
Ծովինար Թադևոսյանի մատրիարխատը՝ ՔԿԾ-ում. ընկերուհիներ, հարս, բարեկամներ, ընկերուհու ընկերուհիներ, համակարգային բարդակ ու ճոխ փարթի՝ Ծաղկաձորում

Օրերս armlur.am կայքում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ծովինար Թադևոսյանը քրեակատարողական հիմնարկների հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ «բախվել են». զարգացումներ են սպասվում:
Որպես սկզբնապատճառ՝ նշված էր, որ հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի մոտ են գնացել քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ռազմավարական ծրագիրը ներկայացնելու, և Թադևոսյանը, կարճ ասած, խայտառակել է Գալյանին: ՔԿԾ ղեկավարին, ըստ կայքի, չի հաջողվել Փաշինյանի հարցերին պատասխանել, նա էլ շատ կոպիտ է խոսել, ավելին՝ հայտարարել է, որ ծրագիրը տապալել են, գնան՝ նոր ծրագիր մշակելու: Գալյանը հայտնվել է ամոթալի վիճակում:
Հրապարակման վերջում տեղադրված էր տեսանյութ, որտեղ Սրբուհի Գալյանը և Ծովինար Թադևոսյանն այցելում են 8 ամսական փոքրիկին, որի մայրը դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Գալյանն ակնհայտ շատ արհամարհանքով բարևում է Թադևոսյանին ու ներս մտնում։
Ինչևէ, երկու ընկերուհիների փոխհարաբերություններով թող զբաղվի Նիկոլ Փաշինյանը, քանի որ երկուսին էլ ինքն է նշանակել, և ցանկացած տապալում առաջին հերթին իր տապալումն է:
Առավել ուշագրավ էր, սակայն, ՔԿԾ պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութը ՔԿԾ 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման մասին, և աչքի զարնեց այն, որ առաջին պլանում կանայք էին:
Իհարկե, ՔԿԾ պետն ինքն է որոշում՝ ով որտեղ նստի, բայց բոլոր կանանց առաջին «в ролях» բերելը շատ զավեշտալի էր, և սա այն դեպքում, երբ շտաբի պետը ետևում էր նստած, գլխավոր քարտուղարը՝ նույնպես։ Գլխավորը՝ կանայք լինեն առաջին պլանում և շատ երևան. չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս կանանց և պետական ապարատում նրանց ներգրավվածությանը: Երևի դրա համար էր նույնիսկ ՔԿԾ պետի քարտուղարուհին ներկա հաշվետվության քննարկմանը։
Ծովինար Թադևոսյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար է համակարգը համալրում կանանցով՝ ընկերուհիներով, ընկերուհու ընկերուհիներով, հարսներով ու բարեկամներով։ Ումի՞ց է պակաս, եթե նախարարը կարող է ընկերուհուն վստահել, ապա ինքն էլ կարող է օրինակ վերցնել իր ընկերուհի նախարարից ու վստահել այլ կանանց… Քրեակատարողական ծառայության համակարգում. Ի վերջո, Փաշինյանն իրեն վստահել է, չէ՞… Հետո՞ ինչ, որ, ինչպես ասում են, գցել է ոտքին:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «Խնամի-ծանոթ-բարեկամ» կադրային նշանակման սկզբունքը, իհարկե, նորություն չէ ու իր ծաղկման շրջանում է։ Ուղղակի, փորձում ենք հասկանալ, օրինակ՝ 168.am-ի տեղեկություններով՝ ՔԿԾ անվտանգության բաժնում նշանակված Ծովինար Թադևոսյանի բարեկամուհին որքանո՞վ է տեղյակ ՔԿ հիմնարկներում անվտանգությունից:
Ըստ էության նա պետք է նաև մեթոդական օգնություն ցուցաբերի ՔԿ հիմնարկների անվտանգության աշխատողներին, բայց կա մի «մանրուք». այդ կինը համակարգին ընդհանրապես ծանոթ չէ, բայց եթե ՔԿԾ պետ բարեկամ ունի, ի՞նչ խնդիր։
Նույնիսկ ՄԻՊ-ի կողմից Ծաղկաձորում կազմակերպված դասընթացին էր մասնակցում. անվտանգության բաժնի պետ, տեղակալ, բնականաբար, չէին մասնակցելու, բարեկամը երևի ավելի շատ էր տեղյակ անվտանգությունից: Ու նման կերպ փորձում են համակարգ բարելավել։
Բոլոր ազատ հաստիքները ՔԿԾ կենտրոնական մարմնում համալրվում են միայն պետի կամ նրա առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի «դաբրոյով», իսկ իգական սեռի ներկայացուցիչներով ՔԿԾ-ն համալրելու աշխատանքն էլ իր վրա է վերցրել ՔԿԾ պետի խորհրդականը՝ Ծովինար Թադևոսյանի ևս մեկ ընկերուհին։
ՔԿԾ կիսամյակային ամփոփումից հետո Ծառայության պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում են կիսամյակի ցուցանիշները, և ըստ դրանց, պարզվում է, վատ երևույթները պակասում են, ինչը դրական երևույթ է, բայց մենք մեծ ուշադրությամբ կսպասենք ինքնավնասումների, մահվան թվերի վիճակագրական ցուցանիշներին, եթե, իհարկե, հրապարակեն։ Յոթ ամսում՝ վեց ինքնասպանությունը, էլ չենք խոսում ինքնավնասումների մասին, տպավորիչ է, իհարկե։
168.am-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում այնպիսի ինքնավնասումներ են լինում, որ հազիվ են կարողանում կյանքերը փրկել, տեղափոխում են հիվանդանոց: Օրեր առաջ էլ «Նուբարաշեն» քկհ-ում ազատազրկված անձանց միջև բախման ընթացքում մեկ անձ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Բայց կարևորը՝ մշակութային միջոցառումների վիթխարի աճ կա, վերասոցիալականացման ծրագիրն անխափան գործում է՝շնորհիվ նաև առցանց թանգարաններ այցելելու, մնում է մի օր էլ ազատազրկված անձանց առցանց ազատությունը ցույց տան։ Չնայած ՔԿԾ սոցիալ-հոգեբանական բաժնի պետ, համատեղությամբ պետի ընկերուհի Ցողիկ Ալեքսանյանն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, և հանուն արդարության պետք է նշել, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, հիմնական ծանրաբեռնվածությունն իր վրա է վերցրել: Նա ամեն բնագավառում կա, ՔԿԾ-ում նույնիսկ կատակով նշում են՝ ոնց որ նա լինի պետը, իսկ Սահակ Գրիգորյանն ու Ծովինար Թադևոսյանը՝ տեղակալները։
ՔԿ հիմնարկներում, ըստ մեզ հասած ահազանգի, «բարդակ» վիճակ է, այնտեղ ամեն ինչ կարող ես գտնել. խոսքը, իհարկե, արգելված իրերի մասին է:
Համակարգում այսօր գերնպատակ են նաև շինարարությունը, վերանորոգումները, որով ակտիվ զբաղվում է պետի առաջին տեղակալ, համատեղությամբ՝ Ռոմանոս Պետրոսյանի «մարդ» Սահակ Գրիգորյանը, փոխանակ զբաղվի օպերատիվ բլոկով և անվտանգությամբ։
Բնական է՝ ոչ մեկը ո՛չ ստուգելու է աշխատանքների ընթացքը, ո՛չ էլ ծախսված գումարները, գլխավորը՝ հրապարակեն վերանորոգված խցերի, սանհանգույցների նկարներն ու ցույց տան, թե ինչ վիթխարի գործ է անում առաջին տեղակալը: Համենայնդեպս, ըստ տեղեկությունների, Ծովինար Թադևոսյանը դժգոհ չէ ընթացիկ վերանորոգումներից. այդ գործում ՔԿԾ պետը և առաջին տեղակալն իրար լավ հասկանում են։
Կադրային քաղաքականության մասին խոսելիս նաև հավելենք, որ ՔԿԾ պետը երկար ժամանակ է՝ ուզում էր ազատվել շտաբի պետ, համատեղությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանի բարեկամ Արտակ Սարգսյանից, և գտան լավագույն լուծումը. տեղափոխման կարգով նշանակեցին ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի պետ, այսինքն՝ ինչքան հեռու աչքից, այնքան լավ, իսկ շտաբի պետ նշանակվեց հատուկ նշանակության բաժնի պետը, ով այդ պաշտոնում նշանակվել էր Սահակ Գրիգորյանի անմիջական բարեխոսությամբ և հովանավորությամբ, ինչին 168.am-ը ժամանակին անդրադարձել էր։
ՔԿԾ բազմաքայլ կոմբինացիան, սակայն, մի նպատակ ուներ. Ի վերջո, ազատվել Արտակ Սարգսյանից: Այսպես՝ հատուկ նշանակության բաժնի պետ Կարեն Աղաջանյանը ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի պահանջով ազատվել էր աշխատանքից, և այսօր նա ազատումը վիճարկում է դատարանում: ՔԿԾ-ում ասում են՝ հետաքրքիր է, դատարանի դրական որոշումից հետո որտե՞ղ կհայտնվի Արտակ Սարգսյանը։ Այսինքն՝ Սահակ Գրիգորյանը մի կրակոցով երկու նապաստակ է խփում. վտանգից փրկում է իր ծանոթին, և վերջապես կկարողանան ազատվել Արտակ Սարգսյանից։
Մի խոսքով, ՔԿԾ համակարգում ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, որքան որ տեղեկանում ենք ՔԿԾ պաշտոնական կայքից: Բայց դա չի խանգարում, որ ՔԿԾ-ում համարեն, որ իրենք այնքան լավ են աշխատել առաջին կիսամյակում, այնքան դրական ցուցանիշներ են արձանագրել, որ ՔԿԾ պետով, տեղակալներով, ՔԿԾ բաժնի պետերով, հիմնարկների պետերով ամփոփումը հաջորդ օրը ամփոփեն Ծաղկաձորում, տոնական սեղանի շուրջ շքեղ բաժակաճառերով։ Պետք է նշել սակայն, որ շքեղ փարթիին ՔԿԾ պետի որոշ տեղակալներ, բաժնի պետեր և հիմնարկի պետեր չեն մասնակցել՝ «անձնական խիստ» ծանրաբեռնվածությունից ելնելով։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ կաշառքի գործով կալանավորվել է Ռոմանոս Պետրոսյանի սանիկ, Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը։ ՔԿ հիմնարկում նա հաստատ խնդիր չի ունենա, Ռոմանոս Պետրոսյանը կարող է չմտահոգվել, չէ՞ որ ՔԿԾ պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը դեռ իր տեղում է, չնայած ՔԿԾ-ում խոսակցություններ կան, որ Սահակ Գրիգորյանը ևս շուտով կարող է տեղափոխվել ՀէՑ, եթե իհարկե, իր հովանավորը՝ Ռոմանոս Պետրոսյանը, մնա այնտեղ:
Եվ վերջում:
Ծովինար Թադևոսյանը, իհարկե, հասկանում է, որ սա իր վերջին բարձր պաշտոնն է, որ Նիկոլի թվին ստացել է ինքը, որովհետև նորմալ պետության պարագայում ինքը երազել անգամ չէր կարող նույնիսկ իր նախկին պաշտոնի մասին: Ու պարզ է, որ ամեն բան պիտի անի՝ հնարավորինս երկար իր տեղում մնալու և դրա բարիքներից օգտվելու համար: Դրա համար կարող է անգամ ուրանալ հավատը, տեսականորեն՝ նաև ընկերուհիներին, թիմակիցներին, կարող է մի անգամ էլ դիմել Փաստաբանների պալատ՝ զանցանք գտնելով Բագրատ և Միքայել սրբազանների պաշտպանների արարքների մեջ, և կարևոր չէ՝ կլինե՞ն այդպիսիք, թե՞ ոչ: Կարող է անգամ ավելի բարդացնել սրբազանների կյանքը քրեակատարողական հիմնարկում: Բայց երբ պահը գա, Նիկոլ Փաշինյանը դա չի գնահատելու, ինքն էլ, ինչպես իր նման շատերը, դուրս է շպրտվելու, երբ էլ իր կարիքը չլինի:
Բայց կա դրա կողմնակի վատ էֆեկտը. Նիկոլ Փաշինյանը դա չի գնահատի, իսկ էսօրվա վաղը ամեն դեպքում կա: Վաղը Ծովինար Թադևոսյանը միգուցե ունենա Եկեղեցու սրբազան հայրերից որևէ մեկի կամ մեկ այլ, պարզ հոգևորականի կարիք… Իսկ եկեղեցին սկսել է հիշել: