Նոյեմբերի 10-ի եռակողմի մի շարք դրույթներ խախտվեցին ռուս-ադրբեջանական երկկողմ «համագործակցության» պատճառով. ՌԴ-ն չպետք է պայմանավորվի մի կողմի հետ. Շիրազ Խաչատրյան

Վերջին օրերին քաղաքագիտական և փորձագիտական քննարկման թեման առնչվում է  Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցին, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, կոմունիկացիաների բացմանը: Ռուսաստանի ղեկավարը, հատկապես, նշել է.

«Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, նախևառաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ, սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում՝ վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, իհարկե, որտեղ դա պահանջված է կողմերի համար: Բայց եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, կամ՝ ապաշրջափակման համապատասխան ուղղությունների լոգիստիկայում և տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»:

Իր հերթին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը:

Այսինքն, Ռուսաստանը որոշել է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությամբ ստանձնած պարտավորություններին և իրավունքներին, կոնկրետ դեպքում՝ ապաշրջափակման մասով, որից Հայաստանը դե յուրե չի զրկել Ռուսաստանին, անգամ վերջին տարիների դեպի Արևմուտք քայլերին: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը պետք դրա «տակից» դուրս գա, երբ Պուտինը նրան ներկայացնի Ալիևի հետ բանակցությունների արդյունքները:

Կարդացեք նաև

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, վերջին ամիսների ընթացքում աշխարհում, նաև՝ տարածաշրջանում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ուստի ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցը պետք է ոչ թե առանձին դիտարկել, այլ՝ որպես ընդհանուր պրոցեսների շղթայի մի մասնիկ։

«Իսկ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներն ակտիվացրել են իրենց գործունեությունը տարածաշրջանում, և ամեն մեկն իր պատկերացումների ու շահերի շրջանակներում է փորձում իր անվտանգության համակարգը կառուցել տարածաշրջանում։ Հայկական կողմը շատ հաճախ տեղի ունեցող կարևոր իրադարձություններից ուղղակի դուրս է մնացել՝ վերածվելով օբյեկտի, և այս իրավիճակում խոշոր խաղացողները որոշումներ են կայացնում և այդ մասին ընդամենը տեղեկացնում, փոխանցում կամ պահանջներ ներկայացնում հայկական կողմին։ Սա առաջին հերթին հայկական կողմի անատամ դիվանագիտության ու անգործության հետևանք է, երկրորդ, Բաքուն այնպես է կարողանում մանևրել, որ խոշոր խաղացողներն առաջնահերթ փորձում են խոսել ադրբեջանական կողմի հետ։ Դրա մասին են վկայում տասնյակ օրինակներ, երբ ադրբեջանական կողմի հետ «խոսելուց» հետո և՛ ռուսական, և՛ արևմտյան դերակատարները թեքվում ու միակողմանի պահանջներ են ներկայացնում հայկական կողմին։

Հայկական կողմն էլ շատ հաճախ, «գլուխը կախ», կատարում է այդ պահանջները։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև այս դեպքում, երբ ռուս-ադրբեջանական շփումների ու պայմանավորվածությունների հետևանքով կրկին առաջ է բերվում հայ-ադրբեջանական օրակարգը, Ալիևն ուղղակի ձևով հայտարարում է՝ ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված է Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից, Պուտինն էլ ասում է՝ իրենց պայմանավորվածությունների, արդյունքների մասին «կտեղեկացնի» հայկական կողմին, Լավրովն էլ ինչ-որ խիստ տոնայնությամբ մեղադրում է հայկական կողմին սաբոտաժի մեջ, իսկ այս իրավիճակում հայկական կողմից՝ ոչ մի արձագանք։ Ահա այդպիսի խղճուկ պատկեր ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը՝ հավելելով, որ հիմնական խոսույթը տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ է:

«Եվ դատելով վերջին ժամանակաշրջանում տարածաշրջանում ռուսական կողմի ակտիվ դիվանագիտական շարժերից, երբ ձեռք են բերվում Թեհրանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ, ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Բաքվի և Անկարայի հետ, ու կան տեսանելի համաձայնություններ այդ երկրների հետ, ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ ոչ միայն չի պատրաստվում Հարավային Կովկասից դուրս գալ, այլ նաև «աշխատում» է իր հովանու ներքո վերցնել խնդրահարույց հարցերի լուծման թեմաները։

Բայց դրա համար Ռուսաստանը պետք է նախևառաջ վերանայումներ մտցնի տարածաշրջանում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, այլ ոչ թե պայմանավորվի մի կողմի հետ, ու փորձի որոշումները փաթաթել մյուսի պարանոցին։

Եվ անկախ այն հանգամանքից, որ մեր իշխանություններն ապիկար են ու անկարող հայկական շահն առաջ տանելու տեսանկյունից, պետք է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթներ խախտվեցին հենց ռուս-ադրբեջանական երկկողմ «համագործակցության» պատճառով, երբ, օրինակ, Արցախում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ռուսական կողմն այնտեղ ոչինչ չկարողացավ անել։ Իսկ նմանատիպ պատկեր կարող ենք ունենալ նաև Սյունիքում, եթե ռուսական կողմն իր դիրքորոշումները համաձայնեցնի միայն ադրբեջանական կողմի հետ ու փորձի դիվանագիտական, քարոզչական ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա։ Կրկնում եմ, այստեղ կարևոր է նաև հայկական իշխանությունների կողմնորոշումն ու ակտիվ գործունեությունը, ինչը տեսանելի չէ, բայց ռուսական կողմն էլ պետք է հաշվարկի իր քայլերի հաջորդականությունն այնպես, որ նախկին սխալները չկրկնի։ Իսկ դիվանագիտական, քարոզչական հարթակում նման հուսադրող հանգամանք չի նշմարվում։ Եվ ադրբեջանական կողմն էլ հատկապես քարոզչական դաշտում բազմաթիվ ապատեղեկատվություններով փորձում է և՛ ռուսական կողմի, և՛ իրանական կողմի ուշադրությունը սևեռել հայկական կողմի վրա, ցույց տալով հայկական կողմի ապակառուցողական պահվածքը։

Եթե այս իրավիճակում ռուսական կողմի դիրքորոշումը քիչ թե շատ տեսանելի է, ապա հատկապես իրանական կողմը շատ զգուշավորությամբ է գործում ցանկացած իրավիճակում, ճիշտ է՝ մեծ առումով չի տրվում ադրբեջանական քարոզչական հնարքներին, բայց և շատ հաճախ կրկնում է իր կարմիր գծերի մասին՝ հատկապես միջանցքի թեմայով։ Բայց ադրբեջանական կողմի շարունակական աշխատանքի արդյունքում քարոզչական վակուումը ևս լցվում է իրենց ուզած օրակարգով։ Այստեղ ևս մենք գրեթե չկանք, բացակայում ենք, լավագույն դեպքում պատասխանողի դերում ենք, բայց հակազդելու ոչ մի գործիք չի կիրառվում, չունենք գործողությունների համակարգ, որն ուղղված է թշնամու տեղեկատվական ենթակառուցվածքների վրա ազդեցություն գործելուն»,- շարունակեց Շիրազ Խաչատրյանը:

Որքանո՞վ է հնարավոր Սյունիքի ուղղությամբ ռազմական սադրանքը կամ էսկալացիան.

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետն ասաց, որ առաջիկա ամիսներին՝ մինչև Ադրբեջանում անցկացվելիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) հաջորդ համաժողովը, դժվար թե ռազմական որևէ իրադարձություն տեղի ունենա:

Այլ հարց է, որ Շիրազ Խաչատրյանի կարծիքով, կարող է այդ ընթացքում որոշակի նախապատրաստական աշխատանքներ լինեն և COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկվի Ադրբեջանի կողմից, ինչի մասին զգուշացրել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Իհարկե, երկարատև ռազմավարություն մշակած կլինեն: Տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում շատ հնարավոր է, որ մինչև այդ համաժողովը քարոզչական հիմքեր ստեղծեն՝ նոր սադրանքների, իսկ համաժողովի ավարտից հետո՝ խոր աշնանը, եթե ինչ-որ պայմանավորվածություններ չլինեն, հնարավոր են Սյունիքի ուղղությամբ որոշակի ռազմական սադրանքներ՝ հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու, ինչ-որ բան կորզելու և ստանալու համար»,- շեշտեց Խաչատրյանը:

Հավելենք, որ վերևում հիշատակված ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է.

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս