Անվտանգային այս մի «բարձիկն» էր մնացել, դրանից էլ են ուզում զրկել

Հայտնի է, որ ատոմակայանը ոչ միայն զուտ էլեկտրաէներգիա արտադրող կառույց է, այլև առանձնահատուկ ռազմավարական օբյեկտ։ Ատոմային էներգետիկան հանդիսանում է երկրի անվտանգային կարևոր բաղադրիչներից մեկը։ Բայց գործող իշխանություններն ուզում են Հայաստանին այդ հնարավորությունից էլ զրկել՝ ինչ է թե՝ այդպես են ցանկանում Ադրբեջանն ու Թուրքիան։

Տարիներ շարունակ, անհիմն մեղադրանքներով, այս երկու երկրները պահանջել են փակել Մեծամորի ատոմակայանը՝ համարելով, որ դա վտանգ է ներկայացնում իրենց համար։ Այս անհիմն մեղադրանքներին ու պահանջներին մինչև այժմ նախկին որևէ իշխանություն տուրք չի տվել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշել է բավարարել իր կառուցողական հարևաների նաև այս պահանջը։

Ու մինչ ընդամենը մեկուկես-երկու ամիս առաջ կառավարության որոշմամբ մի քանի հարյուր միլիոն դրամ են տալիս, պետական հիմնարկ են բացում, որը 1-2 տարվա ընթացքում պետք է ուսումնասիրի ատոմակայանների կառուցման նոր տեխնոլոգիաներն ու տեխնիկական հնարավորությունները, դրանց հիման վրա առաջարկի Հայաստանում կառուցվող կայանի մոդելը, Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե այն ինչպիսին պիտի լինի։

«Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան»,- այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցում ռազմավարական որոշումն արդեն կայացվել է։

Կարդացեք նաև

Փոքր տիպի մոդուլային ատոմակայան կառուցելու որոշմանն այս իշխանությունները հանգել են զուտ այն պատճառով, որ դա կարող է գոհացնել կառուցողական հարևաններին։

Հայաստանը պետք է ունենա «մոդուլյար» ատոմակայան, որ հարևան երկրների համար չգնահատվի՝ որպես սպառնալիք, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Կայանի մոդելի ընտրությունը կատարվել է հենց այս սկզբունքից ելնելով։ Դա արել են ոչ թե Հայաստանի, այլ հարևան երկրների շահերից ու պահանջներից ելնելով։

Մինչդեռ՝ մեր նպատակը պետք է լինի ոչ թե  «կառուցողական հարևանների» մտահոգությունների փարատումն ու պահանջների բավարարումը, այլ Հայաստանի իրական շահը։ Ատոմակայանը ռազմավարական ու անվտանգային կարևոր բարձիկ է, որից գրչի մեկ հարվածով իշխանությունները զրկում են Հայաստանին։ Մոդուլային կայանները գրեթե անվտանգային խնդիր չեն լուծում, ընդհակառակը՝ մի բան էլ անվտանգային խնդիրներ են ստեղծում։ Փոքր տարածք ունեցող ու խիտ բնակեցված երկրների պարագայում նման կայանի կառուցումը խիստ վտանգավոր է։

Զավեշտն այն է, որ որոշել են կառուցել մի բան, որը դեռևս գործնականում չի ապացուցել իր արդյունավետությունը, առավել ևս՝ անվտանգությունը։

Աշխարհում նոր-նոր սկսել են մոդուլային ատոմակայաններ կառուցել։ Կառուցումից հետո էլ դեռ պարզ չէ, թե դրանք որքանով արդարացված ու արդյունավետ կլինեն։ Համոզվելու համար առնվազն մի քանի տարի է պետք, որպեսզի այդ կայաններն ապացուցեն իրենց շահավետությունը։

Սակայն կառավարությունն արդեն իր համար ռազմավարական որոշում է կայացրել. որոշել է, որ Հայաստանում միանշանակ հենց այդպիսի ատոմային կայան պետք է կառուցվի։

Ամեն ինչ արել են՝ գոհացնելու «խաղաղասեր» հարևանների ախորժակը։

Մոդուլային կայանի կառուցման ակնկալիքով, արդեն սկսել են սիրախաղը Միացյալ Նահանգների հետ։ Դիմել են Վաշինգտոնին՝ միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագրին միանալու համար։

Օրերս ԱՄՆ Պետդեպից հայտնեցին, որ ստացել են Հայաստանի դիմումը և արդեն ուսումնասիրում են։

Եթե Միացյալ Նահանգները հաստատի հայտը, Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ՝ նոր ատոմակայան կառուցելու համար։

Չնայած Միացյալ Նահանգներում նման ատոմակայանի շահագործման որևէ փորձ գոյություն չունի, ամերիկյան ընկերություններից մեկն արդեն սկսել է հետազոտություններ իրականացնել Հայաստանում՝ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջոցառումների շրջանակներում։

«Այդ աշխատանքն ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է՝ պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- վերջերս հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Թե ի՞նչ ընթացք կստանան և ինչո՞վ կավարտվեն այս գործընթացները, շատ բան դեռ անորոշ է։ Մի բան հստակ է, որ քանի դեռ աշխարհում մոդուլային ատոմակայանները չեն ապացուցել իրենց անվտանգությունն ու շահավետությունը, արկածախնդրություն է Հայաստանին այդպիսի ռիսկի ու ծախսերի տակ դնելը։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Այդ գումարները Հայաստանը չունի ու ատոմային ցանկացած կայան կառուցելու պարագայում՝ ստիպված է լինելու ֆինանսական մեծ բեռ վերցնել։ Ոչ մեկը հենց այնպես Հայաստանին չի տալու այդ փողը։ Այդ գումարները ներառվելու են կայանի արտադրած հոսանքի սակագնում և ծանրանալու են սպառողների վրա։

Առավել ևս՝ մոդուլային կայաններում արտադրված հոսանքի ինքնարժեքը շատ բարձր է, անհամեմատ բարձր, քան հիմա ունենք գործող կայանի պարագայում։

Գործող կայանի շահագործման ժամկետը սպառվում է 2036թ., եթե, իհարկե, չորոշեն ևս մի քանի տարով այն երկարացնել։ Մինչ այդ, դատելով ընթացող պրոցեսներից, ամերիկյան կողմի պարտադրանքով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայան կառուցելու մտքից ու պատրաստ են տեղակայել ամերիկյան մոդելի փոքր մոդուլային ատոմային կայան։ Չնայած թվում է, բոլոր առումներով Հայաստանի համար նախընտրելի է ռուսական տարբերակը։

Այս դեպքում էլ հավանաբար առաջնորդվել են քաղաքական նպատակահարմարություններով։ Ամերիկյան կողմը պատրաստ է ամեն ինչ անել, որ Ռուսաստանը դուրս մղվի Հայաստանի էներգետիկ համակարգից։

Իսկ թե ով կկրի դրա հետևանքները, նրանց համար միևնույն է։ Արդեն ակնարկներ են հնչեցնում, որ հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս