Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո իր հետ ինչ է կատարվելու. Նաիրի Սարգսյան
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը՝ այն լրացնելով մի նոր հոդվածով, ըստ որի՝ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում Հայաստանում անցկացված ցանկացած ընտրությունների արդյունքներ կչեղարկվեն։
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, ինչից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկություն»,- օրենքի նախագծով սահմանել է ՀՀ իշխանությունը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը փաշինյանական իշխանության կողմից նման օրենսդրական փոփոխությունը պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից զրկվելու պարագայում ունեցած վախերով, ինչը գնալով ավելի իրատեսական է դառնում՝ հաշվի առնելով նրա անկում ապրող դեռևս 15 տոկոսանոց վարկանիշը։
«Սա նրա ապագա պարտության նախնական ճիչն է. Փաշինյանն այս օրենքի նախագծով ցույց տվեց, որ գիտի՝ հաջորդ ընտրություններին պարտվելու է, քաջ գիտակցում է, որ ինքը չի կարող վերարտադրվել, որովհետև միևնույն ժամանակ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո իր հետ ինչ է կատարվելու»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինիս խոսքով՝ իշխանական լծակները ձեռքում պահելու համար Փաշինյանին երաշխիքներ են պետք, ինչն էլ հենց նման օրենսդրական փոփոխությունն է լինելու՝ անընդհատ վերընտրվելու նպատակադրումով։
Անդրադառնալով օրենքի փոփոխության այն դրույթին, ըստ որի՝ ընտրական գործընթացի կասեցումից հետո անցկացվելու է նոր քվեարկություն և չեղարկվելու են արդեն իսկ անցկացված ընտրության արդյունքները, Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ իշխանությունն իր համար կպահի լավ զինված 200-300 հոգանոց բանակ՝ ընտրությունների արդյունքներով չվերընտրվելու պարագայում ներքին խժդժություններ հրահրելու համար։ Այդ դեպքում, ըստ Սարգսյանի, երկրում արտակարգ դրություն կարող են հայտարարել Հայաստանի սահմանադրական կարգի տապալման վտանգի անվան տակ՝ միաժամանակ մշտապես պայմանավորվածությունների գնալով Ալիևի հետ։
«Պարտադիր չէ, որ ադրբեջանական բանակը ներխուժի Հայաստան, եթե Հայաստանի հետ շփման գծում լինեն անգամ ադրբեջանական զորքի կուտակումներ, ՀՀ իշխանությունը կարող է հայտարարել, որ կա ՀՀ-ին սպառնացող վտանգ, և մտցնել արտակարգ կամ ռազմական դրություն։ Հակառակ պարագայում ինչո՞ւ են նման դրություն մտցնելուց հետո անվավեր համարում ընտրությունների արդյունքները և անցկացնելու նոր ընտրություն»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով ՝Փաշինյանը հիմա օրենքի մակարդակով է ապահովում իր՝ վարչապետի աթոռից կառչելու գործընթացը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։