Եվ ո՞ւմ վրա են դնում այս բեռը

Փոխարենը տնտեսությունը զարգացնեն, արտադրության ծավալներն ավելացնեն, նոր արտադրություններ ստեղծեն ու բյուջեի եկամուտներն ավելացնեն, ամենուրեք միայն հարկերն են բարձրացնում։ Արտադրության ծավալները կրճատվում են, ներքին տնտեսությունից գանձվող հարկերը պակասում են, բացը հարկային բեռն ավելացնելով են ուզում լրացնեն։

Հարկային բեռի ավելացումը դարձել է այս իշխանության համար բյուջե լցնելու հիմնական միջոցը։ Գիշերը չեն քնում, մտածում են, թե է՞լ որ ոլորտում հարկային բեռ դնեն, տույժերն ու տուգանքներն ավելացնեն, նոր վճարներով ծանրացնեն տնտեսության ու քաղաքացիների ֆինանսական բեռը։

Ասում են՝ աշխատավարձերը բարձրացել են, մարդիկ ավելի լավ են սկսել ապրել։ Իսկ որ հարկերով ու տուրքերով, հարկային բեռն ավելացնելով՝ խեղդում են մարդկանց, խոսք չկա։

Հարկային բեռի ավելացումը քիչ է, անցել են տարբեր վճարներով մարդկանց ծանրացնելուն։

Կարդացեք նաև

Կառավարությունն իր հերթին է ավելացնում, քաղաքապետարանը՝ իր։

Այն, որ անգամներով բարձրացրին «կարմիր գծերի« վճարները, հարկային բեռի մեջ չի երևում, բայց մարդիկ տեսնում են դրա ազդեցությունն իրենց գրպանի վրա։

Կայանատեղիների վճարները բարեհաջող բարձրացրին, անցան տրանսպորտի ուղեվարձերին։ Այստեղ էլ պատրաստվում են սեպտեմբերից անգամներով թանկացնել ուղեվարձը ու ծանրացնել մարդկանց ֆինանսական բեռը։

Թե աշխատավարձերի այն աճերը, որոնց մասին սիրում են բարձրագոչ հայտարարություններ անել, որքանով են համարժեք ֆինանսական ավելացող պարտավորութուններին, քաղաքացիները լավ գիտեն։ Դեռ չենք ասում պարենային ու ոչ պարենային առաջնային ապրանքների գների բարձրացումները, ծառայությունների գնաճը, համատարած թանկացումներն ու թանկությունը։ Այս ամենը դուրս է գալիս քաղաքացու գրպանից։

Բյուջեի եկամուտները չեն կարողանում ապահովել, օր ու մեջ հարկային բեռն են առաջարկում ավելացնել, նոր նախաձեռնություններ են ներկայացնում։

Տնտեսության հարկերը ծանրացնելով չեն բավարարվում, անցել են փաստաբաններին։ Պատրաստվում են մի քանի անգամով ավելացնել ոլորտի հարկային բեռը, տեղափոխել ընդհանուր հարկման դաշտ, դնել ԱԱՀ-ի տակ, այլ հարկեր գանձել։

Արդյունքում՝ հարկերի ու այլ վճարների տեսքով կտրուկ ավելանալու են փաստաբանների ծախսերը, թանկանալու է փաստաբանական ծառայությունը։ Եվ այդ գումարները վճարելու են քաղաքացիները, նրանք, ովքեր օգտվելու են ծառայությունից։ Իսկ այդպիսիք տասնյակ հազարներ են։

Հարկային բեռի այս բարձրացումներն ուղղակիորեն ուղղված են քաղաքացու գրպանին։

Շատ դեպքերում դրանք արտաքուստ վերաբերում են տնտեսությանը, տարբեր ծառայություններին, բայց վճարողը, միևնույն է, քաղաքացին է։ Քաղաքացին է վճարում իր եկամուտների հաշվին։ Ինչքան ավելանում են այդ վճարները, այնքան պակասում է մարդկանց գրպանի փողը։

Երբ տաքսի ծառայության հարկային բեռը ծանրացնում են, այդ բեռը մտցնում են ծառայության գների մեջ ու գանձում քաղաքացիներից։ Կամ, երբ վարձակալության տուգանքներն ավելացնում են ու պարտավորեցնում գրանցել վարձակալության գործարքները, վճարել գոյացող հարկերը, այդ հարկերն էլի քաղաքացիներն են վճարում։ Տրանսպորտային միջոցներ ներկրողին ճնշում են, որ բարձր ծախսեր ցույց տան, որպեսզի շատ հարկ վճարեն։ Այդ հարկերն էլ ծառայության գների բարձրացման միջոցով՝ վճարում են սպառողները։

Ամենուրեք նույնն է։ Բարձրացնելով հարկային բեռը կամ ավելացնելով տույժ-տուգանքները, տարբեր վճարներն ու այլ ծախսերը՝ բոլորը քաղաքացիների ու սպառողների հաշվին է։

Հրատապ ռեժիմով վերանայում են շրջանառության հարկը, առաջարկում են կրկնակի ծանրացնել հարկային բեռը։ Ծիծաղելի արդարացումներ են բերում. բեռը կրկնակի բարձրացնում են, ասում են՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում փոքր բիզնեսի համար։ Շատերը հայտնվելու են ծանր վիճակում՝ մի մասը չի կարողանալու դիմանալ ու փակվելու է, մյուսների գործերը վատանալու են, չեն կարողանալու մրցակցել խոշորների հետ։

Եթե հիմա չեն կարողանում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ են անելու հետո։

Բայց ո՞ւմ է դա հետաքրքիր։ Հարկային ճեղքի կրճատման անվան տակ՝ վերացնում են այն արտոնությունները, որոնք ժամանակին տրվել են տնտեսության որոշ հատվածներում խթաններ ստեղծելու, զարգացումներ ապահովելու համար։ Աստիճանաբար բոլորը կտրում-թափում են։

Բյուջեի եկամտային մասն այս տարի լարված է, արդեն տարեսկզբին պարզ էր, որ նախատեսված հարկային մուտքերի ապահովման առումով խնդիրներ կան։ Հետո ավելի վատ է լինելու։

Դրա համար ոչնչի առաջ կանգ չեն առնում, ամենուրեք բեռ են ավելացնում, նոր բեռ են դնում։

Հարկային բեռի համատարած բարձրացումների, ֆինանսական այլ պարտավորությունների ավելացումների հետևանքով է, որ Հայաստանը հայտնվել է թանկությամբ առաջատար երկրների շարքում։ Բազմաթիվ երկրների համեմատ՝ Հայաստանում ապրելը շատ ավելի թանկ է, փոխարենը՝ մարդկանց եկամուտներն անհամեմատ ավելի ցածր են։ Այստեղից էլ բխում է սոցիալական այն ծանր վիճակը, որում գտնվում է քաղաքացիների մեծ մասը։

Սա է պատճառը, որ ինչքան էլ տնտեսությունը բարձր տեմպերով աճում է, մարդկանց եկամուտներն արտաքուստ ավելանում են, աշխատավարձերը բարձրացնում են, այնուհանդերձ, սոցիալական պայմանները չեն բարելավում, աղքատությունը չի նահանջում։

Առաջիկայում էլ հույս չկա, որ այս պատկերը փոխվելու է։ Մարդկանց ֆինանսական բեռն ու պարտավորությունները շարունակելու են ավելի արագ աճել, քան եկամուտները։

Շուտով առողջության ապահովագրություն են պարտադրելու, ու գումարը նորից քաղաքացու գրպանից է գնալու։

Մեկ անձի համար տարեկան ապահովագրավճարը հասնելու է 200 հազար դրամի։

Հիմա պատկերացրեք, թե ինչքան պիտի վճարի այն ընտանիքը, որտեղ ապահովագրման ենթակա 5 անձ կա։ Տարեկան 1 մլն դրամին մոտ գումար։

Ինչքա՞ն պիտի այս ընթացքում այսպիսի ընտանիքների եկամուտներն ավելացած լինեն, որ 1 մլն դրամ հավելյալ ծախսերը փակեն։

Պարզ է, որ նրանք ստիպված են լինելու միայն այս մի գործոնի հետևանքով ֆինանսական շատ ավելի մեծ բեռ կրել, քան աշխատավարձերի այն չնչին բարձրացումներն են, որոնք շատերի դեպքում տեղի են ունենում։

Մեկնարկել է նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Առաջիկա մեկ-երկու տարում այն կամբողջանա ու կդառնա հերթական հարկային մահակը քաղաքացիների վրա։ Շատերը դեռ չեն էլ պատկերացնում այս համակարգի ներդրման ահավոր ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հետևանքները։

Տարբեր խաբեություններով ու խորամանկություններով, բացահայտ կամ թաքուն, ուղղակի կամ անուղղակի քաղաքացու վրա ավելացնում են հարկային ծանրաբեռնվածությունը, դատարկում են մարդկանց գրպանները, որ հետո հավաքած գումարներն ուզածի պես ծախսեն, քամուն տան, բավարարեն իրենց քմահաճույքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս