսչություններ՝ Երևանի քաղաքապետարան, Հանրային հեռուստաընկերություն, Քննչական կոմիտե, գնումների մեծ մասը կազմակերպել են հրատապ մեկ անձ ու մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով։
«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հաջորդ խոշոր գնումը կատարել է «Սթեյջ սթայլ» ընկերությունից։ Դարձյալ մեկ անձ ընթացակարգով կնքված պայմանագրի գինը 41 միլիոն 106 426 դրամ է։
Այս գումարով, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, ընկերությունը ապահովել է դեկորատիվ սեգմենտների պատրաստման մոնտաժման, ապամոնտաժման ու բեմի քողարկման ծառայություններ Ազատության հրապարակում, Հանրապետության Հրապարակում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում և Կասկադ համալիրում։
2013 թվականին հիմնադրված «Սթեյջ Սթայլ» ընկերությունը պետգնումներում իր ակտիվությունը սկսել է 2019 թվականից՝ հիմնականում գնման ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով՝ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր կնքելով պետական տարբեր գերատեսչությունների հետ։
Միայն այս տարեսկզբից ընկերության հետ կնքվել է արդեն 7 պայմանագիր, որոնցից 6-ը՝ Հանրային հեռուստաընկերության հետ։
Տոնական հաջորդ գնումը քաղաքապետարանն արել է Հայաստանի Էստրադային ջազ նվագախումբ ՊՈԱԿ-ից՝ մեկ անձից գնման եղանակով կքնված 4 միլիոն դրամ արժողությամբ ձեռք բերելով ծառայություններ, այն է՝ 30 րոպեանոց ելույթ Կասկադում։
«Լայթ ափ քոմփանի» ՍՊԸ-ն կնքված 1 միլիոն 579.000 դրամ արժողությամբ պայմանագրով ապահովել է Էրիկ Կարապետյանի՝ առնվազն 2 րոպեանոց ելույթը Հանրապետության Հրապարակում կայացած գալահամերգի ընթացքում, իսկ «Պապոնյա» ՍՊԸ-ն 4 միլիոն 145.900 դրամով՝ Գարիկ և Սոնա նվագախմբի՝ Շարլ Ազնավուրի Հրապարակում՝ առնվազն 30 րոպեանոց և Հանրապետության Հրապարակում՝ առնվազն 2 րոպեանոց ելույթները։
Պայմանագրերից տեղեկանում ենք՝ գները ներառում են կատարողի կողմից իրականացվող ծախսերը՝ ներառյալ հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ անդրադարձել էինք «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման, ծառայությունների մատուցման մի քանի պայմանագրերի․
1 միլիոն 378.100 դրամով Գևորգ Հակոբյանը Ազատության հրապարակում համերգի ընթացքում առնվազն 10 րոպեանոց ելույթ է ունեցել,
Վահե Խանամիրյանը 700.000 դրամ արժողությամբ պայմանագրով ստանձնել է միջոցառման շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի հաղորդավարի ծառայությունների կատարումը,
Աննա Ավանեսյանը 1 միլիոն դրամ է ստացել Ազատության հրապարակում դասական համերգի ժամանակ՝ 17։00-20։30 հաղորդավարի ծառայության համար,
«Թի Էմ պրոդակշն» ՍՊԸ-ն 1 միլիոն 305.600 դրամով ապահովել է Տիգրան Ժամկոչյանի՝ առնվազն 2 րոպեանոց ելույթը Հանրապետության հրապարակում կայացած գալահամերգի ժամանակ,
կոմպոզիտորներ, դիրիժոր Երվանդ Երզնկյանը 2 միլիոն 500.000 դրամով Ազնավուրի հրապարակում շուրջ 80 րոպե տևողությամբ համերգ է իրականացրել,
«Նումա» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն 530.000 դրամով ապահովել է Հյուսիսային պողոտայում 50 մասնակցով գինու փառատոնի ու Դիանա Աբգարի անվան զբոսայգում 24 մասնակցով գարեջրի փառատոնի կազմակերպումը,
«Ռեինկարնացիա»-ն Հանրապետության հրապարակում նախատեսված գալահամերգի ժամանակ առնվազն 2 րոպեանոց ելույթի համար կնքել է 2 միլիոն 400.000 դրամ արժողությամբ պայմանագիր,
Նունե Եսայանի հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն 268.800 դրամ,
Դիանա Աբգարի զբոսայգում Ջագ և Նարեկ Բարսեղյանի առնվազն 40 րոպեանոց ելույթի համար կնքված պայմանագրի գին է նշվել 1 միլիոն 111.200 դրամը։