Այս իշխանությունը եթե մի պատերազմ չի ստեղծում, հանգիստ չի լինում. սա պատերազմ է ՌԴ-ի դեմ, բյուջեի տակ ռումբեր են դրվել. աշնանը կանխիկի սով ու սնանկություն է լինելու. Վարդան Արամյան

Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այս կառավարությունը եթե մի պատերազմական իրավիճակ չի ստեղծում, հանգիստ չի լինում… Հիմա էլ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ են նախաձեռնել: Ակնհայտ է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում, եթե գազի սակագինը փոխվի, ինչը մենք հիմա Ռուսաստանից ձեռք ենք բերում 177 դոլարով, գազով տունը ջեռուցելը, էլ չեմ ասում՝ ջերմոցներ պահելը խնդիր է լինելու: Մենք տարեկան Ռուսաստանից 550-ից մինչև 570 միլիոն դոլարի գազ ենք ներմուծում: Եթե այդ գինն անգամ կրկնակի բարձրանա, դա նշանակում է, որ Ռուսաստանը տարեկան կես միլիարդ դոլարի չափով սուբսիդիա է տալիս մեզ: Հիմա եկեք համեմատենք տարեկան կես միլիարդ դոլարը խոստացված եվրոպական միանգամյա 270 միլիոն դոլարի հետ, տեսեք՝ համադրելի՞ են
  • Այն գումարները, որոնք մեզ Եվրոպայից խոստանում են, ընդ որում, եթե մեզ դրանք հասնելու են, ոչ թե խոստումներ են մնալու, ապա՝ տարիների ընթացքում կարող է լինել, ցավալի է, որովհետև այդ ամենի արդյունքում մեր կորուստները միանգամից են լինում: Ես չեմ հավատում, որ ԵՄ կողմից այդ խոստացված գումարները մենք նույնիսկ մինչև սեպտեմբեր կունենանք, մինչդեռ մեր տնտեսվարողներն արդեն այսօր ունեն կանխիկի խնդիր, և դա պետք է լուծել…
  • Այն գյումթերքը, որը ֆիտոսանիտարիայի ներքո է, պետք է անցնի սերտիֆիկացում: Իսկ դա ինչպե՞ս պետք է արվի: Լաբորատորիաներ պետք է լինեն, որոնք չկան: Վերջերս լսում էի կառավարության ղեկավարին (Փաշինյանին) ու մտածում՝ տեսնես մենք որտե՞ղ ենք ապրում: Երբ ասում է՝ մենք տեղը ցույց ենք տվել, թե ուր է պետք արտահանել ապրանքները, իրեն ի՞նչ է թվում՝ մարդիկ դրանց տեղը չգիտեի՞ն:

Կարդացեք նաև

  • Իրական բիզնեսում բազմաթիվ են խնդիրները, որոնք կառավարության չինովնիկի համար տեսանելի չեն: Տնտեսվարողները շատ լավ հասկանում են և՛ ռիսկերը, և՛ իրենց գլխին գալիքը: Իսկ ի՞նչն է խնդիրը, որ տնտեսվարողները չեն ուզում ապրանք տանել Եվրոպա: Որովհետև խնդիրները շատ են և ձեռնտու չէ:
  • Տարօրինակ է, որ կառավարությունը հիմա է խոսում տնտեսության դիվերսիֆիկացման մասին, երբ հենց իրենց օրոք է մեր տնտեսությունը, մասնավորապես՝ արտահանումն առավել կախված դարձել Ռուսաստանից: Ես սա ասում եմ՝ հիմնվելով պաշտոնական թվերի վրա, իսկ դրանք շատ խոշոր են: Ռուսաստան արտահանումը ոչ թե տոկոսով է աճել, այլ անգամով: Նույնիսկ ԵԱՏՄ անդամ լինելու պայմաններում՝ Հայաստանի նախկին իշխանության օրոք, դեպի Եվրոմիություն արտահանումը եղել է 440 միլիոն դոլար, իսկ 2018-ին արդեն՝ 680 միլիոն դոլար՝ 50%-ով աճ:
  • 2017թ. երբ նախկին իշխանությունների օրոք ստորագրվեց CEPA-ի համաձայնագիրը, այնտեղ նաև վիզաների ազատականացման մասին դրույթ կար, որի իրականացման ուղղությամբ այս իշխանության կողմից մինչ օրս ոչինչ չի արվել: Իսկ ազատ վիզան ինչի՞ էր պետք, որպեսզի մեր արտահանող մեքենաների վարորդներն առանց վիզայի, ազատ կարողանային մուտք գործել եվրոպական տարածք:
  • Հայաստանի ֆիզիկական հեռավորությունը Ռուսաստանի հետ 2081 կմ է: Երբ մենք հաշվի ենք առնում մշակութային, աշխարհագրական, ադմինիստրատիվ և տնտեսական գործոնները, հեռավորությունը կրճատվում է՝ հասնելով 1598 կմ-ի: Սա նշանակում է, որ ռուսական շուկան հեշտացված է մեզ համար: Սա՝ դեռ նկատի չունենալով մեր Սփյուռքի գոյությունը, որը մեր տնտեսվարողին օգնում է: Հայ գնորդը Ռուսաստանում հայկական ծիրանը նախընտրում է ուզբեկական ծիրանից, որն ավելի էժան է: Պետք չէ մարքետինգային ծրագիր անես, որ ռուս գնորդին ծանոթացնես հայկական կոնյակի հետ, որովհետև մենք միևնույն ԽՍՀՄ տարածքի ժողովուրդ ենք: 

Ի հակառակ՝ Հայաստանից Գերմանիա հեռավորությունն ուղիղ գծով 2934 կմ է: Եթե մենք հաշվի ենք առնում վերոնշյալ այդ 4 գործոնները, հեռավորությունը դառնում է 3550 կմ: Սա նշանակում է, որ հավասար պայմաններում հայ տնտեսվարողները գերմանական շուկա մտնելու համար պետք է ավելի շատ ծախսեր անեն՝ հաղթահարելու համար նշված 4 բարիերները: 

Նիդերլանդների 3264 կմ-ն դառնում է 3871 կմ, Ուկրաինայի 1327-ը՝ 1335 կմ. շարքը կարելի է շարունակել: Իսկ ԵԱՏՄ երկրների պարագայում, ոչ միայն Ռուսաստանի դեպքում, այլև բոլոր երկրների պարագայում հեռավորությունը նվազում է: Սա նշանակում է, որ հայ տնտեսվարողի համար Ռուսաստան և ԵԱՏՄ բոլոր այլ, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներ արտահանելն ավելի ձեռնտու է:

CAGE շրջանակը (CAGE Distance Framework) Փանկաջ Ջեմավաթի (Pankaj Ghemawat) կողմից ստեղծված գործիք է, որն օգնում է ընկերություններին և վերլուծաբաններին գնահատել երկրների միջև եղած իրական հեռավորությունը և ռիսկերը՝ նախքան միջազգային շուկա դուրս գալը։ Այն ցույց է տալիս, որ հեռավորությունը միայն կիլոմետրերը չեն։ CAGE-ը հապավում է, որը բաղկացած է 4 հիմնական չափումներից.

1. C- Cultural Distance (Մշակութային հեռավորություն)

Տարբերությունները երկրների սոցիալական նորմերի, արժեքների և հաղորդակցության միջև։

Ինչն է մեծացնում հեռավորությունը. Տարբեր լեզուները, կրոնները, էթնիկական տարբերությունները և սոցիալական վստահության մակարդակը։

Ազդեցությունը. Ազդում է սպառողների նախապատվությունների (օրինակ՝ սնունդ, մեդիա արտադրանք) և բիզնես բանակցությունների ոճի վրա։

2. A- Administrative Distance (Վարչական/Քաղաքական հեռավորություն)

Պետական, իրավական և քաղաքական համակարգերի միջև եղած տարբերությունները կամ կապերը։

Ինչն է փոքրացնում հեռավորությունը. Ընդհանուր պատմությունը (օրինակ՝ նախկին գաղութային կապերը կամ ընդհանուր խորհրդային անցյալը), միևնույն արժույթի կիրառումը, առևտրային բլոկներին անդամակցությունը (օրինակ՝ ԵԱՏՄ, ԵՄ)։

Ինչն է մեծացնում. Քաղաքական թշնամանքը, պատժամիջոցները, բյուրոկրատիան, պրոտեկցիոնիստական (տեղական արտադրողին պաշտպանող) քաղաքականությունը։

3. G- Geographic Distance (Աշխարհագրական հեռավորություն)

Ֆիզիկական և տարածական գործոնները երկրների միջև։

Ինչն է ներառում. Ֆիզիկական հեռավորությունը (կիլոմետրերով), ցամաքային սահմանների առկայությունը, դեպի ծով ելք չունենալը, ժամային գոտիների տարբերությունը, կլիման և տրանսպորտային/լոգիստիկ ենթակառուցվածքների որակը։

Ազդեցությունը. Ուղղակիորեն ազդում է տրանսպորտային ծախսերի, մատակարարման շղթաների արագության և հաղորդակցության վրա։

4. E- Economic Distance (Տնտեսական հեռավորություն)

Երկրների տնտեսական զարգացվածության, հարստության և ռեսուրսների անհամապատասխանությունը։

Ինչն է ներառում. Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը (ՀՆԱ), աշխատուժի արժեքն ու որակը, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և բնական ռեսուրսների հասանելիությունը։ 

Ազդեցությունը. Որոշում է, թե արդյո՞ք տեղական շուկան ունի բավարար գնողունակություն, կամ արդյո՞ք ձեռնտու է այնտեղ արտադրություն հիմնել (օրինակ՝ էժան աշխատուժի հաշվին)։ 

CAGE շրջանակի գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ ընկերություններին ընկնել «գլոբալ պատրանքի» մեջ։ Այն ստիպում է տեսնել այն թաքնված արգելքները, որոնք կարող են ձախողել անգամ թղթի վրա կատարյալ թվացող միջազգային ծրագրերը։

Այսպիսով, երբ, օրինակ, Հայաստանից Գերմանիա արտահանումների դեպքում 4 բարիերները հաշվարկվում են, էֆեկտիվ հեռավորությունը մեծանում է (թեև ֆիզիկապես այնքան էլ հեռու չէ), իսկ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեպքում՝ ընդհակառակը, ինտեգրացիոն ու պատմամշակութային գործոնների հաշվին «կրճատվում է»՝ շուկան դարձնելով ավելի հասանելի ու շահավետ տեղական արտահանողի համար:

  • Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը ստրատեգիական ճյուղ է: Հետևաբար՝ յուրաքանչյուր երկիր նախ և առաջ զարգացնում է սեփական գյուղատնտեսությունը, իսկ այս իշխանությունն առաջին հերթին փակեց գյուղնախարարությունը (այդ թվում՝ Էներգետիկայի և Սփյուռքի նախարարությունները, Գեոդեզիայի ինստիտուտը, և այդ ամենը դիտավորյալ արվեց,- հեղ.): Չպետք է միամիտ լինել ու մտածել, որ շվեյցարացին նախապատվությունը սեփական գյուղատնտեսին չի տալու ու մեր հայկական ապրանքն է գնելու:

  • Եթե մի երկիր ուզում է փակել մեկ այլ երկրի առևտուրը, ամենահեշտ տարբերակը ֆիտոսանիտարիայի գործիքն աշխատեցնելն է: 
  • 2024թ. տվյալներով՝ մեր սննդամթերքի արտահանման ընդհանուր թվի 90-95%-ից ավելին գնացել է Ռուսաստան:
  • Եթե տեսականորեն մտածենք, որ դեպի Եվրոպա արտահանման մաքսատուրքային խողովակները մաքրված են, ֆիտոսանիտարիայի հարցերն էլ լուծված են, առաջ է գալու լրջագույն բիզնես ծախսերի խնդիրը: Ավստրիացի սպառողը թուրքական էժան լոլիկը թողած՝ ինչո՞ւ պետք է գերադասի հայկական թանկ լոլիկը:
  • Եթե եվրոպացիներն այդքան բարյացակամ են, մեզ գումար տալու փոխարեն՝ թող ճնշում գործադրեն Թուրքիայի վրա և բացեն սահմանը, որովհետև դա Թուրքիայի սահմանը չէ, այլ Եվրամիության մաքսային սահմանն է:
  • Ինչքան էլ խոստումներով մեզ սնեն թվացյալ խաղաղության հաստատմամբ, ես տեսնում եմ՝ մի քանի կիլոմետր հեռու տեղի ունեցող ադրբեջանական միջոցառման ժամանակ ինչ հակահայկական խոսույթ է տիրում…
  • Այն գործողությունները, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է հայ տնտեսվարողների դեմ, դրա ծանրագույն հետևանքները կտեսնենք հատկապես սեպտեմբեր-հոկտեմբերին: Կառավարությունն ամբողջությամբ չի կարող փոխհատուցել հայ տնտեսվարողի ծախսերը. դա լուրջ բեռ է: Այս ընկերությունները կամաց-կամաց հասնելու են կանխիկի սովի ու իրենց բիզնեսների փակման ու սնանկության գործընթացի: Մանկամիտ չլինենք. տնտեսվարողները շատ լուրջ դժվարություն են ունենալու:
  • Որպես քաղաքացի՝ ինձ համար անընդունելի են այս կառավարության՝ տնտեսության ողնաշարը ջարդող, հայկական իրականությունը կոտրող որոշումները: Տպավորություն է, որ անդադար ինչ-որ փորձանք են մտմտում, որ բերեն երկրի գլխին:
  • Ֆինանսների մեջ 50+50՝ չի կարող լինել 150, լինում է 100: Եթե դու այդ 100-ից ինչ-որ մի մաս մեծացնում ես ու սուբսիդիայի տեսքով տալիս ես քո անհեթեթ քաղաքականության հետևանքով խնդրի առաջ կանգնած տնտեսվարողներին, մի տեղից դա պետք է կրճատես, որ նրանց ֆինանսավորես:

Պետական պարտքի մասով կա վատ լուր: Մենք 2022թ.-ից էս կողմ ունենք վատթարացում պարտք-ՀՆԱ ցուցանիշի և պարտքի սպասարկման մասերով: Հիփոթեքային վարկերն աճել են 6 անգամ, շինարարությանը տրվող վարկերը՝ 5 անգամ: Աճել են նաև սպառողական վարկերը՝ 2.7 անգամ: Իսկ սպառողական վարկ մարդը վերցնում է, որ ապրի: Եթե սպառողական վարկերն ավելի արագ են աճում, քան քո աշխատավարձը, ուրեմն միջին և ցածր եկամուտ ստացող տնային տնտեսությունների սոցիալական վիճակը փաստացի վատացել է: Եվ թող մեզ չասեն՝ ժողովուրդը լավ է ապրում: Այսօր ժողովուրդը փողերը դնում է մի բանի մեջ, որն ապագայում իր մոտ նոր ՀՆԱ, արդյունք, արժեք, եկամուտ չի ստեղծելու: 

  • Կառավարությունն ընթացիկ ծախսերի գծով չափից շատ պարտավորություններ է վերցրել: Միայն նախընտրական շրջանում թոշակի բարձրացումը բյուջեի վրա դրեց ևս 70 միլիարդից ավելի բեռ, որը մենք միայն այս տարի չենք տալու, այլև մյուս տարի, էն մյուս տարի, և այդպես շարունակ:

Երկրորդն անկանխիկ գործարքներն են, երրորդը՝ առողջապահության պարտադիր ապահովագրությունը: Այո՛, ապահովագրությունը շատ լավ բան է, բայց ո՞վ է դրա հաշիվը փակելու: 2027թ.-ից շահառուների ցանկն ավելանալու է, ինչպե՞ս են անելու: Ի՞նչ ենք անելու բյուջեում, որպեսզի այս ռումբերի պայթյունների հետևանքները մեղմացնենք: Նախ ծախսերի մեջ որոշակի վերադասավորումներ է պետք անել: Կբարձրանան նաև հարկերը, մասնավորապես՝ ակցիզային հարկերն արդեն բարձրացվել են, որոշ ապրանքատեսակներ թանկանում են և դեռ էլի թանկանալու են… Հարկերի բարձրացումն անխուսափելի է լինելու: Ընթացիկ նշածս և այլ ծախսերը ֆիսկալ ծանրագույն բեռ են, և այդ ծանրությունը հանուն պետական բյուջեի ձևավորման՝ կրելու են բիզնեսը և քաղաքացիները։

  • Իշխանությունն ու մերձիշխանական ուժերը վտանգավոր բան են անում. նրանք մարդկանց հետ ազնիվ չեն խոսում, նրանց մոտ սպասումներ են առաջացնում ու մարդկանց զգոնությունը բթացնում են, և վերջիններս չեն կարողանում իրենց գլխի ճարը տեսնել: Մինչև ռինգ դուրս գալը, պետք է հաշվի առնես քո քաշային կատեգորիան: Չես կարող 30 կգ քաշով մրցել 130 կգ քաշ ունեցողի հետ ու առաջին հարվածից հետո ամոթալի կերպով տապալվես գետնին:
  • Փաշինյանի գռեհիկ խոսույթն ինձ համար շատ տհաճ է: Երբ որևէ մեկը ողջունում է այդ գռեհիկ խոսույթը, որը նա ուղղում է իր մրցակիցներին, բարերարներին, գործարարներին, պիտի հասկանա՝ իր եկամուտն ապահովում է տնտեսվարողը: Ներդրողներն ու բիզնեսմենները չափազանց գրագետ են: Պարտադիր չէ դու նրանց վնաս տաս, որ ինքը հրաժարվի քո երկրում բիզնես անելուց: Նրանք տեսնում են, որ մի տարի առաջ Սամվել Կարապետյանը պետության համար բարերար էր, սակայն հենց նա պաշտպանեց Եկեղեցուն, իշխանությունների համար դարձավ թշնամի ու թիրախավորվեց… Սա ահազանգ է: Որևէ մեկը չպատկերացնի կամ չմտածի, որ ինքը Սամվել Կարապետյանից լավն է: Եթե նրա հետ են արել, իրենց հետ էլ կանեն հաստատ: ՔՊ-ին հարող խելամիտ տնտեսվարողը միշտ իր աչքի առաջ պետք է ունենա, որ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը կարող է տեղի ունենալ իր հետ:
  • Սամվել Կարապետյանի ակտիվները սփռված են ողջ աշխարհով. դա նշանակում է, որ բոլոր յուրիսդիկցիաներում նա գործիքակազմ ունի: Երբ ՀԷՑ-ն ուղղակի բռնագրավում են՝ տակը դնելով իբր վատ կառավարումը, թող մի հատ պարզաբանեն՝ ի՞նչ նկատի ունեն դրա տակ: Բայց նման պարզաբանում չկա: Մինչդեռ թվերն այլ բան են ասում: Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ ՀԷՑ-ն էականորեն բարելավել է իր ցուցանիշները, եղել է շահութաբեր ընկերություն: Իսկ միլիարդավոր շահույթն ուղղվել է ներդրումներին:

  • Եթե դու չունես տնտեսական անվտանգություն, մոռացի՛ր մնացած բոլոր կոմպոնենտների մասին: Տնտեսվարողների համար խաղի կանոնները պետք է թափանցիկ լինեն ու կախված չլինեն մեկ մարդու կամքից:
  • Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը շատ խոսուն էր, ու այսօրվա Ռուսաստանի վերաբերմունքը շատ սպասելի էր: Նման խոսույթ լինում է սովորաբար փակ հանդիպումների ժամանակ: Պուտինը փորձեց հրապարակային ֆորմատով խոսել խնդիրների մասին, խոսել հայ ժողովրդի հետ: Միգուցե, եթե Փաշինյանը մի հատ էլ ապտակեր Պուտինին, այստեղ մարդկանց մի խումբ ուրախությունից չքներ, բայց հետո նույն այդ խումբը գիշերները չի քնելու սովից
  • Հայաստանում վախի մթնոլորտ կա, բայց ես չեմ կարծում, որ, օրինակ՝ Սյունիքի Կապան քաղաքում ապրող բնակիչը, ադրբեջանական դրոշը տեսնելով, իմանալով այդ երկրում տիրող հակահայկականության մթնոլորտի մասին, բացասական զգացումներ չի ունենալու: Թե երբ դա կպայթի, չեմ կարող ասել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930