
Իշխանական ռազմական մանիպուլյացիաները կամ պատերազմ չկանխող խաղաղության պայմանագիրը

«Ռեստարտ» հիմնադրամը «ReForum 2025» երիտասարդական աշխատարանի շրջանակում երիտասարդների հետ օրերս հանդիպման է հրավիրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:
Մոտ երկու ժամ տևած հարցուպատասխանին ուշադրություն չէինք դարձնի, եթե այնտեղ չշոշափվեին անվտանգությանը, բանակին, սպառազինության ձեռքբերմանը, 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին առնչվող հարցեր և կոնկրետ հայտարարություններ:
Դրվագ առաջին
Նախ իշխանական պատգամավորը հայտարարել է, որ «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը, որով մասնակցելու են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ենթադրում է ինքնիշխան, անկախ Հայաստանի Հանրապետություն՝ 29.743 քկմ տարածքով՝ «ոչ մի թիզ ոչ ավել, ոչ էլ պակաս»:
«Սա մեր թիվ մեկ գաղափարախոսությունն է»,- ընդգծել է նա:
Հետաքրքիր է՝ Վահագն Ալեքսանյանը ծանոթ չէ՞ իրենց քաղաքական առաջնորդի «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածին, որտեղ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշում է.
«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը, և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:
Այսինքն, ստացվում է, որ այսօր ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ: Արդյո՞ք մինչև ընտրություններ վերականգնվելու են օկուպացված տարածքները քաղաքական կամ դիվանագիտական ճանապարհով:
Դրվագ երկրորդ
Վահագն Ալեքսանյանն այնուհետև շարունակել է, թե առաջիկա ընտրություններին գնալու են իրենց «ձեռքբերումներով», օրինակ, անվտանգության բնագավառի համատեքստում դա պաշտպանական կամ ամրացված շրջանների կառուցումն է:
«Պաշտպանական ամրացված շրջաններն ուղղակի պետք է գնալ և տեսնել և դա համեմատել նախկինում եղած ինչ-որ խրամատների ու մնացածի հետ: Այն միլիարդավոր դրամները, որ ծախսվել են մեր սահմաններին այդ պաշտպանական շրջանները կառուցելու վրա, որտեղ մեր զինվորները գրեթե անխոցելի են, կարելի է ասել: Եթե Թուրքիային հանենք, մեր հարևաններից ցանկացածը ցանկանա այդ պաշտպանական ամրացված շրջաններից մեկնումեկը ոչնչացնի, դրա վրա պետք է ծախսի իր ունեցած գերճշգրիտ հրթիռների ամբողջ արսենալի կրկնակին, սա՝ մեկ ամրացված շրջանի ոչնչացման համար»,- մանրամասնել է նա:
Առաջին, ծիծաղելի է՝ «եթե Թուրքիային հանենք…» ձևակերպումը, երբ բավական է միայն հիշենք 2020 թվականի 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցությունը, դրանից հետո Ադրբեջան-Թուրքիա Շուշիի ռազմավարական հռչակագիրը և ոչ միայն:
Ստացվում է՝ եթե Թուրքիային չհանենք, ուրեմն՝ գործ ունենք միլիարդավոր դրամների վատնման հե՞տ: Դեռ չենք նշում, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի միջոցով հզորացրել է իր արսենալը:
Երկրորդ, Ադրբեջանը, ով իր բանակը վերածում է թուրքական մոդելի բանակի, պատերազմից հետո առավել է շեշտադրել հատուկ նշանակության ուժերի հզորացման հարցը։
Երրորդ, մի առիթով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել է.
«Ամրացված շրջաններում պաշտպանությունը, այսպես ասած, հենակետային է, կայուն է, բայց ակտիվ շարժունակություն այդտեղ չկա, ուստի պետք է լինեն նաև ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան մանևրելու, հակառակորդի հնարավոր մխրճումը մեր թիկունք հետ մղելու, նրանց կանգնեցնելու, ջախջախելու և հետ շպրտելու: Այսինքն, եթե միայն ամրացված շրջաններում պիտի լինի պաշտպանությունը, 1000 կմ մենք Ադրբեջանի հետ սահման ունենք, և եթե միջինը 3 կմ իրենք մխրճվեն, բավականին լուրջ տարածություն է դառնում»:
Այսինքն, կարող է նույնիսկ «գերճշգրիտ արսենալ» օգտագործելու անհրաժեշտություն չլինել, և, օրինակ, այդ ամրոցները հակառակորդը պարզապես շրջանցի կամ շուրջկալի մեջ վերցնի: Դրանք թաքնվելու համա՞ր են կառուցել, թե՞… Այսինքն, պաշտպանական շրջաններ կառուցելիս նախ պետք է պատասխանեն հարցին՝ դրանք որքանո՞վ են թույլ տալու պաշտպանական գործողություններ իրականացնել, իսկ դրանք լինում են կայուն և ակտիվ: Ակտիվ գործողությունները, ըստ էության, ենթադրում են հենակետում, պաշտպանական շրջաններում մանևրում, շրջանաձև պաշտպանության անցում, հակահարվածային օպերացիաներ և այլն:
Հիշեցնենք, որ 2017 թվականին մի առիթով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովն ասել է. «Մեր դիրքերը ոչ թե թաքնվելու, այլ կռվելու համար են»: Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իշխանափոխությունից հետո 2 տեսլական է ներկայացրել, թե ինչ է պետք ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար:
Դրվագ երրորդ
Երիտասարդների հետ հանդիպմանը իշխանության ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միլիոնավոր դոլարների զենք են գնում:
«Եթե նախկինում ասում էին՝ մենք 50.000 տոննա զենք ենք գնել, մենք հիմա 50.000 տոննայով զենք չենք գնում, որովհետև, առհասարակ, նորմալ չի զենքը գնել նորմայով, տոննայով գնում են մետաղի ջարդոնը, զենքը գնում են հատով»,- ասել է Վահագն Ալեքսանյանը:
Նախ՝ ի գիտություն իշխանական պատգամավորի՝ տեղեկացնենք, որ եթե ասվել է՝ «տոննայով զենք», ապա դա արվել է տրանսպորտացիայի, մասնավորապես, օդային եղանակով փոխադրման ժամանակ ուղեբեռի տոննաժը նշելու համար: Օրինակ, 2020 թվականի օգոստոսին կեսերին Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և բողոքել՝ «հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ Կամ՝ ուկրաինական պատերազմի համատեքստում կարելի էր կարդալ միջազգային լուրեր, որ Ուկրաինային ԱՄՆ-ը այսքան տոննա զենք և զինամթերք է ուղարկել: Այսօր էլ կարելի է կարդալ նման լուրեր և ոչ միայն՝ Ուկրաինային առնչվող:
Իսկ երբ նախկինում խոսք է եղել կոնկրետ զինատեսակների մասին, ապա նշվել է՝ քանի հատ է պատվիրվել կամ մատակարարվել: Տարօրինակ է, երբ պատգամավորն այս նրբություններին չի տիրապետում:
Եվ քանի որ խոսք եղավ մետաղաջարդոնի մասին, հավելենք, որ 42 միլիոնի զենքի գործով մեղադրյալ այլևս չկա, որը վերաբերում էր իբր Սերժ Սարգսյանի օրոք «մետաղաջարդոն» գնելուն, և որով անցնում էր միայն Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, ով քննիչ հանձնաժողովների աշխատանքներում է ընդգրկվել, ու, գուցե իշխանություններին ինչ-ինչ «ծառայություններ մատուցել»:
Ի դեպ, չմոռանանք, որ Ալիևը պահանջում էր Փաշինյանից չեղարկել սպառազինության մատակարարման պայմանագրերը Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ, իսկ գնվածը վերադարձնել: Եվ դեռ հարց է՝ այս առումով ի՞նչ է արվել, ավելին՝ լուրջ հարց է լոգիստիկ խնդիրը, դեռ չենք անդրադառնում նոր զենքերի հետ կապված այլ հնարավոր խնդիրներին՝ ներդաշնակեցում և այլն:
Դրվագ չորրորդ
Վահագն Ալեքսանյանը քննարկմանն ակնարկել է, թե իր կարծիքով՝ իշխանափոխությունից հետո պետք է զինված ուժերի անձնակազմի 90 տոկոսին փոխեին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին ավելի ճիշտ զեկույցներ կներկայացվեին:
Այսինքն, իշխանական պատգամավորն ուզում է ասել, որ բանակի մարտունակության հետ կապված ճիշտ չեն զեկուցել Նիկոլ Փաշինյանին, և դա՞ էր պատճառը, որ նա հուլիսյան մարտերից հետո պնդում էր, որ «ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ»: Նմանօրինակ միտք ավելի վաղ արտահայտել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ լինելով Սու-30-ներով քաղաքական PR արած իշխանության ներկայացուցիչ, դրանց ձեռքբերման «մեղքը» գցել էր զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարել, այսինքն՝ որոշել են զինվորականությանը բաժանել «ձեր-ի և մեր-ի», «նախկինների և ներկաների»:
Մի խոսքով՝ 44-օրյա պատերազմում պարտության պատասխանատվությունն իշխանությունը շարունակում է գցել զինվորականության վրա, իսկ իրենց սխալը համարում է նրանց չփոխարինելը, կամ, ինչպես մի առիթով Փաշինյանն էր ասել, բանակին հավատալը։
Բացի այդ, նա իշխանափոխությունից հետո շատ լավ էլ իմացել է Ադրբեջանի և Հայաստանի ուժերի բալանսը, և այս «տարածությունն» իրենց օրոք մի քանի անգամ մեծացել է:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 168.am-ը՝ «Իրականում ի՞նչ են ասել ԳՇ-ում Նիկոլ Փաշինյանին պատերազմից առաջ, ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը փորձել փրկել Փաշինյանի քաղաքական դեմքը» վերտառությամբ հոդված էր գրել, որտեղ անդրադարձել էինք զինվորականությանը հասցեագրված մեկ այլ «մեղադրանքի»:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի անվտանգային երաշխիքներին, ապա իշխանական պատգամավորը խոստովանել է. «Չեմ երաշխավորում, որ խաղաղության պայմանագիրը նոր կորուստներ չի բերի» (50:08 րոպեից):
«Բայց երաշխավորում եմ, որ խաղաղության պայմանագրի բացակայությունը և դրա տորպեդահարումը բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր և նոր ողբերգություն: Այ, դա երաշխավորում եմ,- շարունակել է նա և կրկնել,- Կա՞ երաշխիք, որ ինչ-որ մի թուղթ կարող է հարատև խաղաղություն ապահովել, ո՛չ, չկա»:
Ստացվում է՝ 2026 թվականին ունենալու ենք պատմության կրկնություն. խոստացվելու է չերաշխավորված խաղաղություն և հանրությանը վախեցնելու են նոր պատերազմի լինել-չլինելով: