«Ադրբեջանն ակտիվ աշխատում է Իրանի և Ռուսաստանի հետ. ո՞վ է կանգնեցնելու Ադրբեջանին». Հայկ Խալաթյան

Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի հետ, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում իրադրության մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե, այն մասով, որով դա պահանջված է կողմերի կողմից:

Ո՞րն է Պուտինի այս հայտարարության գլխավոր մեսիջը. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանից:

«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր և հետաքրքրություններ Հարավային Կովկասում: Կողմերի վերաբերյալ շեշտադրումը խոսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված կլինեն, այդքանով ավելի ակտիվ Ռուսաստանը կմասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նույնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կա, ունի հետաքրքրություն, և չնայած՝ իր ապագայի համար շատ կարևոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղվել նաև այս տարածաշրջանի հարցերով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Ադրբեջանը շատ էֆեկտիվ օգտվում է Հայաստանի արտաքին քաղաքականության սխալներից. «Մի երկու շաբաթ է անցել, երբ Շոյգուն Թեհրանում էր, հետո գնաց Բաքու, իսկ Հայաստան չայցելեց: Մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը նույն Իրանի հետ համաձայնություն է ձեռք բերել կոորդինացված զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Ի՞նչ է ստացվում. Ադրբեջանը հասկանում է, որ գլխավոր ուժերը, որոնք խոչընդոտում էին «Զանգեզուրի միջանցք» կոչվածին կամ Հայաստանի նկատմամբ իր ծրագրերին, Ռուսաստանն ու Իրանն են, բայց օգտվելով նրանից, որ Հայաստանը շատ սերտ համագործակցություն է սկսել Արևմուտքի հետ…

Կարդացեք նաև

Հասկանո՞ւմ եք՝ հարցն այն չէ, որ Հայաստանը համագործակցում է Արևմուտքի հետ, այլ այն, որ փաստացի Հայաստանն Արևմուտքի հետ համագործակցության համար զոհաբերում է իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: Այնտեղ դա իրենց համար որպես վտանգ են դիտարկում: Նախկին իշխանությունների ժամանակ է Հայաստանն Արևմուտքի հետ սերտ համագործակցել, բայց Իրանն ու Ռուսաստանը միշտ վստահ են եղել, որ այդ համագործակցությունն ուղղված չէ իրենց շահերի դեմ: Այս պահին նրանք կարծում են, որ դա իրենց շահերի դեմ է ուղղված: Ադրբեջանը շատ ակտիվ այդ թեզն առաջ է տանում, և, ցավոք, պետք է խոստովանեմ, որ դա լավ արդյունք է տալիս:

Թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում արդեն շատ մոտ են ընդունելու Ադրբեջանի մոտեցումները: Ադրբեջանն ասում է՝ գիտե՞ք՝ Հայաստանը ձեր դեմ է, դուք ինձ մի խանգարեք իմ ծրագրերն իրականացնել, ես էլ խոսք եմ տալիս ձեր շահերը տարածաշրջանում հաշվի առնել: Հիմա տեսնենք՝ դա ուր կտանի, Արևմուտքը կաջակցի՞ Հայաստանին, կկանգնեցնի՞ Ադրբեջանին և Թուրքիային: Նույն Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ եթե չգնանք զիջման, պատերազմ կսկսվի, և ստացվում է, որ նույնիսկ Արևմուտքը չի կարողանում կանգնեցնել Ադրբեջանին: Ցավոք, ներկա պահին բոլորը Հայաստանի հաշվին լուծում են իրենց շահերը, Հայաստանը դարձել է միջազգային հարաբերությունների օբյեկտ, որին չեն էլ հարցնում՝ համաձա՞յն է, թե՞ ոչ»:

Հարցին՝ այսինքն՝ ինքը համաձայն չէ՞ այն գնահատականների հետ, որ Պուտինի և Ալիևի ինտենսիվ հանդիպումներն ու հնչող հայտարարությունները հերթական դավադրությունն են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, նա այսպես պատասխանեց.

«Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը բարեգործական աուկցիոն չէ: Խնդիրն այն է, որ ինչքան խորանա ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, այդքան ակտիվանալու է համագործակցությունը ռուս-ադրբեջանական ուղղությամբ: Հայաստանում շատ են խոսում, թե Ռուսաստանն Ադրբեջանի դաշնակիցն է, ինչն անհեթեթություն է, բայց ներկայիս քաղաքականությունը կարող է բերել ի վերջո նրան, որ Ռուսաստանն իրոք տարածաշրջանում իր հենարանը համարի Ադրբեջանին: Թեպետ, ես վստահ եմ, որ այդպես չի լինելու, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի հետ շատ սերտ համագործակցում է: Շատ են ասում՝ Ռուսաստանը Թուրքիայից կախվածության մեջ է՝ պատժամիջոցների պատճառով, դրա համար անընդհատ գնում է զիջումների. բա Սիրիայի հարցում ինչո՞ւ չի գնում զիջումների:

Վստահ լինելով Բաշար Ասադի վրա, որ իր դաշնակիցն է, նա չի զոհաբերում Ասադի և Սիրիայի շահերը, որպեսզի Թուրքիայի հետ ավելի մերձենա, հակառակը՝ տեսնում ենք, որ որոշ հարցերում Թուրքիան է ստիպված Սիրիայում գնալ զիջումների: Իսկ հիմա հարց՝ Հայաստանի դեպքում այդպես չէ՞ր լինելու, եթե իրոք վստահություն լիներ»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ Պուտինը չի վստահում Փաշինյանին, նա արձագանքեց. «Թեպետ Հայաստանում անընդհատ փորձում են բաժանել՝ Փաշինյան և Հայաստան, բայց ցավոք, դրսում այդպես չի ընկալվում, այսպես է ընկալվում՝ Հայաստանի ղեկավարը Փաշինյանն է, ստացվում է՝ հայ հասարակությունը դրա հետ համաձայն է, դե եթե Փաշինյանն այսպիսի քաղաքականություն է վարում, Հայաստանն էլ է այսպիսին: Փաշինյանին որևէ մեկը վստահելի գործընկեր արդեն չի համարում»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետևանքներ է դա ունենալու մեզ համար:

«Ոչ մի լավ բան: Իր քաղաքականության արդյունքում մենք կորցրինք Արցախը, ցավոք սրտի, ներկայիս քաղաքականությունը կարող է շատ ողբերգական հետևանքներ ունենալ ՀՀ-ի համար: Ադրբեջանը բոլոր այդ սխալներից օգտվելու է, Արևմուտքն այնպես չէ, որ գնալու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի դեմ՝ Հայաստանի համար, իր համար կարևորը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և կարևոր չէ՝ ինչ գնով դա կլինի: Նույն Արցախի պարագայում իրենց պետք էր՝ խաղաղապահները դուրս գային, թե ինչ եղավ արցախահայության հետ, դա այդքան էլ հետաքրքիր չէ նրանց:

Պետք է ընդունել, որ ռուսական արտաքին քաղաքականությունն էլ այդքան հոյակապ չէ, իսկ շատ հարցերում շատ անձնավորված է ՌԴ քաղաքականությունը կամ շատ էմոցիոնալ, Ադրբեջանում դա շատ լավ են հասկանում և օգտվում: Դա էլ իր հետևանքներ է ունենում: Օրինակ՝ այլ պարագաներում Ռուսաստանը կարող էր նույնիսկ դժգոհ լինելով Փաշինյանից՝ փորձել իր շահերը պաշտպանելու համար այլ քաղաքականություն վարել, բայց ներկայիս Ռուսաստանն այլ քաղաքականություն կվարի, կասի՝ եթե դուք ուզում եք վատը, մենք էլ կանենք ավելի վատը, տեսնենք՝ ում քաղաքականությունն է այս կոնֆլիկտների արդյունքում ավելի ցավոտ լինելու: Հասկանալի է, թե ում համար է ավելի ցավոտ լինելու, եթե հայ-ռուսական այս հակամարտությունը խորանա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս