Սխալվում են, դա չի՛ բերի խաղաղություն, ո՞ւր էր Արևմուտքը 44-օրյային… Չկա՛ր… եթե բուն պատճառը չվերացվի, այսօր Արցախի ժողովրդի մասին ենք խոսում, 2 տարի հետո Հայաստանի ժողովրդի մասին ենք խոսելու. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին փոխքարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն է։
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը 2001-2007թթ. զբաղեցնում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) փոխքարտուղարի պաշտոնը և առ այսօր առանցքային դեր ունի այդ կազմակերպությունում: Սկսած 2003-ից Կալֆայանն աշխատում էր նաև որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով խորհրդական:
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն այս օրերին Երևանում էր՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, և որպես բանախոս՝ ելույթ է ունեցել:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 2022թ․ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ մտածելով, որ դա խաղաղություն պիտի բերի Հայաստանին։ Այստեղ էր սխալը։ Ատելություն սերմանեցին ժողովրդի, զինվորների մեջ Արցախի նկատմամբ։ Սխալվում են, դա չի բերի խաղաղություն: Եթե արցախահայերի հայրենազրկման բուն պատճառը չվերացվի, Ադրբեջանը չպատժվի, սա կշարունակվի։ Այսօր Արցախի ժողովրդի մասին ենք խոսում, այսպես շարունակվելու դեպքում 2 տարի հետո Հայաստանի ժողովրդի մասին ենք խոսելու…
- Նիկոլ Փաշինյանը հրապարակային բարձրաձայնեց Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային դատական հայցերից հրաժարվելու մասին։ Սա շատ վտանգավոր քայլ է։ Դրանից ոչ միայն Արցախն է տուժելու, այլև Հայաստանի ապագան։ Այս օրերի իմ հրապարակումները դրա մասին են, զգուշացնում եմ դրա վտանգների մասին։
- Պետք է առաջ տանել հիմնական իրավական սկզբունքները։ Այսօրվա միջազգային իրավունքն ու նախադեպերն ասում են, որ ուժի սպառնալիքը, ուժի կիրառումը, ռազմագերիների իրավունքների խախտումները հակասում են կոլեկտիվ շահերին, ու դրանք կարող են պաշտպանվել ՄԱԿ-ի քրեական դատարանում։ Այդ սկզբունքները պաշտպանող նշանակություն ունեն, և դրանցից օգտվելու նախադեպերը կան։ Բոլորովին վերջերս դրանց օգնությանը դիմեցին Գամբիան, Հարավային Աֆրիկան, այլ երկրներ:
- Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր։
- Արցախահայության վերադարձի իրավունքն իրավական ոչ մի խոչընդոտ չունի։ Դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է։ Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքները պետք է պաշտպանվեն։ Բայց եթե պետության դիվանագիտությունը ջանքեր չգործադրի, ապա դրա իրագործումը շատ դժվար է լինելու։ Ի վերջո, ամեն ինչ կապված է ինքնորոշման իրավունքի հետ, իսկ այդ իրավունքը կոլեկտիվ կերպով պետք է պաշտպանվի։ Եթե այսօր բաց թողնենք ճիշտ ժամանակը, վաղն անասելի բարդ է լինելու։
- Այսօր տարօրինակ իրավիճակ է Հայաստանի իշխանության ներսում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի ուղղությամբ են աշխատում, պաշտպանում արցախահայերի վերադարձի իրավունքը, իսկ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ուրիշներ բոլորովին այլ բան են ասում։
- Կարո Փայլանի հետ մի կլոր սեղանի էի այս օրերին այստեղ մասնակցում։ Նախ, այդ մարդը ցույց տվեց իր՝ նման կարգի քննարկումներին մասնակցելու ոչ բավարար մակարդակը։ Բացի դրանից, տարօրինակ թեզեր հնչեցրեց։ Օրինակ, ասում էր, որ եթե Հայաստանը Թուրքիայի հետ լավ լինի, կօգտագործի օպորտունիստ Էրդողանին, որն էլ իր հերթին՝ կարող է ազդել Ադրբեջանի վրա։ Անհեթեթ բաներ էր ասում այդ մարդը… Ո՞վ կհավատա, որ երբևէ Հայաստանը Թուրքիայի համար կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ, քան Ադրբեջանը։
- ՀՀ իշխանությունների կողմից հաճախ հնչեցվող՝ Սյունիքի ճանապարհներին, Զանգեզուրի միջանցքում արևմտյան երկրներից Պահնորդական մասնավոր ծառայություն բերելու առաջարկը ցույց է տալիս, որ դա ամերիկյան ծրագիր է։ Ինչ խոսք, շատ լիբերալ մոտեցում է… (քմծիծաղ է տալիս,- հեղ.): Ամերիկացիներն են, որ այսօր աշխատում են Իրաքում, մյուս օրը՝ Սիրիայում, ու մենք տեսանք՝ ինչի բերեց իրենց այդ քաղաքականությունը: Իրաքը քանդեցին: Ծիծաղելի և ցնորամիտ է, երբ պետականամետ մարդիկ նման առաջարկներ են լսում։
- Վարչապետ Փաշինյանը սովոր է այնպիսի բաներ ասել, որ ոչ ոք չի հասկանում, բայց ի տարբերություն Արմեն Գրիգորյանի և Ալեն Սիմոնյանի՝ նա գոնե որոշակի պահում է կապը Ռուսաստանի հետ։ Ես վստահ եմ, որ նա այդ կապը չի կտրել։
- Եվրամիությունը շուկա է, և շատ խիստ նորմեր է դնում այլ երկրների անդամության համար։ Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԵՄ մտնելը… Քաղաքական պաշտպանությո՞ւն․․․ Իհա՛րկե ոչ: Մենք տեսել ենք, որ քաղաքական հայտարարությունները չեն պաշտպանում: Հույս ունեն, թե ԵՄ-ն կամ Ամերիկան ռազմական օգնությո՞ւն են Հայաստանին ցուցաբերելու․․․ Երբե՛ք․․․ Ոչ ոք չի գալու մեր անվտանգությունը պաշտպանելու։
- Ուկրաինային աջակցելուց են արդեն շատերը խուսափում, Արևմուտքում մարդիկ բողոքում են՝ ինչքան պիտի վճարենք այդ պատերազմի համար…
- Դժբախտաբար, իմ երկիրը՝ Ֆրանսիան, առաջին ջատագովն է Ռուսաստանը տարածաշրջանից ու մանավանդ Հայաստանից դուրս բերելու հարցում։ Ֆրանսիացի նախկին պաշտոնյան օրերս ասաց՝ թող Ռուսաստանից հրաժարվեն, մենք պատրաստ ենք պաշտպանել… Ի՞նչ պիտի անես..․Ոչինչ չես անելու: Սա ողբերգություն է։ 44-օրյա պատերազմի ընթացքում միայն Ռուսաստանը կարողացավ կանգնեցնել պատերազմը: Ո՞ւր էր Արևմուտքը… Չկա՛ր… Ողբերգություն է, որ մարդիկ նման երազներով են ապրում՝ սպասումներ ունենալով Եվրամիությունից: ԵՄ-ի համար Ադրբեջանն է կարևոր, ոչ թե Հայաստանը:
- Եթե ՀԱՊԿ-ից դուրս գաս, ո՞ւր ես գնալու… Ոչ մի տեղ։ Մնալու ես մեջտեղում։ Չեմ հավատում, որ Հայաստանում մարդիկ նման պատրանքներով են ապրում։ Պետք է հավասարակշռված քաղաքականություն վարել, ինչպես նախկինում։ Հայաստանի նախկին նախագահները հենց նման քաղաքականություն էին վարում։ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին Ռուսաստանի մարդը լինելու մեջ, բայց իրականության մեջ դա այդպես չէր։ Նրանք փորձում էին հավասարակշռված քաղաքականություն վարել, ինչը հատկապես արտահայտվեց Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը բալանսավորված քաղաքականություն վարելով՝ ստորագրեց ցյուրիխյան արձանագրությունները, այնուհետև CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ իր դեմ հանելով Ռուսաստանին։
- Ծիծաղելի են Հայաստանի այսօրվա զենքի գնումների մասին հայտարարությունները։ Դրանք միայն պաշտպանական զենքեր են։ Այն զենքերը, որոնցից հրաժարվեց Ուկրաինան, ուղարկեցին Հայաստան… Մինչև հեռահար թիրախներին խփելու զենքեր չունենանք, ավելորդ է խոսել զենքի գնման մասին։ Ի՞նչ գնեցինք մենք Ֆրանսիայից՝ մի 50 հատ մեքենա, մի 10 հատ էլ CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ… Վերջ… Ուրիշ բան չկա։
- Պատերազմի հավանականություն, այո, տեսնում եմ։ COP-29-ից հետո Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ կլինեն։
- Եթե Հայաստանի իշխանությունը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակից իր ստորագրությունը հետ վերցնի, Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու քարտ-բլանշ կունենա։
- Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան միայնակ մնան դեմ դիմաց, անշուշտ, բանակցությունները պիտի սկսվեն, խաղաղության կհասնեն: Արևմուտքը դա չի թողնում: Ես համաձայն եմ Ջոն Միրշայմերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։