Շանտղություն հայկական ձևով․ հակադեմոկրատական ժողովրդավարություն
Դեմոկրատիան՝ ընդդեմ ազատության, ժողովրդավարությունն՝ ընդդեմ քաղաքացիական ազատությունների, իրավապահ համակարգն՝ ընդդեմ օրինական իրավունքների ու ազատությունների։
Այս զույգ հասկացությունները հականիշներ են, բացառում են իրար, և նման շարադրանքը կարող է դիտվել սոսկ որպես պարադոքս կամ մեղմասացություն։ Բայց այս պարադոքսն այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանում, գրեթե կենդանի ռեժիմում։
Օրինակները թարմանում են համարյա ամեն օր։
Նախօրեին 9 երիտասարդներ բերման էին ենթարկվել Ոստիկանություն՝ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով, բայց ինչպես պարզվեց՝ սոսկ թռուցիկներ փակցնելու համար։ Դրանից օրեր առաջ Գյումրիում քաղաքական նպատակահարմարությամբ հարուցված քրեական գործի պատճառով հրաժարական տվեցին ընտրված քաղաքապետն ու ավագանու անդամները, նույն օրերին իշխանությունը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է արտակարգ և ռազմական դրության հաստատում ընտրություններից հետո՝ մինչև ձայների հաշվարկն ընկած ժամանակահատվածում։ Սա ընդամենը մի քանի օրինակ է այն երկար ցուցակից, որում տեղ գտած իրադարձությունները վկայում են Հայաստանում ժողովրդավարության, դրա հիմնաքար հանդիսացող ազատությունների, ընտրական մեխանիզմի կոպտագույն խախտումների մասին։
Բայց հայկական հակադեմոկրատական իրականության առանձնահատկությունն ու պարադոքսն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում «ժողովրդավարության» ցուցանակի ներքո։ Այն պարզ պատճառով, որ պետության ու հասարակության համար կենսականորեն կարևոր այդ ինստիտուտները՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, քաղաքական ու ընտրական իրավունքները հանրային ու պետական կյանքի կառուցակարգերից վերածվել են սոսկ աշխարհաքաղաքական գործիքի, որով այստեղ գեոպոլիտիկ շահեր ունեցողներն առաջ են մղում իրենց շահերը։
Բացի զուտ ընթացիկ խնդիրներից, որ հարուցում է ժողովրդավարության իմիտացիան, այս գործընթացն ունի շատ ավելի երկարաժամկետ, խորքային արատներ, որը հանրագումարում հասարակության շրջանում արժեզրկում է հենց դեմոկրատիան և դրանից բխող արժեքները։
Քաղաքացիները տեսնում ու լսում են՝ ինչպես են արևմտյան ժողովրդավարության առաջամարտիկ երկրների պատվիրակություններն ու դեսպանները հանդիպում այն նույն իշխանության հետ, որի հրահանգով բերման են ենթակվում թռուցիկ փակցնող երիտասարդներն ու հրաժարական են տալիս ընտրված պաշտոնյաները, ու բռնաբարվում է ընտրական օրենսդրությունը։ Մարդիկ տեսնում ու լսում են, որ ժողովրդավարությունը ոչ թե զարգացած պետություն, իրավահավասար հարաբերություններ կառուցելու կացութաձև է, այլ գեղեցիկ հնչող արժեքների իմիտացիա, որով իրական ժողովրդավարություն ունեցող երկրներն աջակցում են ժողովրդավարությունը բռնաբարող Հայաստանի իշխանությանը՝ իրենց շահերից ելնելով։
Խնդիրն իշխանությունների հետ արևմտյան շրջանակների արարողակարգային հարաբերությունները չեն, դա նորմալ պրակտիկա է, այդ թվում՝ արևմտյան երկրների կողմից, որոնք գերադասում են աշխատանքային ռեժիմում գործակցել բոլոր իշխանությունների հետ։ Բայց Հայաստանում արևմտյան ներկայացուցիչների աշխատանքը հեռու է զուտ աշխատանքային գործակցությունից։ Պաշտոնական լրահոսը ողողված է Հայաստանի բոլոր կառույցներ արևմտյան դեսպանների այցերի մասին պատմող տեղեկություններով ու հայ պաշտոնյաների հետ նրանց գորովալից լուսանկարներով։
Ասենք, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում խաղաղ քաղաքացիների նկատմամբ, և օրեր անց ժողովրդավարության ջահակիր երկրի դեսպաններից մեկը ողջագուրվում է ՆԳ նախարարի կամ վայրագության օպերացիայի ղեկավարի հետ։ Դատախազության պաշտոնյաները քաղաքական նպատակներով գործեր հարուցելուց ազատ ժամանակն անցկացնում են նույն արևմտյան դեսպանների հետ մտերմիկ ֆոտոսեսիաներում։ Եվ ամենակարևորը՝ այդ հանդիպումներից հետո որևէ ակնարկ անգամ չի հնչում նրանց կողմից Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում առկա խնդիրների մասին։
Այն դեպքում, երբ, օրինակ, նախկին իշխանությունների ժամանակ ցանկացած հանդիպում արևմտյան դեսպանի կամ պատվիրակության հետ ամփոփվում էր «ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրները վերացնելու, իրավական համակարգի բարեփոխումները խորացնելու հորդորներով»։ Հիմա արևմտյան դեսպանները հայ պաշտոնյաների հետ հանդիպումներից հեռանում են միայն «հայկական ժողովրդավարության մասին հիացմունքով»։ Սա ցցուն օրինակ է այն իրողության, որ «ժողովրդավարության» կաղապարն օգտագործվում է ոչ թե իրական ժողովրդավարության, այլ, եթե պետք է՝ ամենահակադեմոկրատական իշխանությունների աջակցության համար, որի նպատակը որևէ կապ չունի իրական ժողովրդավարության հետ։
Ասվածը, բնականաբար, որևէ կերպ չի նսեմացնում ժողովրդավարության կարևորությունը Հայաստանի համար, և ոչ էլ հանդիմանանք է արևմտյան դեսպաններին, որոնք այդ կերպ են առաջ մղում իրենց երկրների շահերը։ Պարզապես այս իրողությունների արդյունքում ստացվում է, որ Հայաստանում իրական ժողովրդավարությունը, իրական ազատությունները պաշտպանողները ստիպված են պայքարել ոչ միայն ժողովրդավարությունը կոպտորեն ոտնահարող իշխանության, այլ նրանց՝ իրենց շահերի համար աջակցող ժողովրդավարական երկրների հայկական քաղաքականության դեմ։
Դա ոչ թե ուղղակի դժվար է, այլ անհնարինության աստիճանի դժվար, որովհետև այդ պայքարն իր հակասականությամբ նմանվում է վերը թվարկված հակադրություններին և գոնե մակերեսային ընկալումներում ներկայանում է որպես «ժողովրդավարության պաշտպանություն՝ ժողովրդավարության ջատագովներից»։
Բայց հենց այդ մակերեսային ընկալումների խորքում ժողովրդավարության բռնաբարողներն ու ջատագովներն ամեն ինչ անում են Հայաստանի ավտորիտարացման համար՝ մինչ այժմ հաջողություն գրանցելով «հակադեմոկրատական ժողովրդավարության» մոդելն ամրապնդելու գործում՝ առաջնորդվելով «նա շան տղա է, բայց մեր շան տղան է» հայտնի սկզբունքով։
Հարություն Ավետիսյան