Ադրբեջանը Հայաստանում ադրբեջանցիների համար հատուկ կարգավիճակ է պահանջում. Կարեն Իգիթյան

«Հայաստանը քաղաքական կամք չի տեսնում Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասը»,- այս մասին Վարշավայի Անվտանգության միջազգային համաժողովի՝ Հարավային Կովկասին նվիրված քննարկման ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հեռուն գնացող ռազմական պլաններ ունի Հայաստանի ու Հայաստանի տարածքների առնչությամբ։

«Օրինակ՝ ներկայումս Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը, սակայն Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունի Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Բաքուն վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունն այլ է»,- ասել է Միրզոյանը։

Թե ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը Վարշավայում բարձրաձայնում Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ հեռուն գնացող ռազմական նպատակների մասին՝ այն պարագայում, երբ Միրզոյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս ՄԱԿ-ում չխոսեց Ադրբեջանից Հայաստանին սպառնացող որևէ սպառնալիքի մասին, ավելին՝ կոչ արեց դրական խոսույթ ձևավորել, «լավն ասել, որ լավ լինի»՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք կովկասագետ, տարածաշրջանային հարցերով մասնագետ Կարեն Իգիթյանի հետ։

Կարդացեք նաև

«Եթե աշխարհը մի երկրից տարբեր ուղերձներ է ստանում, ընդունում է այն ուղերձը, որն իր համար ավելի ձեռնտու է, հետևապես՝ այդ նույն աշխարհին ձեռնտու է Փաշինյանի հղած ուղերձը, որն այդ նույն աշխարհի համար որևէ պարտավորություն չի ստեղծում, մինչդեռ իրականում հայ ժողովրդին ճիշտն ասում է Արարատ Միրզոյանը»,- ասաց Իգիթյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վարշավայում խոսում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պայմանագիր չկնքելուն միտված քաղաքականության մասին, դրանով հանդերձ՝ բարձրաձայնելով ադրբեջանական պահանջների մասին, որոնք սկսում են ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց, ավարտվում՝ Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանելով։

«Ադրբեջանը ցանկանում է ադրբեջանցիերին բնակեցնել Հայաստանում՝ ոչ թե որպես շարքային քաղաքացի։ Ալիևը նրանց համար հատուկ կարգավիճակ է ցանկանում ունենալ, իսկ դա նշանակում է, որ այդ մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներկայության միջոցով, ինչն իր հերթին՝ նշանակում է, որ անհրաժեշտության պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմը կկարողանա ներխուժել Հայաստան։ Ի դեպ, դա թուրքական ձեռագիրն է։ Եկեք հիշենք, որ բոլոր այն տարածքներում, որտեղ Թուրքիան ռազմական ներկայություն ունի, կա թուրք բնակչություն։ Բնակչությանը պաշտպանելու անվան տակ Թուրքիան զորք է մտցնում այլ պետության տարածք»,- շեշտեց Իգիթյանը։

Կովկասագետի համոզմամբ՝ թեև Արարատ Միրզոյանն ասել է, թե չի հասկանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում պայմանագիր կնքել Հայաստանի հետ, սակայն, պարզից էլ պարզ է, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է նաև վերահսկել Հայաստանի Զինված ուժերը՝ թվակազմ և սպառազինությունների տեսակներ, որպեսզի անհրաժեշտության պարագայում կյանքի կոչի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը։

«Հավելեմ, որ Ալիևը պահանջում է նաև Հայաստանում արգելել և վերահսկել բոլոր ազգային կուսակցություններին և հասարակական կազակերպություններին, ինչպես նաև Հայաստանից ստանալ փոխհատուցում՝ գումարը չունեք, տարածք տվեք տրամաբանությամբ»,- ասաց Կարեն Իգիթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս