Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս արյան մշտական պահանջ կա։ Ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր, ի՞նչ հակացուցումներ կան։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխներարկաբան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի արյան բանկի բաժանմունքի ղեկավար Արթուր Դաբիկյանի հետ։
– Որքանո՞վ է կարևոր արյան դոնորությունը։
– Միշտ եղել է, կա և կլինի արյան պահանջ։ 21-րդ դարում ինչքան զարգանում է տեխնիկան, առաջ է գնում գիտությունը, դրանից առաջացած վտանգներն ավելի շատանում են, և մեծանում է արյան դոնորության կարիքը։ Լինում են վթարներ, դանակահարություններ, արյունահոսություններ՝ ծննդաբերության ժամանակ, տարբեր հիվանդություններ՝ ինչպես լեյկոզն է, և այլն, ուստի պետք է միշտ դոնոր ունենանք, որ կարողանանք ապահովել հիվանդ, արյան կարիք ունեցող մարդկանց։ Հակառակ դեպքում ամեն օր մարդկանց ենք կորցնելու։
– Կա՞ վիճակագրություն, թե տարեկան որքա՞ն արյուն է անհրաժեշտ՝ միայն մարդկանց օգնելու համար։
– 2023 թվականի տվյալներով՝ ամբողջ Հայաստանում մոտավորապես 20.000-25.000 դոնոր ենք ունեցել։ Ինչքան որ վերցնում ենք՝ ժողովրդական լեզվով ասած՝ ծայրը ծայրին հասցնում ենք։ Կարողանում ենք կուտակել նաև արյան պաշար։ Երբ դոնորը հանձնում է արյուն, դա ամբողջական է, որը հետո մշակվում է արյան բանկերում, և ստանում ենք երեք մասսա։ Մեկը կոչվում է էրիթրոցիտար զանգված, որը կարմիր արյունն է, մյուսը պլազման է, որը արյան հեղուկ մասսան է և հարուստ է տրոմբոցիտներով և տարբեր էլեմենտներով։ Մենք անջատում ենք նաև պլազմա՝ հարուստ տրոմբոցիտներով։ Ամենաշատ պահանջարկ ունեցողը, բնականաբար, էրիթրոցիտար զանգվածն է։
– Ովքե՞ր կարող են արյան դոնոր հանդիսանալ։
– 18-60 տարեկան անձինք։ 60-ից բարձր տարիք ունեցող կանանց ու տղամարդկանց 90 տոկոսն ունի քրոնիկ տարբեր հիվանդություններ, որոնք կարող են հակացուցում հանդիսանալ։ Մենք երբևիցե ի վնաս դոնորի արյուն չենք վերցնի։ Պետք է առողջ մարդ լինի։
– Կա՞ն ժամանակավոր և մշտական հակացուցումներ։
-Այո։ Կարող է մարդը պատվաստված լինի, հակաբիոտիկներ ընդունի, այցելի ատամնաբույժի, այս դեպքում կա ժամանակավոր հակացուցում, քանի որ հանդիսանում է ռիսկի գործոն, քանի որ գործ ունեն արյան հետ ու վարակի պատճառ կարող է հանդիսանալ։ Որոշ ինֆեկցիաների համար ժամանակ է պահանջվում, որ ի հայտ գան արյան մեջ։ Վեց ամսից նոր կարող են այդ մարդիկ դոնոր դառնալ։ Իսկ մշտական հակացուցումներից են քրոնիկ բոլոր հիվանդությունները․ շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, հիպերտոնիա։
-21-րդ դարում մեծ մասը դիմում է կոսմետիկ միջամտությունների․ նրանք է՞լ չեն կարող արյան դոնոր հանդիսանալ։
– Ժամանակավոր հակացուցումներից մեկը տատուաժն է, դաջվածքը, քանի որ համարվում է միջամտություն ու գործ ունի արյան հետ։ 6 ամիս պետք է այդ գործողությունից հետո անցնի, որ անձը դոնոր դառնա։ Նշեմ, որ նախքան արյուն հանձնելը ստուգում ենք մի շարք ինֆեկցիաներ։ Ինչպես ասում են՝ կգաք և՛ դոնոր կդառնաք, և՛ կստուգեք ինֆեկցիաների առկայությունը, որի համար, եթե առանձին դիմեն, բավականին կլորիկ գումար են ծախսելու։ Ե՛վ ինչ-որ մեկի կյանքն եք փրկում և՛ ստուգում ինֆեկցիաների առկայությունը։ Ստուգում են Հեպատիտ B, C, Սիֆիլիսը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ (ՍՊԻԴ), բրուցելյոզը, հանձնում են նաև արյան ընդհանուր անալիզ։ Ամենակարևորներից մեկը հեմոգլոբինն է։ Կանանց մոտ պետք է հեմոգլոբինը 125 և բարձր լինի, որ թույլ տանք մեզ՝ արյուն վերցնել, իսկ տղամարդկանց մոտ պետք է լինի 135 և բարձր։ Մարդիկ կան, գալիս են, հեմոգլոբինը մի քիչ ցածր է, 115, 118, հարցնում են, թե հիմա հիվա՞նդ են, դեղորայք օգտագործե՞ն, պատասխանում ենք, որ ոչ, ամեն ինչ նորմալ է, ուղղակի դոնոր չեն կարող հանդիսանալ, որովհետև, եթե 125-ից ցածր է, արյուն վերցնենք, ցուցանիշն իջնելու է ու ի վնաս դոնորի։ Ամեն ինչ անում ենք՝ դոնորի առողջությունը պահպանելով։
– Այդ ամբողջ հետազոտությունը մեկ օրվա ընթացքո՞ւմ է կատարվում։
– Այո։ Դոնորին ընդունում է թերապևտը, ստուգում են սիրտ-անոթային համակարգը, անամնեզ են հավաքում, թե ինչ են արել, ինչ դեղորայք են ընդունել, հետո անալիզ են հանձնում։ 1,5 ժամ անց, եթե մաքուր են անալիզները, դոնորին ներս ենք հրավիրում, հյութ ենք տալիս, արյունը վերցնում ու գնում է։ Ամբողջ գործընթացը մոտավորապես 2-3 ժամ է տևում։
– Իսկ Հայաստանում ի՞նչ վիճակ է․ կամավոր գալիս, հանձնո՞ւմ են արյուն, թե՞ դրան նայում են՝ որպես բիզնես, որ գումար ստանան։
– Համաձայն միջազգային վիճակագրության՝ աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը։ Դժբախտաբար, այդ 2 տոկոսի մեջ Հայաստանն էլ է մտնում։ Մեզ մոտ 55-60 տոկոսը վճարովի սկզբունքով հանձնող դոնորներ են։ Նախկինում այս ցուցանիշն ավելի մեծ էր։ Հիմա ունենք երեք սկզբունքով արյուն հանձնող դոնոր․ վճարովի, որպես հիվանդի հարազատ և կամավոր անվարձահատույց։ Ուզում եմ բոլորը հասկանան, որ մեկ օր հենց իրենց կամ հարազատին կարող է արյուն անհրաժեշտ լինել։ Կան երեխաներ, մեծահասակներ, որ եթե արյուն չփոխներարկվի՝ կկոցնենք իրենց։
– Մեզ մոտ երևի ավելի շատ գալիս են հարազատին օգնելու համար, քան կամավոր։
– Մի դեպք պատմեմ։ Մի տղամարդ հարազատի համար արյուն էր հանձնում, բացատրում ենք, որ տղամարդիկ՝ 2, իսկ կանայք՝ 2,5 ամիս անց կրկին կարող են գալ, արյուն հանձնել, նա թե՝ մինչև դա թող մեր երեխան բուժված լինի, էլ չգանք, արյուն չհանձնենք, ասում եմ՝ չեք նկատո՞ւմ, որ մեկ ուրիշ երեխա կարող է արյան կարիք ունենալ, ինչո՞ւ եք միայն ձեր մասին մտածում։ Նա, թե՝ չէ, մենք լավ լինենք։ Այ, այսպիսի մտածելակերպն է գերիշխում։ Հենց սկսենք միայն մեր մասին չմտածել՝ լավ կլինի։
– Կա՞ արյան կարգ, որը ոչ մեկի պետք չէ։
– Չէ։ Ունենք արյան 4 կարգ՝ դրական և բացասական ռեզուսներով։ Ամեն ազգ իրեն բնորոշ արյան խումբն ունի, որն ամենաշատն է։ Օրինակ, հնդիկների մոտ մենաշատը 3-րդ դրականն է, իսկ հայերի մոտ 45 տոկոսը 2-րդ դրական է, հետո՝ 1-ին դրական, 3-րդ և 4-րդ։ Ամենաքիչը 4-րդ բացասականն է։ Առաջ այսպիսի մտածելակերպ կար, որ 1-ին դրականը բոլորին կարող է արյուն տալ, 4-րդ դրականը բոլորից կարող է վերցնել, բայց ոչ մեկի չի կարող արյուն տալ՝ բացի իր խումբը, բայց հիմա դրանով չենք առաջնորդվում։ Ամեն մի խումբ իր խմբին կարող է արյուն տալ։ Նույն խմբի բացասականը կարող է դրականին տալ, բայց ոչ հակառակը։ Այսինքն, 1-ին դրականը 1-ին բացասականին չի կարող տալ, բայց 1-ին բացասականը 1-ին դրականին կարող է։ Նույնը՝արյան մյուս խմբերի դեպքում։
– Մարդիկ շատ են վախենում արյուն հանձնելուց՝ մտածելով, որ ամբողջ արյունը «քաշում» են։ Վերականգնվո՞ւմ է կորցրած արյան քանակը։
– Բնականաբար, վերականգնվում է աստիճանաբար, մոտավորապես 1,5 ամսվա ընթացքում, բայց պետք է դիետիկ կամ թերսնման չենթարկվի դոնորը։
Ասեմ, որ մարդու մարմնի զանգվածի 7 տոկոսն արյուն է։ Այսինքն, 100 կգ քաշ ունեցող դոնորը մոտավորապես 7 լիտր արյուն ունի։ Առաջնորդվում ենք միջազգային ստանդարտներով ու վերցնում ենք մինչև 450 միլիլիտր արյուն, այսինքն, հանդիսանում է իր արյան ծավալի մոտ 5 տոկոսը։ Սա օրգանիզմին վնաս չէ, հակառակը, օրգանիզմը հանգստանում է, թույլ ենք տալիս, որ նոր բջիջներ ստեղծվեն։
Ես տարին 2-3 անգամ արյուն եմ հանձնում ու հաջորդ օրն ակտիվ արթնանում եմ։ Դա լրիվ առողջարար բնույթ է կրում։
– Մեկ մարդու հանձնած արյան շնորհիվ քանի՞ կյանք է հնարավոր փրկել։
– Շատ դեպքերում կարող ենք 3 կյանք փրկել։ 100 տոկոսով օգտագործվում է էրիթրոցիտար զանգվածը, որովհետև մեծ պահանջարկ ունի, իսկ պլազման մոտավորապես 30-40 տոկոս է օգտագործվում։
Նշեմ, որ մեր ժողովուրդը միայն պատերազմական վիճակում է ակտիվանում։ Աստված չանի՝ նորից նման վիճակում հայտնվենք, բայց 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ լուսաբացին, երբ եկանք աշխատանքի, հիվանդանոցի բակում 1000-1500 հոգի էր սպասում, որ դոնոր հանդիսանար։ Ամեն մեկն իր հերթին՝ ասում էր, թե՝ ինչո՞ւ ինձանից արյուն չեք վերցնում․․․ Իսկ խաղաղ պայմաններում մտածում են, որ արյան կարիք չի լինի։ Արյան կարիք միշտ կա։ Մտածում են՝ 10․000 հոգի արյուն հանձնեց, վերջ, այդքան մարդու կյանք կփրկեն։ Ոչ, արյունն ունի ժամկետ։ Էրթրոցիտար զանգվածը սառնարանային պայմաններում մինչև 42 օր կարող ենք պահել, դրա համար միշտ ասում ենք, որ տարբեր ժամկետներում հանձնեն, որպեսզի պահպանվի։ Տրոմբոցիտար զանգվածը, որը գտնվում է պլազմայի մեջ՝ 5 օր ենք պահպանում, իսկ պլազման 3 տարի պահպանում ենք՝ -30-ից -40 սառնարանային ջերմաստիճանում։ Բայց ամենաշատ պահանջը էրիթրոցիտար զանգվածինն է։