Սրանք չեն կարողանալու դրա դեմ աշխատել. ՌԴ-ն ասելու է՝ կարտադրեք այսքան, ավել չեք կարող. Նաիրի Սարգսյան
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
Զրույցի ընթացքում Նաիրի Սարգսյանի հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև․

- Ռուսաստանն այժմ, կարծեք, գնում է Հայաստանի տնտեսությունը պլանային տնտեսության վերածելու ճանապարհով, իսկ սրանք չեն կարողանալու դրա դեմ աշխատել, սրանք չեն կարողանալու որևէ այլ պլանավորում, որևէ դիվերսիֆիկացում իրականացնել՝ անկախ իրենց այդ, կներեք, լոթի խոսելուց։ Ռուսաստանն ասելու է՝ դուք կարտադրեք այսքան, ես դա ձեռք կբերեմ․ ավել չեք կարող արտադրել։
Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումն ունի շատ երկար շղթա, շղթայական ռեակցիա․ այդպիսի ծավալի չարտահանումը միանգամից տանում է ընդհանրապես չարտադրելու մնացած խմբաքանակը, որովհետև տնտեսվարողն արտադրում է երկու շուկայի համար՝ ներքին շուկայի և ռուսական շուկայի համար։ 2-ի հանրագումարը թույլ է տալիս նրանց սպասարկել՝ վարկային ծախսերը, ոռոգման ծախսերը, աշխատավարձային ծախսեր և այլն։ Եթե արտահանման խոշոր խմբաքանակը հանում ենք, ապա նրանց հաստատուն ծախսերն այնքան շատ են, որ նրանք չեն զբաղվում ուղղակի գյուղատնտեսությամբ։
Եթե նրանք չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, Հայաստանի Հանրապետությունը սկսում է ներկրել, այսինքն՝ մոտավորապես 150.000 մարդ, որոնք գյուղացիական տնտեսության մեջ են ներգրավված ու զբաղված, դուրս են գալիս գյուղատնտեսական զբաղվածությունից։ Հաջորդը վերամշակող արդյունաբերությունն է, եթե չարտադրվեց, բնականաբար, վերամշակող արդյունաբերությունը չի կարողանում աշխատել։ Եթե չի աշխատում վերամշակող արդյունաբերությունը, աշխատակիցներին է աշխատանքից հեռացնում, իսկ այդ պարագայում, բնականաբար, սպառումն է կրճատվում արդեն․ մարդը փող չի ստանում, աշխատավարձ, եկամուտ չի ստանում, որ կարողանա գնա հաց առնի, կոշիկ առնի, հագուստ առնի և այլն։
- Գին-որակ համադրության մեջ հայկական արտադրանքը չի կարող գնալ Եվրոպա։ Հայաստանը կարո՞ղ է արտադրել, այո՛, կարող է։ Արտադրելու համար պետք է տեսնենք եռաստիճան կամ եռակողմ համագործակցություն՝ կառավարություն, բիզնես, գիտություն։ Մենք ի՞նչ ենք տեսնում․ օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարում, գիտության ներդրումների չնչին ավելացումներ, որ չի բավարարում, այդ թվում՝ լաբորատոր փորձարկումների համար։ Եթե գիտությունը, կառավարությունը, բիզնեսը միասին համատեղ աշխատեն, այո՛, հնարավոր է ստանալ նոր, որակյալ արտադրանք, որը հնարավոր է վաճառել Եվրոպայում։
Հայաստանում տեղի չի ունենում ոչ մի պետականացում․ Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ Եվ քանի որ աշխարհը գտնվում է «տուրբուլենտության» մեջ, 5 տարի առաջվա աշխարհի անվտանգային ճարտարապետությունն այժմ գոյություն չունի, նոր ճարտարապետություն է կառուցվում, և որևէ մեկը դեռևս չգիտի՝ ով որ ազդեցության գոտի կարող է գնալ։ Հետևաբար, ով ինչ հասցնի՝ տանում է։

- ՀԷՑ-ի գնահատականը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 800 միլիոն դոլարից մեկ միլիարդ դոլարի սահմաններում էր, թող մոտավորապես կես միլիարդ դոլարի սահմաններում էլ «Արարատցեմենտ» գործարանը լինի․ 1․5 միլիարդ դոլար Հայաստանը որտեղի՞ց է վճարելու, որ պետականացնի, ինչի՞ մասին է խոսքը։ Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի Հանրապետության 8 միլիարդ դոլար ունեցող բյուջեն մեկ տարվա մեջ երկու խոշորագույն օբյեկտի պետականացում չի իրականացնի, երբ որ բյուջեն դեֆիցիտով է փակել, այսինքն՝ պետական պարտք դեռևս պետք է ներգրավվի, որ կարողանա 2026 թվականի բյուջեն կատարել։
Այսինքն՝ ակնհայտ է, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ «Ամերիա բանկ»-ի հետ ի՞նչ տեղի ունեցավ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում նստած՝ բանկի բաժնետոմսերն ամբողջ վաճառվեցին․ այդ ինչպե՞ս տեղի ունեցավ, ինչո՞ւ տեղի ունեցավ։ Այսինքն՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, խոշորագույն ցեմենտ արտադրողը․․․ ուղղակի, Հայաստանի Հանրապետությունում նոր կապիտալի սեփականատերեր են բերում, ովքեր իրենց հետ շատ ավելի հեշտ կաշխատեն, ովքեր շատ ավելի ենթակա կլինեն իրենց, չեն ըմբոստանա երբեք, կամ, միգուցե, դրսից իրենց տերերի թելադրված մարդիկ պետք է ներդրող լինեն Հայաստանում, որպեսզի կառավարեն ամբողջ ռազմավարական նշանակության օբյեկտները։
Բոլորին է հասնելու իշխանությունը․ չհասա՞վ իր Ազգային ժողովի նախագահին, չհասա՞վ մի քանի այլ նախարարների, չհասա՞վ կառավարության աշխատակազմի ղեկավարներին, ովքեր հլու-հնազանդ անընդհատ իրեն ծառայում են։ Այո՛, միշտ էլ հասնելու են։ Մեկին՝ շուտ, մեկին՝ ուշ․ բոլորին է հասնելու անխտիր։ Դրա համար մենք պետք է սրա դեմն առնենք, այդքան բան։
- TRIPP-ը շատ անորոշ ապագա ունի․ անհեռանկարային է այս պահի դրությամբ։ Ի՞նչ է TRIPP-ն իրենից ներկայացնում․ Հայաստանի պետական սահմանից անցողունակության թույլտվություն։ 2 սահմաններից՝ և՛ արևմտյան, և՛ արևելյան սահմաններից։ Հենց պետական սահմանը տալիս է անցողունակությունը, կոչվում է մաքսային սահման։ Հենց անունն արդեն դարձավ մաքսային սահման, այլևս միայն Հայաստանի Հանրապետությունը չի որոշում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դեռևս ԵԱՏՄ անդամ է։
Հայաստանը շատ վաղուց այլևս կորցրել է իր սուբյեկտայնությունը, և Նիկոլ Փաշինյանը գնում է տարբեր մարզային ինչ-որ ակտիվ հանգիստների, և այլն, իսկ դրսում որոշում է Հայաստանի Հանրապետության, Սյունիքի և այլնի ճակատագիր։ Ինքն ընդհանրապես մասնակցություն չունի դրան։

- Հարկերը ավելացել են, որ Նիկոլ Փաշինյանը հեծանիվներ առնի, հետո կառավարության կազմով հեծանվավազք իրականացնի, որ նախարարությունների կամ կառավարության աշխատասենյակների անընդհատ վերանորոգումներ իրականացնեն, նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերեն։
- Տեսնո՞ւմ եք՝ ովքեր են մեր խոշոր հարկատուները․․․ բանկերը․ առաջին քսանյակում այդքան բանկերի մուտքն ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ հասարակությունն ապրում է վարկերով։
- Եթե ռուսական շուկայում վաճառքներն արգելափակվեցին, Հայաստանում արտադրողն այլևս չի արտադրելու։ Չարտադրված ապրանքի բացը միշտ լրացնում են ներկրողները։ Ո՞վ է այստեղ շատ ավելի հարմար դիրքում հայտնվում՝ Թուրքիան, որովհետև այն, ինչ մենք Հայաստանում արտադրում ենք, արտադրվում է Թուրքիայում։
Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները տանում են Հայաստանում Թուրքիայից ներկրումների ծավալների ավելացման։ Սա նշանակում է Թուրքիայից կախվածության ավելացում, ապա նաև՝ մատակարարումների բացակայություն որևէ քաղաքական հարցի լուծման նպատակով։

Օրինակ, Թուրքիան կարող է ասել՝ գիտե՞ս, ես Հայաստանի Հանրապետություն ինչ-որ ապրանքների մատակարարումը դադարեցնում եմ, մինչև չգնաս՝ ՄԱԿ-ի ամբիոնից այսինչ հայտարարությունն անես, կամ Եվրախորհրդարանում այսպիսի ելույթ ունենաս։
Մանրամասները՝ տեսանյութում

