«Մեծ վտանգի առաջ ենք. մարդկանց թմբիրի մեջ պահելն ուղղակի հանցագործություն է». Վազգեն Հովհաննիսյան

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մոտ ապագայում կհաջողվի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման:

«Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում էլ կոնցեպտուալ առումով Ադրբեջանի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց  քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով խաղաղության պայմանագրի մատուցման հայկական և ադրբեջանական իշխանությունների տարբերակները:

«Հայաստանի իշխանությունները փորձում են խաղաղության պայմանագիրը հասարակությանը մատուցել՝ որպես հնարավոր անվտանգության երաշխիք, բայց դա անվտանգության երաշխիք չի լինելու: Իսկ Իլհամ Ալիևը կարող է այն մատուցել՝ որպես հայկական կողմի կապիտուլյացիայի երկրորդ ակտ, որ՝ հայկական կողմը բոլոր պահանջները բավարարում է, որովհետև հետագայում ադրբեջանական պահանջները չեն սահմանափակվելու, և Ադրբեջանը կամաց-կամաց գնալու է իր ռազմավարական խնդիրների լուծմանը»,- շեշտեց նա:

Վազգեն Հովհաննիսյանը նկատեց. «Մենք իրականում կանգնած ենք մեծ վտանգի առջև, և այդ վտանգը դամոկլեսյան սրի պես կախված է մեր գլխից, այսինքն՝ դա հայկական պետականության փուլ առ փուլ դեմոնտաժն է»:

Կարդացեք նաև

Քաղաքագետը շեշտեց, որ, եթե պայմանավորվածությունների կատարումն ապահովելու գործիքակազմ չկա, իշխանությունները չեն կարող դրանց վրա հենվել և հասարակությանը որպես իրականություն մատուցել.

«Դա ուղղակի հանցագործություն է, պետական հանցագործություն է, որովհետև դու քո հասարակությանը թմբիրի մեջ ես պահում, դու ասում ես, որ գոյություն ունի մի թուղթ, որը երաշխավոր է ինչ-ինչ խնդիրների լուծման, որը բխում է քո երկրի շահերից, բայց դա չի կարող լինել: Ադրբեջանը մտել է՝ Հայաստանի տարածքը վերցրել է, և մենք ունակություն չունենք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այդ տարածքներից դուրս գան: Եվ ասել, թե փաստաթուղթ ստորագրելով՝ այդ տարածքները կարող ենք վերադարձնել, ուղղակի մանկամտություն է: Ես ուրիշ բառ չեմ գտնում, որպեսզի բնութագրեմ, թե դա ինչ է, հասկանո՞ւմ եք։ Վատն այն է, որ հասարակության լայն շերտերը, որոնք ընտրությունների են մասնակցում, որոնք կարող են ազդել որոշումների վրա, ընդհանրապես կրավորական պահվածք են դրսևորում, ինչը ռազմավարական աուտիզմի որոշակի դրսևորում է»:

Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ: Թուրքական լրատվամիջոցները Միրզոյանի այս հայտարարությունը ներկայացրել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով, իսկ Վազգեն Հովհաննիսյանն այն որակեց որպես աբսուրդ և անբարոյական մոտեցում:

«Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի թշնամական քաղաքականություն, նրա նպատակներից մեկը ևս հայկական պետականության դեմոնտաժն է։ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը ռազմավարական աուտիզմի դրսևորումներից մեկն է»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս