«Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է՝ Թուրքիան, հնարավոր է, արևմտյան ուղղությամբ հարձակվի». ԱԽ-ն երեկ, այսօր և վաղը

ՀՀ անվտանգության խորհուրդը երեկ խոսնակի մակարդակով պատասխանել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հունիսի 28-ի հայտարարության՝ 2020-ի օգոստոսին ԱԽ նիստում արած առաջարկներին վերաբերող հատվածին:

Նախ՝ ԱԽ խոսնակի պատասխանը ոչ միայն «կոկիկ» չէր, կային ոչ ճշգրիտ պահեր, այլ, մեղմ ասած, թույլ էր բովանդակային առումով:

«Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել:

Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրներ չի ունեցել: Չնայած սրան, պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը և խոստումը»,- «Արմենպրես»-ին ասել էր ԱԽ մամուլի քարտուղարը:

Կարդացեք նաև

Նախ նշենք, որ 2021 թվականի ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդն Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել, որտեղ նշում էր, որ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդին հետ մղելու մասին այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստին:

«Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. «…Արևելյան օպերացիոն ուղղությունում… և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները,…», հավելելով, որ՝ «… Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում…»: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»,- նշվում էր ԱԽ 2021 թվականի ապրիլի 15-ի պարզաբանման մեջ:

Իսկ գեներալ Գասպարյանը 2023 թվականի հունիսի 28-ին իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր.

«Ինչ վերաբերում է պատերազմից առաջ Անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք, որ Անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերող բոլոր հարցերը:

Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես, իմ զեկույցում նշել եմ, որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների՝ արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք:

Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է՝ ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը:

Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:

Իսկ մինչդեռ մինչ այդ՝ հունիսի 19-ի նիստում, ըստ ուղերձի, գեներալ-գնդապետը զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

2021 թվականի ապրիլի 16-ին , factor.amի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր.

«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է։- Մ.Պ.):

Իսկ Օնիկ Գասպարյանը դեռ ԱԽ 2020 թվականի օգոստոսյան նիստից առաջ էր զգուշացրել. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Ի դեպ, ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ:

Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:

Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ»:

Ւ դեպ, 2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը նաև շեշտել էր. https://168.am/2020/11/16/1408107.html

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Եվս մեկ անգամ արձանագրենք, որ հիշատակված ԱԽ նիստը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020-ի օգոստոսի 21-ին, հիշեցնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2020-ի օգոստոսին՝ հուլիսյան դեպքերից հետո, որոնց մի մասի վրա հիմնվելով է, թերևս, ԳՇ նախկին պետը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի սանձազերծման զգուշացում արել: Եվ այսպես՝

 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

Օգոստոսի 24-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:

 Ուշագրավ է, որ վերը նշված զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

 Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում դժգոհություն էր արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ՝ 400 տոննա:

 Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե «օգոստոսի 23-ին` առավոտյան 05։45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է»: ՀՀ պաշտպանական գերատեսչությունն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն էր համարել:

Օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր դրվել աշխարհազոր ստեղծելու մասին նախագիծը:

 Օգոստոսի 20-ին Կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանել էր ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների: 

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագիծը:

Վերը նշված օգոստոսյան ցանկին հավելենք, որ 2020-ի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, որը, ի դեպ, հուլիսին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել էր, ըստ էության, Օնիկ Գասպարյանի զգուշացումը՝ ասելով.

«Նախիջևանն այն տարածքն է, միջոցը, որով Թուրքիան իրականացնում է իր պանիսլամական նեոօսմանիզմի ծրագիրը: Դա այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան ուզում է թռիչք իրականացնել դեպի արևելք, մյուս կողմից՝ դեպի հյուսիս՝ Ռուսաստան»:

Ի դեպ, 2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ ինչպես 2023-ի հունիսի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը՝ 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին ԱԽ նիստում Փաշինյանին զեկուցել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները:

Ի դեպ, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Ի դեպ, 168.amգրել էր,  որ արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի էր, որի մասին կարելի էր ենթադրել պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած «գաղտնի» նամակից:

Հոդվածի թեմայի համատեքստում նշենք, որ ՀԱՊԿ փաստաթղթում զորավարժությունների սցենարում, մասնավորապես, նկարագրված է.

«С учетом обстановки в мире, приведшей к закрытию границ между государствами для «Визирии» (Թուրքիա-Մ.Պ.) и «Азерии» (Ադրբեջան.- Մ.Պ.) особую остроту приобрела возможность создания сухопутной связи через территорию «Ноякерта» (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.) и г.МЕГРИ, что возможно только при достижении уступок со стороны «Севании» (Հայաստանի Հանրապետություն.- Մ.Պ.) по «арцахскому» вопросу. В связи с этим государства «Кавказского союза» (Ադրբեջան, Թուրքիա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.), резко нарастили масштабы совместных действий, направленных против «Республики Севания»»:

Փաստաթղթում ուշագրավ այլ հատվածներ ևս կան, որոնք հաստատում են՝ Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակում նկարագրված մարտական գործողությունների ընթացքը, ելքը, հետպատերազմյան զարգացումները, ըստ էության, կանխատեսելի են եղել:

Եվ ԱԽ-ը փոխանակ մտածի, որ հաշվի չի առնվել ոչ մի զգուշացում, որ երկիրը քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով առնվազն լավ չի պատրաստվել պատերազմին, բառախաղի մեջ է մտել ԳՇ նախկին պետի հետ, որի զգուշացումները հիմնավոր էին:

Չմոռանանք, որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։

Այսինքն, այսօր էլ Նախիջևանի հատվածից, առհասարակ, Թուրքիայից սպառնալիքները բնավ չեն վերացել, այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները Թուրքիային համարում մեզ թշնամի և սպառնալիք, և ոչինչ, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի օժանդակությամբ, տևական ժամանակ է՝ թիրախավորել է Երասխի ուղղությունը:

Իսկ Օնիկ Գասպարյանի հայտարարության՝ ԱԽ նիստի պարզաբանման տրամաբանության մեջ պնդում ավելի վաղ արել էր Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր. 

«Մի պայմաններում, երբ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, և այդպես շարունակ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել, դա հասկացանք, այդ ամենը կա, գոյություն ունի օբյեկտիվորեն, ես ասում եմ՝ եկեք՝ ավելի խորը դիտենք»:

Եթե հաշվի առնենք ԳՇ նախկին պետի հայտարարությունը, ապա Նիկոլ Փաշինյանը զբաղվել է առնվազն ինքնախաբեությամբ՝ և՛ դաշնակիցների առումով, և՛ բանակի կարողությունների, եթե խոսում ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի մասնակցությամբ լայնածավալ պատերազմի մասին, ինչի ականատեսը եղանք 2020 թվականին:

Հենց դրա համար է Օնիկ Գասպարյանը զգուշացրել՝ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, և, որ որոշակի հատվածներում և որոշակի ժամանակում առանց Թուրքիայի գործոնի հաշվառման կարող ենք մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով, բայց եթե հաշվի ենք առնում թուրքական գործոնը, պահանջները փոխվում են՝ կամ պիտի դիվանագիտության միջոցով կանխել պատերազմը, կամ ավելացնել բանակի ռազմական և ռազմատեխնիկական կարողությունները: Եվ սրա առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Քանի որ խոսեցինք Անվտանգության խորհրդի մասին, հիշեցնենք նաև նրա գործառույթները.

Առաջին՝ սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում, վերանայում, նաև՝ հաստատում է`

-ԶՈՒ զարգացման պլանը,

-Այլ զորքերի զարգացման պլանը,

-ԶՈՒ ծավալման պլանը,

-ԶՈՒ զորահավաքային պլանը,

-ԶՈՒ կիրառման պլանը,

-ՀՀ տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը,

-Քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը:

Բացի այս՝

-Վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

– Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:

Ի դեպ, այն, որ ԱԽ-ն ասում է, որ Օնիկ Գասպարյանը նախիջևանյան ուղղությամբ ռազմական խնդիրներ չի ունեցել, ի՞նչ նկատի ունի՝ հարձակո՞ւմ չի եղել, թե՞ սպառնալիքները կանխելու անհրաժեշտություն։ Երկրորդը, թերևս, եղել է, և, կրկնում ենք, այն այսօր էլ կա:

Տեսանյութեր

Լրահոս