Եթե Ալիևը վաղը պահանջի՝ շալվարներն իջեցրած ման գան, կամ մեր այբուբենը փոխեն, Նիկոլը կանի ու կսկսի համոզել, որ 5-րդ դարում Պուտինն է մեզ ստիպել այդպիսի այբուբեն ստեղծել. Աղասի Ենոքյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ, միջազգայնագետ Աղասի Ենոքյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանում կյանքը, ամեն ինչ սարսափելի թանկացել է, ոչ միայն Լոնդոնի գներին է տվել անցել, այլ նույնիսկ Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի… Մարդիկ անվտանգ չեն զգում Հայաստանում՝ կոռուպցիան բազմապատկվել է, արտագաղթում են մարդիկ… Էս անկման վերջը չի երևում, ու չի երևում՝ ինչպես կարելի է սրա դեմն առնել։ Գլենդելում մենք տեսնում ենք, որ ամեն օր մեր շատ ու շատ ծանոթներ են գալիս… Շատ քչերը կան, ովքեր Հայաստանում ապագա են տեսնում։
  • Միջազգային խաղացողներին հետաքրքրող հիմնական խնդիրը Զանգեզուրի միջանցքի հարցն է։ Այստեղ կա երկու մոտեցում՝ կամ պետք է կանգնած լինեն ռուսները, կամ չպետք է կանգնած լինեն ռուսները։ Եվ երբ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասում է՝ Հայաստանը պետք է գնա ցավոտ զիջումների, նշանակում է՝ ռուսներն այդտեղ չպետք է կանգնած լինեն։ Բայց ես համոզված չեմ, որ Փաշինյանն այդ խիզախությունը կունենա։ 
  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ գրված է, որ պետք է լինի Միջանցքը, և այնտեղ պետք է կանգնած լինեն ռուսները։ Եթե Փաշինյանն ասում է՝ դրամական պարգև կտամ նրան, ով ցույց կտա Միջանցքի մասին կետն այդ հայտարարության մեջ, նշանակում է՝ ինքը չի կարդացել իր ստորագրած հայտարարությունը։
  • Խաղաղությունը երբեք խաղաղության պայմանագրերով չի լինում։ Խաղաղությունը լինում է այն ժամանակ, երբ հաստատվում է բալանս։ Մեր ռեգիոնում բալանս չկա։ Չի կարող հաստատվել տնտեսական բալանս, որովհետև մեր տնտեսությունը թույլ է։ Ռազմական բալանս նույնպես չի կարող լինել, որովհետև վերջին 6 տարում Նիկոլը մեր բանակն այնպես է քանդել, որ վերականգնելու հույս էլ չկա։ Մնում է քաղաքական բալանսը, բայց դա քիչ է։ Այնպես որ, խաղաղության պայմանագրի մասին եկեք մոռանանք։ Խաղաղության պայմանագիրն այն դագանակն է, որն Էրդողանը, Ալիևը, Պուտինը պահում են՝ մեր գլխին խփելու համար։
  • Անհեթեթություն է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Չզարմանաք, եթե վաղը պահանջ դրվի փոխել մեր այբուբենը, գրել լատինատառ, որ մեր հարևանները՝ թուրքերը, ադրբեջանցիները, կարողանան կարդալ… Փաշինյանն էլ կսկսի համոզել, որ 5-րդ դարում Պուտինն է ստիպել այդ այբուբենն ընդունել, ու բոլորս կսկսենք դա քննարկել։
  • Ալիևը լուրջ քաղաքականություն է վարում, լրջագույն պայմանագրեր է կնքում Չինաստանի, Իրանի, Արևմուտքի, Ռուսաստանի հետ… Իսկ Նիկո՞լն ինչ է անում… Այս ընթացքում Հայաստանը «լուրջ» արտաքին քաղաքական քայլ է արել, Պաղեստինն է ճանաչել։ Եկե՛ք նայենք՝ ինչքան խնդիր ունենք Իսրայելի հետ։ Արդյո՞ք Իսրայելի հետ քննարկվել է հարցը։ Օրինակ՝ մենք ունենք եկեղեցապատկան հողերի հարցը։ Դրա մասին խոսվե՞լ է։

Կարդացեք նաև

Այն պայմաններում, երբ ողջ աշխարհը երես է թեքում Հունգարիայից, Հայաստանը գնում է Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհով։ Այս ամենը հակահայկական քայլեր են։ Սա նշանակում է, որ Էրդողանն ու Ալիևն են թելադրում՝ ինչպիսին պիտի լինի մեր արտաքին քաղաքականությունը։

  • Զանգեզուրի միջանցքի հարցն այն հարցն է, որ Նիկոլը միայնակ չի կարող լուծել։ Երկու կողմից էլ ճնշում կա նրա վրա։ Սա միայն Նիկոլի խնդիրը չէ, թե չէ՝ Տավուշի, Կիրանցի նման կկիսեր ու կտար, երկու սյուն էլ կտնկեր ու կվերջացներ։
  • Ալիև-Փաշինյան լոնդոնյան հանդիպումը ձախողվեց, որովհետև դեռ լուծված չէ Միջանցքի հարցը։ Փաշինյանն ասելիք չունի։ Ի պատասխան Ալիևի պահանջների՝ հայկական կողմը գնաց հեծանիվ քշելու
  • Եթե Ալիևը վաղը հայտարարի, որ տարածաշրջանային խաղաղության հարցերը լուծելու համար ԱԺ պատգամավորները շալվարներն իջեցրած պետք է ման գան, Փաշինյանը կգնա դրան։
  • Պատերազմը չկանգնեցնելու 3 ենթադրություն կա՝ կա՛մ Պուտինը, Իրանի արտգործնախարարը կամ մյուսները խաբում են, որ եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ, բայց Փաշինյանը չի համաձայնել, կա՛մ Հայաստանը ղեկավարում է մի մանկամիտ, ում համար ոչ թե կարևոր էր 5000-ից ավելի տղաների չզոհվելը, Արցախը փրկելը, այլ կարևորն այն էր, թե իրեն էդ պահի՞ն կասեին դավաճան, թե՞ մի քանի ամիս անց: Կա՛մ էլ Փաշինյանն Ալիևի հետ ունեցել է գաղտնի պայմանավորվածություն, թե մինչև ո՞ւր պիտի հասնեն, ի՞նչը պիտի հանձնեն, որ պատերազմը կանգնեցվի։ Այդ տարբերակներից որևէ մեկով կարելի է բացատրել, թե ինչու Նիկոլը չկանգնեցրեց 44-օրյա պատերազմը: Հիմա էլ են նրան բոլորն անվանում դավաճան:
  • Նիկոլը շատ լավ հասկանում է, որ քանի դեռ ինքը կատարում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, իրեն կպահեն իշխանության, և դուրս կշպրտեն այն ժամանակ, երբ էլ պետք չլինի։ Դրա համար ուզում է ցույց տալ, թե ինքն ունի այլընտրանք։
  • Ինչո՞ւ Նիկոլը CEPA-ով ոչինչ չարեց։ Ու հիմա, երբ Եվրոպան ասում է, որ կա Հայաստանի հետ բանակցելու պատրաստակամություն, նշանակում է, որ դրա հետ մեկտեղ՝ կա պահանջների մեծ ցուցակ, բայց այդ ցուցակի մեջ ԵՄ մտնելու համար հանրաքվեի անցկացումը չի մտնում հաստատ։ 

Ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա կլինի ապօրինի: Հայաստանի Սահմանադրության և «Հանրաքվեի մասին» օրենքով հստակ սահմանված են այն հարցերը, որոնք կարող են և պետք է դրվեն հանրաքվեի: Դրանք են՝ Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը, պարտադիր հանրաքվեի միջոցով են լուծվում նաև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել նաև Սահմանադրության այն հոդվածները, որոնց փոփոխություններն Ազգային ժողովը մերժել է, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը՝ կրկին, եթե խորհրդարանն այն չի ընդունել:

  • Հիմա Թուրքիան փորձում է փոխել իր քաղաքականությունը, որովհետև նա ըստ էության Ռուսաստանից ստացավ այն, ինչ իրեն պետք էր, ու հիմա Ռուսաստանի կարիքը շատ չունի։ Ռուսաստանը դա հասկանում է, դրա համար պահանջում է, որ Արևելյան ու Արևմտյան Թուրաններն իրար կապող միջանցքը լինի իր վերահսկողության տակ։
  • Հայաստանը չի գնում դեպի Արևմուտք։ Հայաստանը տևական ժամանակ գնացել ու հիմա էլ գնում է դեպի Թուրքիա։
  • Եթե մենք վերջնականապես ասենք՝ ոչ, մերժենք Եվրոպային Ռուսաստանից հեռանալու հարցում, մեզ էլ կմտցնեն սանկցիաների տակ։
  • Մեր նախկին ռազմավարական դոկտրինում երեք հենք կար՝ մեր ազգային բանակը, ՀԱՊԿ-ին անդամակցությունը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ Մեր անվտանգությունն առաջին հերթին հենվում էր մեր ազգային բանակի վրա: Երբ Նիկոլը եկավ իշխանության, նրա առաջին գործը բանակը քանդելն էր։ Սերժ Սարգսյանի ժամանակ չէր, որ Ադրբեջանը անօդաչու սարքեր սկսեց գնել, այլ Նիկոլի օրոք էր, երբ Ադրբեջանը բայրաքթարներ էր գնում, Նիկոլը Սահմանադրական դատարանի, Հրայր Թովմասյանի դեմ էր ակցիաներ անում, պայքարում: Քանդեց նաև դիվանագիտությունը, որը կուռ ապահովում էր մեր անվտանգային թիկունքը՝ մեր ազգային բանակի հետ միասին։ Ու, ի վերջո, սև-սպիտակ բաժանում մտցրեց, պառակտեց, ինչով հաջողեց Արցախը հանձնել։
  • Եվրամիությունում, չեմ կարծում, որ մեզ սպասում են։ Մենք պետք է ցույց տանք, որ մեզնից արժեք ենք ներկայացնում, ու այդ ժամանակ մեզ կսպասեն Եվրոպայում։
  • Կոռուպցիան չի վերացել Հայաստանում։ Կենցաղային մակարդակում միգուցե կոռուպցիա չկա, և ճանապարհային ոստիկանները միգուցե կաշառք չեն վերցնում, բայց միջին և բարձր օղակներում սարսափելի կոռուպցիա կա։ Պետությունը չի աշխատում, պարզապես չկա կառավարում։ 
  • Արևմուտքը Նիկոլին դեռևս հնարավորություն է տալիս խիստ ռուսամետ չլինել։ Այդ պատճառով են նրան տրվում ներսում ամեն ինչ անելու կանխավճարները, աչք են փակում կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա… Նիկոլին անընդհատ հնարավորություն են տալիս, բայց ինքը վախենում է փոփոխություններից։ Գնում է Սահակաշվիլու ճանապարհով։
  • Գործակալների դեմ օրենքի ընդունումով Վրաստանը ցույց է տալիս, թե ուր է գնում պետությունը։ Ռուսական օրենք է դա։ Մեզ նման օրենք պետք չի, որովհետև դա զսպող բան չէ։ Նիկոլն ում կուզի՝ կասի՝ գործակալ է, ում չի ուզի՝ չի ասի։ Խնդիրը լուծելու մի եղանակ կա՝ պետք է ունենանք այնպիսի Ազգային անվտանգության ծառայություն, որը ծառայում է ժողովրդին ու պետությանը, այլ ոչ՝ մի անձի։
  • Թրամփը կհաղթի։ Իր նախագահության տարիներին Բայդենը Քամալա Հարիսին պահեց ստվերում՝ երկրորդ պլանում, և այսօր Ամերիկայի ժողովրդի համար նա անհասկանալի քաղաքական գործիչ է։ Ժամանակ չկա Հարիսին «ռասկրուտկա» անելու համար:
  • Ոչ ոք այսօր Նիկոլին անձնական անվտանգության երաշխիքներ չի կարող տալ, բացի Ալիևից։ Ալիևը կարող է Նիկոլին Բաքվի Նաբերեժնիի մոտ մի լավ առանձնատուն տալ, գնա, ապրի։ 
  • Ինչո՞ւ է Վրաստանը գնում Արևմուտքի, ԵՄ-ի հետ կոնֆրոնտացիայի. Վրաստանն այլ ճանապարհ չուներ:

  • Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանին սպասվում է թուրքացում:
  • Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանում լինեն լուրջ օտար գործակալներ։ Նա համարում է, որ Հայաստանում միայն իր գործակալական ցանցը պիտի լինի։
  • Ռուսաստանը պետք է որոշի՝ Նիկոլը մնո՞ւմ է, թե՞ գնում է. Նիկոլը հասկանում է և վախենում է՝ եթե գնա Մեթյու Միլլերի ասած ցավոտ զիջումներին և Զանգեզուրի միջանցքում թույլ չտա ռուսական զորքերի տեղակայումը, ապա հենց վաղն ինքը չի մնա իր պաշտոնին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս