«Պատերազմներով լի բազմաբևեռ աշխարհակարգ է սպասվում. գուցե որոշ երկրներ դադարեն գոյություն ունենալ». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը քաղաքակրթական դաշնակից է Ռուսաստանի համար:

«Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են, ըստ էության, նույն ռեժիմը, ինչ ռուսական ռեժիմն է՝ կառավարման համակարգի առումով: Իրենք նույնպես, ինչպես Ռուսաստանը, առաջ են տանում բազմաբևեռ և ոչ արևմտակենտրոն աշխարհակարգի գաղափարը, իրենք ընդգծում են Արևմուտքի՝ ներքին գործերի մեջ չխառնվելու կարևոր սկզբունքը, իրենք համակարծիք են միակողմանի գործողությունների իրականացման տրամաբանության հարցում, իրենք խորհրդային, եվրասիական տարածաշրջանում համահեղինակ են միակողմանի ռազմական գործողությունների, իրենք համահեղինակ են միակողմանի ռազմական գործողությունները լեգիտիմացնելու հարցում, իրենք կողմնակից են աշխարհն ավելի ոչ արևմտյան սկզբունքների հիման վրա վերաձևակերպելու հարցում, և հետևաբար, Պուտինի այցն Ադրբեջան շատ բնական է»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա մատնանշեց այն երեք կարևոր կոմպոնենտները, որոնք Ռուսաստանը հայ-ադրբեջանական պրոբլեմի կողմ են դարձնում:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կոմունիկացիաների բացման հիմնախնդիր, որտեղ Ռուսաստանը ակնհայտ օպերատոր էր և ինչ-որ առումով շարունակում է մնալ այսօր, երրորդը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում ՌԴ ակտիվ ներգրավվածությունն է: Հիմա, այս երեք կոմպոնենտներում որոշակիորեն առկա է խարխլվածություն: Պուտինի այցը հենց սրա մասին էր՝ ամրապնդելու հայ-ադրբեջանական պրոբլեմի շրջանակներում իրենց ընդհանուր կետերը և գծերը, ինչը որոշ հայկական շրջանակներում բողոքի տեղիք է տալիս: Ադրբեջանը դրան կողմ է, Ռուսաստանն իրենց համար ամենացանկալի միջնորդն է, ինչպես Ալիևն էր նշում՝ ՌԴ-ն կովկասյան պետություն է, քաջատեղյակ է գործընթացից, ՌԴ դերակատարությունն Ադրբեջանը դիտարկում է պոզիտիվ: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը համակարծիք են արտատարածաշրջանային երկրներին չներգրավելու և ազդեցությունը բացառելու հարցում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրացել է:

Կարդացեք նաև

Միջազգային հարաբերությունների դոկտորն անդրադարձավ նաև Արևմուտքի ներկայիս քաղաքականությանը՝ այն բնութագրելով որպես քաոտիկ.

«Հնարավոր չէ, օրինակ, ԱՄՆ ներկայիս ռազմավարությունը մեր տարածաշրջանում համեմատել 90-ականների կամ 2000-ականների ռազմավարությունների հետ. այստեղ ակնհայտ է անհետևողականությունը: Դա էլ ինչ-որ առումով ձևավորում է Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերություններ, որոնք, ըստ էության, բավականին տեխնիկական և պրակտիկ քաղաքական և տնտեսական առևտրի վրա կառուցված հարաբերություններ են: Մենք տեսնում ենք մի Ադրբեջան, որն ունի բավականին հավակնություններ՝ սուր հեգեմոնիկ դերակատարություն ունենալու տարածաշրջանային առնվազն մեր երկու պետությունների վրա: Եվ այստեղ տեղին է նշել Ալիևի այն հայտարարությունը, որ որևէ պրոյեկտ հնարավոր չէ Կովկասում՝ առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, առանց Ադրբեջանի ներգրավվածության և առանց Ադրբեջանի վերջնական հավանության: Այստեղ Արևմուտքը բավականին լուրջ սահմանափակումներ ունի: Բացի տնտեսական հարաբերություններից՝ քաղաքական հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն, կա ակնհայտ մեծացող սպառնալիք, որ, հավանաբար, Ադրբեջանը բացասական ազդեցության կրող է արևմտյան արժեհամակարգի դեմ՝ որպես խաղացող, և պատահական չէ, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել, որը կարմիր լույս պետք է լինի Արևմուտքի համար՝ ի վերջո հասկանալու, թե ինչպիսի պետության հետ գործ ունեն: Եթե Արևմուտքի պատկերացմամբ նայենք մեր տարածաշրջանին, իրենք գործ ունեն մինի Ռուսաստանի հետ: Այդ ընկալումները խախտվում են՝ Ադրբեջանի կողմից էֆեկտիվ փափուկ ուժի կիրառման շնորհիվ հենց եվրոպական որոշում կայացնողների շրջանակներում: Արևմուտքն ամենաթույլ օղակն է տարածաշրջանային կոնֆիգուրացիայում»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ վերլուծաբանի, ակնհայտ է սուվերենության անկումը.

«Սահմանափակ սուվերենությամբ պետության հետ գոյություն ունենք: Միջազգային հարաբերություններում կա քաղաքական աղմուկ հասկացությունը, արտաքին քաղաքականության անալիզում կա նաև դիվանագիտության սիմուլյացիայի հասկացությունը. Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոյեմբերի 9-ի դրությամբ որոշեց, որ պարտվել է, դա բերեց այն հետևանքներին, որը մենք տեսնում ենք: Այստեղ խնդիրը նոյեմբերի 9-ից հետո առաջացած իրավիճակն է: Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ իրենք պարտվել են և Հայաստանի Հանրապետության կենսական շահերը հանձնելով, կենսական կարմիր գծերը չսպասարկելով, դավաճանելով ՀՀ ռազմավարական շահերը՝ փորձեցին որդեգրել այն քաղաքական կուրսը, որը թելադրվում էր Ադրբեջանի կողմից: Բայց միևնույն ժամանակ, իրենք փորձեցին ներքաղաքական օրակարգի համար ձևավորել մի տպավորություն, որ՝ ա՜յ հիմա, քանի որ որևէ մեծ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորություններն Արևմուտքի հետ ինտեգրվելու ավելի մեծանում են, բայց հաշվի չառնելով ներկայիս միջազգային քաղաքական տենդենցները, հաշվի չառնելով, որ Արևմուտքն այս պահի դրությամբ և՛ ինստիտուցիոնալ, և՛ քաղաքակրթական առումով գտնվում է նահանջի մեջ, առաջացնել նման քաղաքական աղմուկ, որը որպես փաստ՝ հեղհեղուկ մի երևույթ է…»:

Նա նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել որևէ քայլ, որը սահմանափակի իր ներգրավվածությունը ռուսաստանակենտրոն ֆորմատներում՝ բացի նրանից, որ չի մասնակցում ՀԱՊԿ-ի հանդիպումներին.

«Բայց Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ԵՏՄ անդամ, շարունակում է ունենալ ռուսական կոնտինգենտ իր տարածքում, ռուսական սահմանապահ զորքերը շարունակում են գտնվել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանին, Հայաստանը դուրս չի եկել նոյեմբերի 9-ի պայմանագրից, օրակարգում շարունակում է մնալ կոմունիկացիաների բացման անվտանգության ապահովման մեխանիզմներում ՌԴ դերակատարությունը: Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ արտաքին քաղաքականության մանևրականությունն այնքան է փոքրացել, որ ինքնուրույն որոշումներ կայացնելու թե՛ մտավոր ունակության խնդիր ունենք, թե՛ ռազմավարության բացակայության: Ի վերջո, Ադրբեջանի շահերի դեմ է Հայաստանի՝ դեպի Արևմուտք ինտեգրացիան, այս պարագայում մնում է միայն կեղծ դիվանագիտությունը: Դրանք սիտուատիվ մակարդակի վրա ինչ-որ արդյունք կարող են տալ՝ հարաբերությունների ակտիվացում՝ տնտեսության, ռեֆորմների առումով, բայց համալիր համակարգային փոփոխություն դեպի Արևմուտք ես այս պահին չեմ նկատում»:

Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը նոյեմբերի 9-ից հետո իրեն գցել է այնպիսի կառուցվածքային իրավիճակում, որ իր վրա կարող են ազդեցություն պրոյեկտել բոլորը տարածաշրջանում, բայց ինքն իր անմիջական միջավայրում որևէ ազդեցություն պրոյեկտելու հնարավորություն չունի:

Անդրադառնալով աշխարհակարգային փոփոխությանը՝ նա հետևյալն ասաց.

«Ներկայիս բազմաբևեռ սուր հակամարտային աշխարհակարգում, որտեղ միակողմանի ուժի կիրառումը լեգիտիմացվում է, որտեղ ուժի կիրառման հետևանքը ողջունվում է, որտեղ ուժի միջոցով, ռազմական միջոցով հաղթանակը, էթնիկ զտումը, տարածքների նվաճումը շնորհավորվում է նման մտածելակերպ ունեցող ռեժիմների կողմից, մեզ սպասվում է բավականին բարդ, անարխիկ, պատերազմներով լի ժամանակաշրջան, որտեղ հնարավոր է, որ ինչ-որ երկրներ դադարեն գոյություն ունենալ:

Հայաստանի պարագայում մենք ունենք հստակ սպառնալիքներ, հստակ հակառակորդ, տեսնում ենք նրա հստակ ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ զրկել Հայաստանին դիմադրելու նյութական, բարոյահոգեբական կարողություններից: Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, առաջ է մղում Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որպեսզի իր հանրության համար և միջազգային ասպարեզում ՀՀ նկատմամբ հետագա ոտնձգությունները լեգիտիմացնի: Դրա համար էլ ընդգծում են, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի… Բավականին բարդ և Հայաստանի համար մահացու սպառնալիքներ պարունակող խաղեր են, որին ՀՀ-ն որևէ կերպ ադեկվատ չի արձագանքում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս