Ադրբեջանի նորանոր պահանջներ դնելու քաղաքականությունը դեռ երկար է շարունակվելու, սա իրական խաղաղության գործընթաց չէ․ վերլուծաբան
Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։ Հերթական անգամ նա Հայաստանի Հանրապետությունը, որի հետ իբրև թե պատրաստվում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել, անվանում է Արևմտյան Ադրբեջան։
«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիներն անպայման կվերադառնան իրենց հայրենի հողերը»,- հայտարարել է Ալիևը։
«Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանցիների վերադարձի օրը անպայման կգա, և ապավինում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքին, նրա հռչակած ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության սկզբունքներին նրա հավատարմությանը»,- ասել է Ալիևը։
Նա պնդել է, որ իբրև թե «Բաքվի մոտեցումը Ղարաբաղի բնակչության հայկական մասի վերաինտեգրման հարցում նման քաղաքական կամքի օրինակ է ադրբեջանական իրավական դաշտում»։
«Բնականաբար, մենք Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք ճիշտ նույն մոտեցումը, ինչ մերը։ Մենք նրանցից հստակ հայտարարություն ենք ակնկալում, թե ինչպես կարող են այսօրվա Հայաստանի տարածքից, Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիները կամ վտարվածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողերը՝ այցելել նրանց կամ ապրել այդ հողերում։ Ավելին, մեր տվյալներով՝ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի 90 տոկոսում այժմ կյանք չկա, դրանք ուղղակի ամայի են»,- հայտարարել է Ալիևը՝ ուրվագծելով ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի հայեցակարգն ու ՀՀ իշխանություններին ուղղված նոր պահանջները։
Ստանալով Արցախն ամբողջությամբ, առանց հայկական բնակչության՝ կազմակերպելով բռնի տեղահանություն, չվերադարձնելով բոլոր հայ ռազմագերիներին, իսկ 2023-ի սեպտեմբերին գերեվարելով նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կազմակերպելով ադրբեջանամետ դրույթներով, Իլհամ Ալիևը Խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ նոր պահանջներ է դնում սեղանին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից երաշխիքներ, որ ադրբեջանցիներ են գալու և ապրելու Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանի ղեկավարը իրականում գործնական մակարդակում փորձելով կապիտուլացնել Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր ծանր հետևանքներով, խոսում է խաղաղասիրությունից, նշում՝ այս ամենը պետք է արվի խաղաղասիրության դիրքերից, օգտագործելով միջազգային իրավունքի համապատասխան գործիքներն այս նպատակների իրագործման համար։
Զուգահեռ՝ Ադրբեջանի ՊՆ-ն ՀՀ-ին մեղադրում է իբրև թե հրադադարի խախտումների մեջ։ Իսկ այսօր ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով․
«Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:
ՀՀ վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը:
Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»։ Սրանով անուղղակիորեն Փաշինյանի աշխատակազմն անդրադարձավ ինչպես հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Ադրբեջանի քարոզչական հնարքներին, այնպես էլ Ալիևի աշխարհաքաղաքական և առավելապաշտական ձևակերպումներին՝ մերժելով կարծես շրջանառության մեջ դրված հրապարակային նոր պահանջները։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրական խաղաղության հաստատմանն ու Խաղաղության համաձայնագիր ստորագրելուց առաջ կողմերը կամ կողմերից որևէ մեկը նման գործելակերպ չի որդեգրում։
Նրա խոսքով, պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման փուլերում հարցերի մեծ մասը կողմերի միջև սպառված է լինում երկարատև բանակցություններից հետո, լարվածությունը սահմանին, ինչպես նաև տեղեկատվական գրոհների անհրաժեշտությունը թուլանում է, վերանում են բոլոր հարցերը, այդ թվում՝ ցանկությունը նոր պահանջներ դնելու հակառակորդի առջև։
Այստեղ, վերլուծաբանի կարծիքով, այլ տրամաբանություն է, քանի որ գործընթացը կարծես խաղաղության շուրջ չլինի, այլ ընդհակառակը։
«Այս ամենը շատ ավելի խորը արմատներ ունի և կապ ունի ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական զարգացումների, 44-օրյա պատերազմի հետ։ Եթե ուշադրություն դարձնենք, ադրբեջանական կողմը հաճախ է խոսում վերջին շրջանում այդ աշխարհաքաղաքական ֆոնի ու Անդրկովկասում ավանդական ձևաչափերի մաշման, համապատասխանաբար ակնարկելով ազդեցության նոր կենտրոնների մասին՝ այստեղ ակնհայտորեն, որպես այդպիսին, նկատի ունենալով նաև հենց Ադրբեջանին։
Ադրբեջանը փորձում է ռեգիոնում քաշային այլ կատեգորիայում դիրքավորվել՝ ներկայանալով որպես հարուստ, հզոր ռազմական ուժ ու ճկուն դիվանագիտություն ունեցող երկիր»,- ասաց փորձագետը։ Նա գտնում է, որ այս դիրքավորումը չի արվում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը պատերազմ է հաղթել ու այդպես է «զգում», սա արվում է ռեգիոնալ և արտառեգիոնալ հավելյալ ազդեցության լծակներ ու դերակատարում ստանալու համար։
«Պատահական չէ նաև այն, որ Ադրբեջանի հետ որոշ հարցերում կոնսենսուս ձեռք բերելու համար գործընկեր երկրները սկսում են խոսել Ադրբեջանի առանձնահատուկ դերակատարման մասին, դա անում են թե Ռուսաստանը, թե Բելառուսը, թե Ղազախստանը, թե ԱՄՆ-ը, թե Բրիտանիան, և այլն։ Պատերազմում հաղթելը, իհարկե, Ադրբեջանին որոշակի կշիռ տվել է, սակայն Ադրբեջանը և գուցե որոշ երկրներ՝ նրա գործընկերների շարքում, ձգտում են Ադրբեջանի համար ավելիին՝ փորձելով Ադրբեջանն օգտագործել աշխարհաքաղաքական հետագա զարգացումներում։ Այս ամենն այս երկրին վստահություն է տալիս ռեգիոնում՝ Ադրբեջանի շահերը մաքսիմում ծրագրի շրջանակում իրագործելու համար։
Նա դնում է առավելագույն պահանջները՝ խաղարկելով իր նոր դերը, պատերազմում հաղթանակն ու ռազմական ուժը, որը շարունակում է կուտակել՝ այն դարձնելով «մահակ»։
Այս ամենը հիմք ընդունելով, կարելի է որոշ եզրակացություներ անել, որ նույնիսկ ստորագրման դեպքում չի լինելու խաղաղություն, ազնիվ, հավասար հարաբերություններ, կարծում եմ՝ սա դեռ շարունակվելու է, քանի դեռ Ադրբեջանը զգում է իր աշխարհաքաղաքական կարևորությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Ռաևսկու խոսքով, որոշ գործընկերների միջոցով այս ամենը սահմանափակելու որոշ փորձեր կան։
«Հայաստանի ողջ խաղադրույքն Արևմուտքի վրա է այն դեպքում, երբ Արևմուտքը, ըստ իս, չի զսպում Ադրբեջանին։ Այս նոր իրավիճակում զսպման և նույնիսկ կանխատեսման, կանխարգելման, զարգացումների կառավարման նոր ձևաչափեր են հարկավոր։ Չեմ բացառում, որ այդպիսին լինի «3+3»-ը։ Այն ավելի մեծ նշանակություն ձեռք կբերի, երբ նոր աշխարհակարգը հաստատվի»,- նկատեց նա։