Ադրբեջանը Հարավային Կովկասում կրկնում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. թուրքագետ

Մինչ ՀՀ իշխանությունները գովերգում են Վաշինգտոնում կայացված օգոստոսյան պայմանավորվածությունները, պնդում՝ ռեգիոնում խաղաղությունը հաստատված է, ադրբեջանական կողմը պահանջում է ապահովել ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձ» Հայաստան:

Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու «Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում»:

Նա կարևորել է նաև միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթացի մեկնարկը:

«Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում: Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար»,- ասել է Իլհամ Ալիևը:

Կարդացեք նաև

ՀՀ իշխանությունները պաշտոնական հայտարարություններում մերժում են, այսպես կոչված, վերադարձի օրակարգը, սակայն Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ ինչպես մյուս բոլոր պահանջների դեպքում, այս դեպքում ևս Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել, ավելին, պատրաստվում է այս պահանջի միջազգային ընդունելիության համար աշխատանք տանել միջազգային հարթակներում:

Ուշագրավ է, որ միջազգային իրավունքը ոտնահարող Բաքվի բռնապետը, որը կազմակերպել է Արցախի բնակչության բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը, որը շարունակում է Բաքվի բանտերում պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու հայ այլ գերիների, հանկարծ հիշել է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների մասին ու հղում է անում դրանց:

Սրան զուգահեռ՝ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում։

«Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է, մենք մոտ ենք խաղաղության ձևավորմանը։ Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր էջ բացել։ Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը»,- Ժնևում լրագրողներին ասել է նա:

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Բաքվի այս հայտարարությունները փաստում են Բաքվի հետևողական քաղաքական գծի մասին։

Ըստ նրա, չնայած տարածաշրջանում խաղաղության մասին ուղերձներ են հնչում, Ադրբեջանը շարունակում է ձևակերպել պահանջներ Հայաստանի նկատմամբ՝ ընդլայնելով իր քաղաքական ճնշումների դաշտը, ինչպես նաև ստեղծելով միջազգային հող այդ ամենի համար: Ուստի, նրա խոսքով, այսպես կոչված, «վերադարձի» հարցը չի հանդիսանում մեկուսացված նախաձեռնություն և տեղավորվում է Բաքվի ավելի լայն ռազմավարության մեջ՝ վերահսկողության և ազդեցության մեխանիզմների ընդլայնման հաշվով։

«Սա լավագույնս արտացոլում է Թուրքիայի տարածաշրջանային մտածողությունը, ծավալապաշտությունը, որն առաջ է մղվում կոշտ ու փափուկ միջոցներով։

Այսինքն՝ կա արտաքին հռետորաբանություն ներկայումս, որն ուղղված է միջազգային հանրությանը, որ կա ռեգիոնալ համագործակցություն, խաղաղություն, մինչդեռ գործնական քաղաքականությունը կառուցվում է մշտական ճնշումների, նոր պահանջների վրա։ Ադրբեջանը նույն մեթոդաբանությունն օգտագործում է Հարավային Կովկասում՝ Հայաստանից յուրաքանչյուր փուլում նոր զիջումներ կորզելու համար։

Ադրբեջանցիների «վերադարձի» թեման ունի ոչ միայն քաղաքական, այլև խորհրդանշական-պատմական ենթատեքստ, Բաքուն այս օրակարգով փորձում է ստեղծել մշտական բանակցային ճնշման նոր հիմք։ Սա անում է այն պահին, երբ հենց Ադրբեջանն ամբողջությամբ մերժում է հայերի` իրենց պատմական բնակավայրեր վերադառնալու որևէ հնարավորություն։ Այս երկակի չափանիշը կարևոր է հասկանալու Ադրբեջանի ռազմավարական տրամաբանությունը՝ տարածաշրջանում հարաբերությունները կառուցել ոչ թե հավասարության, այլ առավելության և վերահսկողության հիման վրա»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Նա գտնում է, որ Բաքվի այս քաղաքականությունը փաստում է, որ խաղաղության մասին հայտարարություններն այս փուլում ավելի շատ նպատակ ունեն միջազգային ճնշումը մեղմելու, քան իրական քաղաքական շրջադարձի մասին վկայելու։

«Ի վերջո, եղել է նախաձեռնություն ԱՄՆ նախագահի կողմից, կա միջազգային ուշադրություն և մեծ աշխարհաքաղաքական մրցակցություն ռեգիոնում, ցանկացած շեղում կամ մեծ ճնշում կարող է նաև արտաքին արձագանք ունենալ, ուստի այս ամենն արվում է հայտարարություններով և այլ մեթոդներով, քան սուր դիմակայությունն է: Ադրբեջանի պահանջների շարունակականությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը, ինչպես այն ներկայացվում է պաշտոնական մակարդակով, իրականում կառուցվում է միակողմանի պայմանների վրա, որոնք հակասում են կայուն ու հավասարակշռված տարածաշրջանային կարգավորմանը:

Սա պետք է որ հասկանան նաև ռեգիոնի արտաքին միջնորդները, որոնք այդ խաղաղության պատասխանատվությունն են փորձում ստանձնել: Թեև ԱՄՆ նախագահի դեպքում մեծ ջանքերը ներդրվում են կոնկրետ համաձայնություն ձեռք բերելու վրա, իսկ դրանից հետո համաձայնություններին չեն հետևում, այլ տեղափոխվում են այլ ռեգիոններ՝ նախորդում թողնելով անորոշ ու անկայուն իրավիճակ, ինչպես Մերձավոր Արևելքում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս