Ի՞նչ հարձակողական սպառազինություն է Ադրբեջանը ստանալու Թուրքիայից՝ ընդդեմ ՀՀ-ին խոստացվող ոչ մահաբեր և ձեռք բերվող պաշտպանական զենքերի

Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի կողմից տարբեր երկրներից պաշտպանական ինչ-որ զենքերի ձեռքբերման և պաշտպանական ենթակառուցվածքների կառուցման փաստերով, Հայաստանն էլ արդարանում է, որ դա իր ինքնիշխան իրավունքն է, իսկ ԵՄ-ն էլ հայտարարում է, որ պատրաստ են աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով, որը հակառակորդի կենդանի ուժին և ռազմական տեխնիկային, այսպես ասած, անդառնալի կորուստ չի հասցնում, և որոնցից կարող են լինել ոստիկանության, հատուկ ծառայությունների արսենալում, որոշ երկրների դեպքում՝ նաև բանակում, նայած, թե ինչ խնդիր և նպատակ է դրված:

Հայաստանի դեպքում սա հղի է որոշակի վտանգներով, այն վտանգավոր է և ոչ բանակի շահերից: Իսկ սրան զուգահեռ՝ Ադրբեջանն ազդարարում է սեփական զինված ուժերի գլոբալ արդիականացման նոր փուլի մասին:

Մասնավորապես, ապրիլի 2-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում են եղել թուրքական ռազմական արդյունաբերության շուրջ մեկ տասնյակ խոշոր ձեռնարկությունների (ASELSAN, ASFAT, HAVELSAN, «Машиностроительная и химическая промышленность», REPKON Grup, ROKETSAN, «Оборонные технологии и инжиниринг», «Турецкая аэрокосмическая промышленность – TUSAŞ») գլխավոր տնօրեններ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել սեփական զինված ուժերի վերազինումը, և, որ այս գործընթացում գլխավոր դերը վերապահված է Թուրքիային:

Ադրբեջանական կայքերից մեկը փորձել է որոշակի փակագծեր բացել այս առնչությամբ, մասնավորապես.

Կարդացեք նաև

Հրետանի- Բավականին ինտենսիվ բանակցություններ են վարվել REPKON, MKE и ASFAT ընկերությունների հետ, հատկապես հարց է բարձրացվել Ադրբեջանում հրետանային 155 մմ զինամթերքի արտադրության հետ կապված: Իհարկե, 155 մմ-ն ադրբեջանական հրետանու հիմնական տրամաչափը չէ, հրետանային նման տրամաչափի զինամթերք կիրառող համակարգ, ըստ ադրբեջանական կայքի, երկրի բանակում շատ չէ, այս համատեքստում հիշատակվել է իսրայելական САУ ATMOS 2000-ը, որը մշակվել է 1999 թվականին: Իսկ 155 մմ-ն թուրքական հրետանու հիմնական տրամաչափն է, խոսքը, մասնավորապես, T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգի մասին է: Ըստ էության, Ադրբեջանն աստիճանաբար իր հրետանային ստորաբաժանումները վերափոխում է 155 մմ տրամաչափի՝ հրաժարվելով խորհրդային 152 մմ-ից:

Ի դեպ, հաջողությունների հասնելու համար բավականին կարևոր է մարդկային ռեսուրսի պրոֆեսիոնալիզմը, ինչի հետ կապված 44-օրյա պատերազմում Ադրբեջանը խնդիր է ունեցել:

2022 թվականին ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում բանակի բարեփոխումների համատեքստում խոսել էր իրենց հրետանային ստորաբաժանումների և ականանետային մարտկոցների վերափոխման և որակի բարձրացման մասին, այնուհետև նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հրետանին բավականին արդյունավետ և հաջող է կիրառվել: Մամեդլին առանձնացրել էր հատկապես 82 մմ-անոց ականանետերի «աշխատանքը»:

Ըստ այդմ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետն առաջարկել էր, որ Ադրբեջանի բանակի բարեփոխումների արդյունքում արվի այնպես, որ հրետանային ստորաբաժանումներում ծառայեն միայն բարձրագույն կրթություն ստացած զինծառայողները, որոնք գլուխ են հանում հաշվարկից։

Վերադառնանք թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների այցին Բաքու և ադրբեջանական կայքերի հայտնած մանրամասնություններին:

Ավիացիա- Ադրբեջանական վերոնշյալ կայքի վերլուծականում հնարավոր են համարել երկրի ռազմաօդային ուժերի անցումը թուրքական 5-րդ սերնդի TAI Kaan կործանիչների: Միաժամանակ նշվում է, որ թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը խոսք է գնացել խորհրդային Սու-25 գրոհիչների արդիականացումը շարունակելուց՝ թուրքական TUSAŞ-ի մասնակցությամբ:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարց էր ուղղել իր օրոք կնքված պայմանագրի ճակատագրի մասին՝ նշելով, որ տեղյակ չէ՝է գործընթացը հիմա շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ 3 տարվա մեջ այս ուղղությամբ պիտի որոշակի առաջխաղացում լիներ:

Այս պայմանագրի և Սու-25-երի արդիականացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր տեղեկություններ տրամադրել լրատվամիջոցներին՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին: Գուցե թաքցնելու բա՞ն ունեն, գուցե ինչ-որ փոփոխություննե՞ր են եղել:

Ինչ վերաբերում է ՀՕՊ-ի հետ կապված ադրբեջանական ծրագրերին, ապա ադրբեջանական վերլուծություններում տեղեկություններ կան, որ թուրքական ընկերությունների հետ հանդիպմանը հարց է բարձրացվել Ադրբեջանի կողմից թուրքական ինքնագնաց Korkut զենիթային համակարգի ձեռքբերման վերաբերյալ, ինչպես նաև՝ զենիթային հրթիռաթնդանոթային համակարգեր՝ Gurz:

Միաժամանակ, ադրբեջանական կողմը հատուկ շեշտ է դնում հատուկ նշանակության ուժերի զարգացման և հզորացման վրա, ընդ որում, նրանց զորավարժություններում խաղարկվում են ոչ միայն հայկական դիրքերի կամ զինվորականների վրա հարձակողական սցենարներ, այլ արդեն նաև հայկական բնակավայրերի ուղղությամբ։ 

Իսկ ՀՀ իշխանություններն ու իշխանամերձ փորձագետները շարունակում են մոլորեցնել հանրությանը, ՀՀ ԱԽ-ն առաջին հերթին վտանգ է տեսնում Ռուսաստանից և ոչ թե Ադրբեջանից, Նիկոլ Փաշինյանն էլ գործուն քայլեր է անում միայն սեփական իշխանության ու անվտանգության համար, ու դեռ ժողովրդին էլ վախեցնում պատերազմով՝ միաժամանակ էական չհամարելով պատերազմին բանակի պատրաստվելը: Իսկ թե ինչ է սա, թողնենք իրավական ոլորտի մասնագետներին, և ոչ միայն:

Տեսանյութեր

Լրահոս