Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին. Դավիթ Տոնոյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով
Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Սա Օնիկ Գասպարյանը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում։
Իսկ 2023 թվականի հունիսի 28-ի իր արձագանք-հայտարարության մեջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Նա առաջարկել էր՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն:
Նշված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստին, մասնավորապես, զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին:
«Իմ զեկույցում նշել եմ, որ, ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների, արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:
Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:
Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար, մենք չունեինք:
…Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղեկացված էր հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին:
Վերջերս այս մասին խոսել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ասելով. «Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին են Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել…»:
Իսկ պատերազմից հետո այս մասին խոստովանել է թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը շատ լավ իմացել է, որ պատերազմ է սկսվելու, և Թուրքիան էլ դրանում կարևոր դեր է ունենալու:
Այս համատեքստում բավական է հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:
2020 թվականի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և այն հաշվի առնելու մասին 2023 թվականի օգոստոսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի՝ 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու հաշվարկների համատեքստում:
«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:
«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը:
Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։
Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:
2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:
«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:
«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:
Իսկ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:
Այդ ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:
Միաժամանակ նախկին նախարարը Քննիչ հանձնաժողովում հաստատել էր Փաշինյանի՝ դարձյալ Քննիչ հանձնաժողովում ասածը՝ նշելով, որ իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել։
«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- շեշտել էր Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։
Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերին, որի հետ հանդիպման հաշվետվությունը նա Քննիչ հանձնաժողովում առաջարկել էր ներկաներին վերցնել և ծանոթանալ:
«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպում, առաջնահերթությունը տրվել է ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին: Բոլորին տրվել են Թուրքիայի F16-երի օդային դիագրամաները, և տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն Արցախյան պատերազմի թատերաբեմում: Այդ ժամանակ դեռ ՆԱՏՕ-ն 29 անդամ ուներ, ՀՀ-ում հանդիպել եմ 12 անդամ երկրի հետ, ընդ որում, որոշների հետ՝ մի քանի անգամ»,- Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում մանրամասնել էր Տոնոյանը:
Ի դեպ, իշխանության ներկայացուցիչը հայտարարել էր, որ 2020 թվականին սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ռադիոկլանման միջոցով հենց թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունն է լսել, որ կարևոր բանի պիտի մասնակցեն, որ պատերազմ է լինելու:
Փաստորեն ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի բացառել Թուրքիայի անուղղակի մասնակցությունը պատերազմին, սակայն ուղղակի ներգրավվածությունը բացառել է, ըստ էության, առնվազն հակասցենարներ մշակելու հարցում:
Իսկ թե ինչու Թուրքիայի մասնակցությունը չի կանխատեսվել ռազմական գործողություներին, Տոնոյանն ակնարկել էր, որ սպառնալիքները գնահատելիս հաշվի են առել նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցությունը:
«Սպառնալիքների գնահատման ընթացքում մենք գնահատում ենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները: Ինչ վերաբերում է իրական վիճակին, ինչը կատարվեց այդ ժամանակաշրջանում, սպառնալիքների գնահատման վերջին շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական այդպիսի պրոցեսներ չէին ընթանում: Այս մասին մանրամասն կանդրադառնամ փակ, բայց բաց մասում ասում եմ, որ հաշվի ենք առել դաշնակցի և այն դաշինքին մեր մասնակցությունը, որում գտնվում էինք»,- շեշտել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ հիշեցնելով նաև, որ 2 շրջափուլ ռազմավարական վերանայման գործընթացի և սպառնալիքների հնարավորինս ճշգրիտ գնահատման պրոցես է իրականացվել:
«Ե՛վ 2008-2010 թվականներին, և՛ 2016-2018 թվականներին»,- ասել էր Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել պաշտպանական վերանայման գործընթացի տարբեր շրջափուլերին առնչվող, և, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի իրականացրել նման գործընթաց: Այսինքն, հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը բախվելու է նույն խնդրին, ինչի մասին նշեցինք վերևում՝ չէին հաշվարկել…
Թե ինչ դեր է ունեցել Թուրքիան 44-օրյա պատերազմում և ինչ նպատակով, 168.am-ը ոչ մեկ անգամ ներկայացրել է՝ թուրք գեներալների Ադրբեջանի ԳՇ շտաբը ղեկավարելուց սկսած:
Օրերս Թուրքիայի նախագահը խոստովանել էր, որ ուղղակի կերպով մտել են Արցախ:
Այս հայտարարությունը որոշների դեպքում կարծես թե անակնկալ էր, մինչդեռ դեռևս անցած տարի Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն այդ մասին հստակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը չի եղել պրոքսի, խորհրդականների միջոցով, քողարկված:
«Թուրքիայի ներգրավվածությունը պրոքսի չի եղել, եղել է անմիջական»,- շեշտել էր նա և հավելել.
«F-16-երի կիրառումը, որով բացահայտում էր մեր ՀՕՊ ամբողջ համակարգը…Այդ երկրի ռազմօդուժը ՆԱՏՕ անդամ երկրներում դասվում է բավականին զարգացած ռազմական օդուժերի շարքին: Ինչո՞ւ: Որովհետև իրենք առաջին երկրներից մեկն էին, որ ստեղծեցին համակարգ՝ հրամանատրման, վերահսկողության, կապի, հետախուզության վարման: Եվ այդ ռազմօդուժի համակարգն իր հերթին փոխկապակցված էր ՆԱՏՕ հրամանատրման և վերահսկման համակարգին»:
Ստացվում է՝ 44-օրյա պատերազմի չկանխման հարցում իրենց պատասխանատվությունն ունեն և՛ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն, բայց չգիտես՝ ինչու, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը միայն Ռուսաստանին է մեղադրել 2020 թվականի պատերազմի սկսման համար: Իսկ այսօր էլ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ անդամ երկրների հետ նոր որակի հարաբերություններ է փորձում ունենալ՝ առանց պատասխանատվության պահանջի, կամ մեղադրանքների:
Դավիթ Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովում արված հայտարարությունները՝ ՆԱՏՕ-ի հետ կապված, բավականին ուշագրավ են: Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովի զեկույցը գրողները ՆԱՏՕ-ի անգործության հետևանքները հաշվի են առել:
Ի դեպ, պատերազմի առաջին օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր.
«Մենք շատ լավ հասկանում ենք, այդքան փորձ ունենք, որ F16-ը օդում է, աշխատում է, «Բայրաքթարին» է օգնում, զուգահեռ՝ սահմանի մյուս կողմից թուրքական ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում։ Բորդերով գիտենք, համարներով գիտենք, շատ լավ գիտենք այդ ամեն ինչը։ Եվ ինչպես են փոխհամաձայնեցված աշխատում իրար հետ։ Շատ լավ գիտենք, որ F16-ը միայն կարող էր այդ ժամանակ, գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությունից տեսնել ՍՈՒ-25-ին, որովհետև ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց այդ պահին, այդ տեղում կարող էր, որովհետև գտնվում էր 6-8 կմ բարձրության վրա։ Եվ շատ լավ գիտենք, որ իր սպառազինության մեջ եղած հրթիռները ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ հեռավորության թիրախ, և միայն իրենք են ի վիճակի խոցել։ Եվ եթե որևէ մեկը կասկած ունի, կարող ենք տրամադրել այդ ամեն ինչը»:
ՊՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ F16-երը Հայաստանի և Արցախի օդային տարածք չեն մտել՝ դրա անհրաժեշտությունը չունեն, բայց ունեն հնարավորություն՝ հեռահար միջոցներով լուծելու այդ խնդիրը:
Նշենք, որ այդ օրերին հայտնի էր դարձել, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Եվ քանի որ Պաշտպանության նախարարության տարածած լուսանկարը շատ հեռվից էր, ռուսական կողմում կասկածներ էին հայտնել:
Ի դեպ, սկզբում հրապարակվել էին մի քանի լուսանկարներ, հետագայում հեռացրեցին՝ թողնելով միայն մեկը:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք Արծրուն Հովհաննիսյանի խոստացած բավարար փաստերն ու ապացույցները ներկայացվել են ռուսական կողմին՝ չեզոքացնելու նրանց կասկածները, հաստատելու ՆԱՏՕ-ի այս առումով պատասխանատվությունը՝ հայտնի չէ: