44-օրյային առնչվող դրվագներ, որոնց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է իրավական գնահատական տա

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է տվել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի քրեական գործի և կալանքի առնչությամբ:

«Տիկին Վարդապետյան, խոսեցիք դատավարությունների և ողջամիտ ժամկետների մասին, արդեն 2 տարի 45 օր է՝ կալանքի տակ է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:

Ամեն անգամ դանդաղ ընթացող դատաքննություններին խափանման միջոցը փոխելու միջնորդություններին պետական մեղադրողը պատասխանում է, որ վկաների հարցաքննություններից հետո կարելի է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը:

Նախաքննության որակին դեռ չեմ անդրադառնում, այնտեղ մի հատվածով ամբողջությամբ փլվել է մեղադրանքը, մյուսն էլ ուղղակի զավեշտի է վերածվում, երբ շարքային զինվորը հարցաքննության ժամանակ վերադասի գործողություններին կարող է գնահատական տալ: Դեռ մոտավորապես 160 վկա կա: Այս տեմպերով դատաքննությունը եթե գնա, 13 տարի շարունակվելու է:

Կարդացեք նաև

Դեռ բարոյական կողմին չեմ անդրադառնում, երբ Արցախի ՊԲ այն հրամանատարը, որը ճակատագրական ամենադժվարին պահին համաձայնեց ստանձնել այդ պարտականությունը, ինչպես նաև՝ շատ ու շատ հարցերի, որոնք, չգիտեմ՝ Քննիչ հանձնաժողովում ոնց են գնալու: Բայց որպես իրավաբանի, Գլխավոր դատախազի եմ հարցնում՝ որքանով է իրավաբանորեն և բարոյապես նորմալ, որ ՀՀ զինված ուժերում ծառայություն անցած, 16 տարեկանից Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեցած, բարձր պաշտոններ զբաղեցրած և ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնած զինվորականին, իմ համոզմամբ, Դուք կարող է հերքեք, քաղաքական նպատակով և լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով, 2 տարի 45 օր և չգիտեմ դեռ ինչքան պահել անազատության մեջ»,- Աննա Վարդապետյանին դիմել է ընդդիմադիր պատգամավորը:

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազն արձագանքել է, թե իրենց դիրքորոշումը Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ արձանագրված է մեղադրական եզրակացության մեջ:

«Ձեր դիրքորոշումը քաղաքական է, մենք քաղաքական զսպվածություն ունենք: Ձեր գնահատականները փաստաբանական կողմի մեկնաբանություններն են, Ձեր իրավունքն է՝ որպես պատգամավոր արձանագրելու: Մենք մեղադրանք ենք ներկայացրել դատարանում և մեղադրանք ենք պաշտպանում, ԱԺ ամբիոնը դատական նիստերի դահլիճ չի, որպեսզի ես հիմա որպես մեղադրող ներկայացնեմ «Արեգասարի» դրվագը, կամ մյուս դրվագները, որոնք ամրագրված են մեղադրական եզրակացության մեջ, իսկ դատավարությունն էլ հրապարակային է, ոչ մեկին ոչ ոք չի արգելում գնալ նստել և լսել դատավարությունը: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա, այո, քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը, որովհետև դա վտանգում է գործի վարույթը: Դա մեր՝ որպես դատախազություն, դիրքորոշումն է, մենք քաղաքական հայտարարություններ չենք մեկնաբանում և չենք անում: Մեր դիրքորոշումը, ասեցի, հստակ արձանագրված է փաստաթղթի մեջ»,- փոքր-ինչ լարված շարունակել է Վարդապետյանը:

Նախքան Գլխավոր դատախազի մյուս ձևակերպումներին անդրադառնալը, արձանագրենք, որ Աննա Վարդապետյանը տեղյակ չէր՝ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստերն ընթանում են դռնփակ ռեժիմով հենց սկզբից, ինչի մասին նրան ստիպված էր տեղեկացնել նաև Գեղամ Մանուկյանը:

«Ուրեմն գաղտնիության կտորներ կան, որոնք հրապարակման ենթակա չեն, դռնփակությունը դատարանն է որոշում: Վարույթն է գաղտնի, հավանաբար»,- փորձել է արդարանալ կամ, ավելի ճիշտ՝ իր դրսևորած անտեղյակության «տակից դուրս գալ» Գլխավոր դատախազը:

Երկրորդ, Գեղամ Մանուկյանն իր խոսքում չի նշել՝ ո՞ր դրվագով է ՊԲ նախկին հրամանատարի գործը փլվում, բայց Աննա Վարդապետյանը կամա թե ակամա ԱԺ ամբիոնից հիշատակել է հենց «Արեգա» բարձունքից նահանջելու հրաման տալու դրվագը՝ «ԱԺ ամբիոնը դատական նիստերի դահլիճ չի, որպեսզի ես հիմա որպես մեղադրող ներկայացնեմ «Արեգասարի» դրվագը»:

Ի դեպ, Գլխավոր դատախազի նշված մտքի համատեքստում հարկ է հիշեցնել՝ 2023 թվականի ապրիլին Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին: Խոսքը, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին էր վերաբերում, ով մեղադրվում է «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված, ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:

Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:

Հասկանո՞ւմ եք, ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվել: Օրինակ՝ եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչի՞ են արել, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ աղմկոտ հայտարարություն: Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են էդ մարդիկ, հավաքագրվա՛ծ գործակալներ:

Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:

Միքայել Արզումանյանի գործը դեռ դատարանում է, նրա նկատմամբ մեղադրանքներն ապացուցված չեն, բայց երկրի ղեկավարն արդեն որոշել էր դատավճիռը՝ նրան համարելով գործակալ, հայրենիքի դավաճան:

Գլխավոր դատախազն ի՞նչ մասնագիտական գնահատական կարող է տալ սրան, այստեղ քաղաքական գնահատականի խնդիր չկա, դեռ մի կողմ ենք դնում 160 վկայի վրա ազդելու փաստը, առավելևս՝ առանցքային կամ կարևոր վկաների, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, ով ի պաշտոնե ավելի բարձր դիրք է զբաղեցրել, եթե նաև դեռ չի հարցաքննվել:

Երրորդ, այս տարվա մայիսին ԱԺ-ում Աննա Վարդապետյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին՝ նշելով. «Յուրաքանչյուր քրեական գործ 44-օրյա պատերազմի հետ կապված շատ չենք լուսաբանում, չենք խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա»:

«Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյայի հետ կապված, հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»,- շարունակել էր Գլխավոր դատախազը:

Ավելի ուշ 168.am-ին Դատախազությունից հայտնել էին՝ Աննա Վարդապետյանը նկատի է ունեցել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում նախ մեղադրեցին հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման դրվագով, հետո արդարացրեցին, և գործը դատարանին չհասավ: Բայց թե ռազմագիտական փորձաքննությունն այդ ինչպես հանկարծ հերքեց մեղադրանքն այս դրվագով, ինչո՞ւ էին «փխրուն» մեղադրանք առաջադրել, պատասխաններ չկան, և ինչու ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվել Միքայել Արզումանյանի մեղադրական որևէ դրվագով, կամ հենց Շուշիի պաշտպանության հետ կապված, պատասխաններ չկան, չնայած մեր բազմաթիվ ջանքերին: Ի դեպ, Քննիչ հանձնաժողովը ևս չցանկացավ լսել Արզումանյանին:

Չորրորդ, մայիսին ԱԺ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտարարել էր նաև.

«Ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, որ, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»:

Վարդապետյանը չէր մանրամասնել՝ բարձրաստիճան ո՞ր պաշտոնյաների կանայք են որոշակի քաղաքներում առևտուր արել:

Մյուս կողմից, Վարդապետյանի նշածը զուտ բարոյական հարթության վրա է, մեղմ ասած՝ իրավական գնահատական չէ, և չի կարող համարվել պատերազմի պարտության թիվ մեկ պատճառ, եթե, օրինակ, երկրի ղեկավարը և գլխավոր հրամանատարը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն ունակ է պատերազմ վարել, առնվազն դրանից դուրս գալ ոչ այն խայտառակ պարտությամբ, ինչը եղավ, եթե, իհարկե, նաև նման ցանկություն կար:

Հինգերորդ, հետաքրքիր է, որ Աննա Վարդապետյանը պարտության պատճառ չի համարում երկրի ղեկավարի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի ժամանակ հրամանատարական կետում լինելը, հատկապես, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունից 168.am-ին տեղեկացրել էին, որ «ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:

Այսինքն, Աննա Հակոբյանը նման թույլտվություն չէր կարող ունենալ օրենքով, եթե անգամ այնտեղ էր գերագույն հրամանատար ամուսնու խնդրանքով և գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս հարցը ևս իրավական գնահատական և մեկնաբանություն է պահանջում, և ոչ թե՝ քաղաքական:

Փաստերի այս շարքը կարելի է շարունակել, և ոչինչ, որ Աննա Վարդապետյանը, հնարավոր է, նախկին դատախազ Արթուր Դավթյանի նման գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ սկսելու բավարար ապացույցներ չեն եղել և չկան: Ինչպես ասում են՝ ցանկություն լինի, հատկապես Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո` «ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:

Իսկ Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու խնդրով դիմել է և՛ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, և՛ ԱԱԾ գործող տնօրեն Արմեն Աբազյանին՝ նաև որպես սպաների:

«Պարոն Քյարամյան, պարոն Խաչատրյան, պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, Դուք բոլորդ սպաներ եք, ես պարբերաբար այցելում եմ Միքայել Արզումանյանին, ուղղակի սպայի պատվի համար ամեն ինչ արեք, որ նրա խափանման միջոցը փոխվի: Դա ահավոր բան է»,- դիմել է նրանց Գեղամ Մանուկյանը:

Իսկ 44-օրյայի ժամանակ մի որոշ հատված ԱԱԾ տնօրեն, այնուհետև այդ պաշտոնից առանց պաշտոնական հիմնավորման ազատված և այսօր ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ի պատասխան նշել է.

«Նախաքննության ընթացքում պարոն Արզումանյանը տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են, և պարզվել է, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն: Սա էլ եղել է նրան կալանքի տակ պահելու հիմքերից մեկը: Եվ այդ վարույթ իրականացնող մարմնի՝ խեղաթյուրելու և վկաների վրա ազդեցություն ունենալու հանգամանքը ոչ միայն հարցաքննություններով է հիմնավորվել, այլ նաև այլ գործողությունների արդյունքում: Հետևաբար, մենք օրենքի և մեր խղճի առաջ այդ հարցում շատ պարզ ենք, այդ ես եմ Ձեզ ասում, ես ճանաչում եմ Միքայել Արզումանյանին անձամբ, և ինձ համար մարդկային շփումներն ու անձնական հարաբերությունները շատ բարձր նշանակություն ունեն»:

Հավելենք, որ Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորին Արգիշտի Քյարամյանն այս տարի փետրվարին նշանակել էր խորհրդական, Քյարամյանը մասնակցել է հակահարվածի հայտնի օպերացիայի պլանի քննարկմանը, իսկ ավելի ուշ, երբ արդեն ԱԱԾ տնօրեն չէր, մի քանի օրվա ընդմիջումից հետո դարձյալ մեկնել է Արցախ և եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ Շուշիում, և այնտեղից դուրս է եկել, երբ Շուշիից Արզումանյանի հրամանով դուրս է բերվել հրամանատարական կետը:

Ի դեպ, մինչև հիմա հայտնի չէ՝ կամավորական ինչ ջոկատների տրամադրած տեսանյութեր են նաև հիմք ծառայել «Արեգա» բարձունքին առնչվող դրվագով մեղադրանքի համար: Չմոռանանք նաև, որ Քյարամյանը ո՛չ ժամանակին հակահարվածի օպերացիայի, ո՛չ էլ Շուշիի գործով չի հարցաքննվել:

 

Տեսանյութեր

Լրահոս