Թուրքիան ու Ադրբեջանը կձգտեն չեզոքացնել Իրանին՝ իրենց հիմնական խոչընդոտին. Լիբանանում որոշակի տարածքներ կօկուպացվեն. Արմեն Պետրոսյան
Իսրայելը Լիբանանի հարավում ցամաքային ռազմական գոծողություներ է սկսել։ Իրանն էլ իր հերթին՝ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Այս ամենն Իրանի ղեկավարությունն անվանել է վրեժ «ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ»-ի առաջնորդների սպանության համար»:
Այսօր արդեն Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին, մինչդեռ բազմաթիվ երկրներ Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Լիբանանը, իսկ Թուրքիան էլ հայտարարել է, որ հատուկ ծրագիր է մշակել՝ Լիբանանից իր քաղաքացիներին տարհանելու համար։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունները տեղավորվում են Իսրայելի գործող կառավարության ներկա ռազմավարության տրամաբանության մեջ։ Այսինքն՝ օգտվել տարածքաշրջանի և աշխարահաքաղաքական բարենպաստ իրավիճակից՝ սեփական անվտանգային միջավայրը հնարավորինս բարելավելու համար։
«Աշխարհում ընթացող աշխարհակարգի փոփոխությունը, տարածաշրջանում ընթացող անվտանգային և քաղաքական միջավայրի փոփոխությունը հնարավորություն է տալիս Իսրայելին փորձելու առավելագույնը բարելավել իր անվտանգային միջավայրը՝ չեզոքացնելու այն անվտանգային սպառնալիքները, որոնք նախորդ աշխարհակարգից մնացել են։
Դրանից մեկը Գազայի հատվածում ընթացող պատերազմն է, որի մեկ տարին շուտով կլրանա։ Այդ ուղղությամբ հաջողություններին զուգահեռ տեսնում ենք, որ Իսրայելը բացում է նոր ճակատ՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ։ Իսրայելական հաշվարկներով այդ գործողությունները ևս կարող են հաջողել, որովհետև փաստացի չկան լուրջ զսպող մեխանիզմներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Լիբանանում Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների, հնարավոր զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա այդ ամենի ազդեցության մասին։
Ըստ փորձագետի, ակնհայտ է, որ առանձին դերակատարներ իրենց լռությամբ սատարում են Իսրայելի գործողություններին, խոսքը ոչ միայն Արևմտյան դերակատարների մասին է, այլև Հարավային Կովկասի։
«Վստահ եմ, որ Թուրքիան, արաբական որոշակի երկրներ, ի դեմս Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի սատարում են այս ամենը։ Եթե նույնիսկ չեն սատարում, առնվազն գոնե լուռ համաձայնություն են տալիս, քանի որ այս պարագայում էականորեն թուլանում է իրենց մրցակից Իրանը։ Սա է պատճառը, որ Իսրայելի հաշվարկներով ներկայում բավականին բարենպաստ պայմաններ կան իր համար, ուստի կարելի է օգտվել դրանից ու հաղթանակ տանել «Հեզբոլահի» դեմ։ Մի կողմից էլ՝ տարածաշրջանի որևէ դերակատար չի փորձելու խանգարել Իսրայելին, իսկ Իրանի հնարավորությունները սահմանափակ են և այս պահին չի կարող ավելի ազդեցիկ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահին»՝ աշխարհաքաղաքական որոշակի իրողություններ հաշվի առնելով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ Իսրայելը նաև սահմանները փոխելու հնարավորություններ է տեսնում, քանի որ փոխվում է աշխարհակարգը։
«Ինքս կանխատեսում եմ, որ որոշակի մասշտաբով տարածքային օկուպացիա կարող է արձանագրվել Լիբանանում, այսպես կոչված, անվտանգության գոտու հիմնավորման ներքո։ Հետո, բնականաբար, Իսրայելը փորձելու է իր հսկողության տակ պահպանել այդ տարածքները, ինչպես դա արեց Սիրիայում՝ Գոլանի բարձունքների դեպքում։ Կարծում եմ՝ փորձելու են սահմանների փոփոխության ևս հասնել։
Ինչ վերաբերում է մեր տարածքաշրջանին, ապա այս գործողությունների հետևանքով թուլանում է Իրանը։ Բնականաբար, տեղի ունեցողը բխում է նաև տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդների շահերից՝ Ադրբեջանի և Թուրքիայի։ Այդ դերակատարներն էլ փորձելու են ամեն հնարավորն անել, որպեսզի Իրանի դիրքորոշմամբ պայմանավորված, որը հիմնական խոչընդոտն է նրանց համար՝ չեզոքացվի։ Մենք գիտենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիր կա։ Բայց այս պահին, քանի դեռ տարածաշրջանային պատերազմ չի ընթացել, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ռազմական լուծումը նվազ հավանական է։ Սակայն դիվանագիտական ու քաղաքական մակարդակում, բնականաբար, ավելի է մեծանալու Իրանի դեմ ճնշումը»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։