
Բաքվի դատարան գործուղված «տուժողը» ցուցմունք է տվել նաև Սամվել Բաբայանի դեմ

Ալիևը շարունակում է Բաքվի դատարան գործուղել «տուժողների»: Հուլիսի 25-ին կայացած Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությանը» ադրբեջանական ցուցմունքները մեծամասամբ վերաբերել են 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողություններին և 2020 թվականի 44-օրյա պատերազմին:
Մասնավորապես, «տուժող» Նիյազի Աբբասովը դատարանում հայտարարել է, թե իբր 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ արկի պայթյունից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, և, որ իր կողքին եղած ծառայակիցները շեհիդ են դարձել:
ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հարցին ի պատասխան (հարցը չի հանրայնացվել)՝ դատարան գործուղված Աբբասովը նշել է, թե իրենք այդ ժամանակ փորձում էին «հետ մղել ՀՀ ԶՈՒ հարձակումները»:
Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ էլ պնդել են, թե իրենց կողմից վիրավորներ, զոհեր և գերիներ են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ հենց հոկտեմբեր ամսին:
Էլբին Ակբերով ներկայացած «տուժողը» դատարանին հայտնել է, որ բեկորային վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ջաբրայիլի շրջանում՝ Ջրականում:
Այն դեպքում, երբ մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս ուղղությունում հայկական կողմն է շատ զոհեր ունեցել։
«Տուժող» Վելիխադ Վելիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 22-ին Զանգելանում՝ Կովսականում, «ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել է, քանի որ բեկորային վիրավորում է ստացած եղել», իսկ զինակիցները շեհիդ են դարձել: Նա պետական մեղադրողի հարցերին պատասխանելիս՝ հայտարարել է, թե իբր իր նկատմամբ «բռնություն է կիրառվել», իսկ ավելի ուշ՝ պատերազմից հետո ինքը վերադարձվել է Ադրբեջան՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին:
Պատերազմական գործողությունները դատաքննության առարկա դարձնելն աբսուրդ է, եթե բացակայում են պատերազմի օրենքների կամ միջազգային նորմերի խախտումներ, իսկ նման քայլերի հենց Ադրբեջանն է գնացել: Եվ հիմա Ադրբեջանը փորձում է նաև ցույց տալ, թե Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը և գերիների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորել: Այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից նմանօրինակ ռազմական հանցագործությունների հետ կապված բազմաթիվ ապացույցներ կան, ընդ որում, ոչ միայն պատերազմական և մարտական գործողությունների առնչությամբ, այլև խաղաղ պայմանների, երբ ՀՀ քաղաքացիները կամ մոլորվել են, կամ՝ առևանգվել, որից հետո ադրբեջանական գերության մեջ սպանվել են Մանվել Սարիբեկյանը, Կարեն Պետրոսյանը, ընդ որում, նրանք քաղաքացիական անձինք են եղել:
Ավելին, եղել են դեպքեր, երբ խախտվել են անգամ հայ գերիների դիակների պահման պայմանները։ Այսինքն, սառնարանում պահելու փոխարեն՝ նրանց հուղարկավորել են, հետո՝ հանել և վերադարձրել:
Նշենք նաև, որ ադրբեջանցի գերիները չեն ցանկացել երբեմն վերադառնալ հայրենիք, քանի որ հասկանում էին, թե իրենց ինչ է սպասվում: Այս և նման փաստերը Հայաստանը պետք է պետական մակարդակով բարձրացնի և շրջանառի՝ որպես պատասխան գործողություն, ինչը, սակայն, չի արվում:
Իսկ հուլիսի 25-ի դատավարության ժամանակ մի «տուժող» էլ՝ Ռաուֆ Գաֆարով անունով, Սամվել Բաբայանի դեմ է ցուցմունք տվել՝ պնդելով, որ 1994 թվականի ապրիլին Ֆիզուլիի շրջանում՝ Վարանդա, գերի է ընկել և միայն 1996 թվականի մայիսի 10-ին է վերադարձվել: Իսկ այդ ընթացքում իբր «իրեն և մոտ 25 ադրբեջանցու ստիպողաբար ընդգրկել են Սամվել Բաբայանի տան շինարարության գործում»:
Դատական հաջորդ նիստը հուլիսի 28-ին է:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում ներկայացրել է 30 տարիների կտրվածքով վնասների փոխհատուցման չափը, որը Հայաստանից ինչ-որ պահի կարող են պահանջել: Խոսքը մոտ 150 միլիարդ դոլարի մասին է: Այս պահին, ըստ Հաջիևի, փոխհատուցման հարցն ընդգրկված չէ երկկողմ բանակցությունների օրակարգում, բայց սա չի խանգարել հաշվարկներ անել՝ ՄԱԿ-ի կիրառած մեթոդոլոգիայով, և ինչ-որ պահի որպես ճնշման գործիք կարող է օգտագործվել: