Դուք Եվրոպա առաջիկա 30 տարում չե՛ք կարող ապրանք արտահանել. Նաիրի Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Պետք է նաև հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար՝ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»,- շեշտել է Ռուսաստանի փոխվարչապետը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով Հայաստանին սպառնացող հետևանքների մասին, նախ շեշտեց՝ Հայաստանը 30 տարի ճանապարհ էլ անցնի, չի կարող Եվրամիության անդամ դառնալ, չի կարող դառնալ մի միության անդամ, որտեղ չկա ցանկություն շուկա բացել Հայաստանի համար, ինչը, օրինակ, արել են Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն։

Կարդացեք նաև

«Ի՞նչ հետևանքների մասին է խոսում Օվերչուկը. թվեք. օրինակ՝ Հայաստանում սպառվող էներգիայի 70 տոկոսն ապահովում է Ռուսաստանը՝ ատոմակայան, ջերմաէլեկտրակայաններ, դրանց աշխատանքի համար Ռուսաստանից է հումք բերվում։ Հաջորդ հետևանքը կարող է լինել գազը շուկայում՝ կունենանք ոչ թե արտոնյալ գազի սակագին, այլ այնպիսի գին, ինչպիսին վճարում է Եվրոպան, և Հայաստանում 50 տոկոսանոց աղքատության պարագայում նման պատկեր կունենանք. Գազի գնի թանկացումը կբերի գործարանների փակման կամ գնաճի։ Ուշագրավ է, որ մենք սա կունենանք այն դեպքում, երբ Եվրամիությունն ինքն իր ներսում ունի ապրանքների սպառման խնդիր. մենք ապրանքներ չենք կարող արտահանել Եվրամիություն առաջիկա 20-30 տարվա ընթացքում։ Մյուս կողմից՝ այդ ի՞նչ ունենք արտահանելու, չէ՞ որ Հայաստանը մինչև վերջին տարին ուներ Եվրամիության հետ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+), արտահանման հատուկ կարգավիճակ, որով 6200 անուն ապրանք կարող էր արտահանել ԵՄ՝ զրոյական մաքսատուրքով, սակայն մատների վրա կարելի է հաշվել այն ապրանքատեսակները, որոնք արտահանվել են»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դեպի Եվրամիություն գնալ ցանկացողները պարտավոր են լսել ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հարցազրույցները, որոնք հայտարարում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը չեն դառնալու, տնտեսական անվտանգություն էլ չեն տալու, ավելին՝ չեն պարգևատրելու ՀՀ Կառավարությանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անելու դեպքում։

«Եվրամիություն գնալու համար Հայաստանին պետք է անվտանգային, տնտեսական և քաղաքական երաշխավորություն, սակայն այս երեք բաղադրիչից որևէ մեկը չկա, հետևապես՝ արևմտյան կողմնորոշման փոխարեն՝ սրանք երկիրը տանում են դեպի թուրքական կողմնորոշում։ Լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանան, որ էս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.) պատուհաս է Հայաստանի հանրապետության համար, նա Հայաստանը լուծարում և մասնատում է։ Եթե խոսում են ռուսական սապոգի տակից դուրս գալու մասին, ապա սրանք ռուսական սապոգը փոխարինում են թուրքական սապոգով»,- շեշտեց Աուդիտորների պալատի նախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս