Ադրբեջանն աշխարհաքաղաքական ձեռնոց է նետում «Խաղաղության խաչմերուկը» ձեռքին բռնած Փաշինյանին. Իրանը զգուշացնում է «սատանայական ծրագրերի» հետևանքների մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին, Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրել էր «Շուշիի հռչակագիրը»՝ այն անվանելով պատմական փաստաթուղթ, որն «օրինականացրեց» երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

 «Շուշիի հռչակագիրը» ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Փաստաղթղթում, մասնավորապես, նշվում է.

«Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնելու են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Կամ հանդես են գալու նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհետաձգելի քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու պաշտպանական կարիքների ապահովման համատեղ միջոցառումների իրականացման և ԶՈՒ-ի ուժային և հրամանատարական կառույցների համակարգված գործունեության կազմակերպման վերաբերյալ:

Կողմերը շարունակելու են համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների ԶՈՒ-ի բարեփոխման և արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Կողմերը խրախուսելու են անձնակազմի փոխանակումը՝ միտված պաշտպանունակության ամրապնդմանը, ռազմական անվտանգությանը, ինչը ենթադրում է նաև համատեղ զորավարժությունների անցկացում: Խրախուսվելու է նաև ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա սերտ համագործակցությունը զենքի և զինամթերքի կառավարման ոլորտում՝ ապահովելով համապատասխան կառույցների կոորդինացված գործունեությունը»:

Կարդացեք նաև

Շուշիի հռչակագրի պահանջները գործնականում կատարվում են, հատկապես, երբ խոսքն Ադրբեջանի զինված ուժերի բարեփոխելուն, սպառազինությունների մատակարարման և համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին է վերաբերում:

168.amը մանրամասն անդրադարձել էր, որ Ադրբեջանն ազդարարել է սեփական զինված ուժերի գլոբալ արդիականացման նոր փուլ, որտեղ Թուրքիային դարձյալ մեծ տեղ է տրվելու, ինչը ենթադրում է հարձակողական սպառազինության մատակարարում Թուրքիայից, Ադրբեջանի զինանոցում առկա ռուսական սպառազինության արդիականացում Թուրքիայի կողմից, և այլն: Մենք գրել էինք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններին տիրապետողներին: Դեռ մի կողմ ենք դնում Թուրքիայի դերը 44-օրյայի ադրբեջանական հաղթանակում:

Այլ հարց է, որ գուցե մի օր Ադրբեջանն ավարտի թուրքական մոդելի բանակաշինությունը, և սա Ադրբեջանին դարձնի առավել անկախ՝ թուրքական ռազմական աջակցությունից: Մյուս կողմից՝ նույնիսկ այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի կամ Ալիևի ինքնուրույն լինելու տրամաբանության մեջ Էրդողանի մոտ դժգոհելու առիթներ լինում են:

Չմոռանանք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ալիևին հռչակել էր Հարավային Կովկասի առաջնորդ, երբ տարածաշրջանի հետ կապված՝ Թուրքիան իր նպատակներն ու ծրագրերն ունի, ի վերջո, «Զանգեզուրի միջանցքը» հենց թուրքական ծրագիր է, որին Թուրքիան փորձում է հասնել Ադրբեջանի միջոցով:

Մինչ այդ հիշեցնենք, որ 2022-ի փետրվարին էլ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել էին ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը կառուցում են իրենց հարաբերությունները դաշնակցային համագործակցության, փոխադարձ հարգանքի, պետական ինքնիշխանության, երկու երկրների տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության, ինչպես նաև՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխշահավետության, կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի ծագման դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաև նման իրավիճակի վտանգի դեպքում՝ դրա կարգավորման նպատակով»,- նշվում է հռչակագրում։

Ըստ ռուս-ադրբեջանական այս փաստաթղթի, կողմերը պետք է զարգացնեն իրենց ռազմաքաղաքական համագործակցությունը՝ ելնելով իրենց ազգային շահերից, ոչ թե՝ ընդդեմ 3-րդ երկրի:

«Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- շարունակվում է հռչակագրի տեքստում։

Փաստաթղթում, բնականաբար, չեն անտեսվել Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, և անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ապաշրջափակման հարցերը:

Դառնանք Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցություն ստեղծելու մասին հռչակագրին, որն Ադրբեջանում, ըստ որոշ վերլուծությունների, շատ ավելի են կարևորում, քան նույնիսկ ՌԴ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն իր վերլուծության մեջ նկատում է, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ Չինաստանն իր հաշվարկներն ունի, օրինակ, այն, որ Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Չինաստանի և Թուրքիայի հետաքրքրությունների միջև, հատկապես, երբ նրանց հարաբերությունները բավականին բարդ են: Այսինքն, ըստ ադրբեջանական հոդվածագրի՝ հատուկ խնդիրներ կարծես թե չկան Չինաստանի և Թուրքիայի միջև, բայց միևնույն ժամանակ՝ «ստորգետնյա քարեր» կան, որոնք միանգամից չես նկատի:

«Այսինքն, ինչպես Իրանի և Չինաստանի դեպքում է, երբ առկա է ռազմավարական համագործակցություն, համապարփակ պայմանագիր՝ տպավորիչ թվերով, բայց գործերն առաջ չեն գնում»,- գրում է Ադրբեջանի հոդվածագիրը։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականին Չինաստանն ու Իրանը ստորագրել էին 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, իսկ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի մասին խոսվել էր դեռ 2016-ին:

Մասնագետներն ուշագրավ էին համարել այն, որ փաստաթղթի հիմնական մասում նշվում է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն առնչվող հատվածում ընդգծվել էր, որ կողմերը ողջունում են հարևան կամ երրորդ երկրների մասնակցությամբ բազմակողմ համագործակցությունը՝ «Հաշվի առնելով ընդհանուր շահերը՝ խորհրդակցության և համագործակցության միջոցով ակտիվ մասնակցություն ապահովել Հարավ-Հյուսիս (Չաբահարի նավահանգիստ-Կենտրոնական Ասիա) և Հարավ-Արևմուտք (Չաբահար և Բանդարաբբաս-Թուրքիա և Ադրբեջան) միջանցքներում»:

Իսկ Ադրբեջանը Չինաստանի հետ իր ռազմավարական համագործակցության վերաբերյալ հռչակագրում կարևորում է, մասնավորապես, այն, որ այնտեղ ամրագրվել է «Մեկ Չինաստան» սկզբունքը, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է: Ադրբեջանի ոգևորության պատճառները և տողատակերը, թերևս, ավելորդ է բացատրել, հասկանալի է՝ ուր է տանում սա:

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը խոսում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն ունենալու մասին, ինչն Իրանի սրտով չէ, և հուլիսի 5-ին հերթական անգամ այդ մասին հիշեցրել է իրանական կողմը՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելուն ամերիկյան ներգրավվածության համատեքստում նաև: Մասնավորապես, Երևանում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շեշտել է, որ դեմ են պատերազմի ճանապարհով հարցերը լուծելուն, և հավելել.

«Տարածաշրջանում խաղաղությանը որևէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այն երկխոսությանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք համարում ենք, որ, երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության և հանգիստ ապրելու վրա, նրանք այլ նպատակներ են հետապնդում: Եթե նրանք ցանկանում են շրջանցել և դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի: Ցավոք սրտի, ԱՄՆ-ը՝ այդ մեծ սատանան, իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում»:

Այսինքն, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձում է Կովկասը վերածել այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար պլատֆորմի:

«Ցանկացած պատերազմ, եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունն անդրադառնալու է տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա»,- շեշտել է դեսպանը:

Մինչև Իրանի դեսպանը հորդորում էր Հայաստանը չդարձնել այլ երկրների բախման կետ, ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը հայտարարություն էր անում՝ նշելով.

«ԱՄՆ-ում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի հանդեպ, որոնք փորձում են ազատ շնչել և ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել: Այդ երկրներից երկուսն այստեղ շատ մոտ են: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեծ ներգրավվածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում: Երևի նրանք չէին ցանկանա տեսնել ազատություններ, ժողովրդավարություն, առաջընթաց այդ ուղղությամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները»:

Այսինքն, մինչև Ադրբեջանը փորձում է նոր որակի հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ, ՌԴ-ի հետ, Իրանի հետ հնարավորինս չսրել հարաբերությունները, Հայաստանը ճիշտ հակառակն է անում, այն դեպքում, երբ նույն Արևմուտքն Ադրբեջանի պահանջների հանդեպ, ըստ էության, ավելի զգայուն է, քան Հայաստանի, և ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մերժել ԱՄՆ-ի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ իրականում Ադրբեջանին ոչ մի խոշոր տերության վերահսկողություն ձեռք չի տալիս՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կամ պանթուրքական ծրագրի տրամաբանության շրջանակում:

Փաստորեն, 44-օրյայից առաջ ԱԱԾ-ին սատանա բռնելու հրահանգ տված Փաշինյանն անտեսում է հարևան Իրանի բարեկամական հորդորը՝ ԱՄՆ-ը «մեծ սատանա է», որը տարածաշրջանում իր հաշիվներն ունի և դրան փորձում է հասնել Հայաստանի միջոցով….

Ի դեպ, Ադրբեջանը փորձում է նոր որակ հաղորդել նաև Պակիստանի հետ հարաբերություններին, որոնք առանց այն էլ խորն էին, և փորձում է նոր ձեռնոց նետել Փաշինյանին՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով փորձել դիմակայել Բաքու-Անկարա-Պեկին-Իսլամաբադ աշխարհաքաղաքական դասավորությանը:

Տեսանյութեր

Լրահոս